Sunday, April 15, 2012

ԲՀԿ ներկայացուցիչ. «Աստծո համար տաճար կառուցած մարդը չի կարող ընտրակաշառք բաժանել»


2012 թվականի ԱԺ ընտրությունների նախաշեմին քաղաքացիների իրազեկության բարձրացման նպատակով «Հասարակական երկխոսությունների եւ նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն հանրապետության հինգ մարզերում` Շիրակ, Լոռի, Տավուշ, Գեղարքունիք, Կոտայք, խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանրային քննարկումներ է կազմակերպում:
Քննարկումների նպատակը հանրությանն անկողմնակալ եւ անմիջական տեղեկատվություն  տալն է  կուսակցությունների` վերջին տարիներին կատարած գործունեության մասին:
«Մեր նպատակը հանրությանը իրազեկելն է, որպեսզի քաղաքացին հնարավորություն ունենա լսել, հասկանալ, իր հարցերի պատասխանները ստանալ, կողմնորոշվել: Մյուս կողմից էլ`միանգամայն չեզոք դաշտում հնարավորություն ենք տալիս քաղաքական ուժերին հանդես գալու, հանրությանը ներկայացնելու, թե ինչ են արել, եւ այժմ  ինչ են պատրաստվում անել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Հենք» ՀԿ-ի նախագահ Ժաննա Դոխոլյանը:
Լոռու մարզային գրադարանում քննարկման մասնակից վանաձորցիներին «Ժառանգություն», «Օրինաց երկիր» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների ներկայացուցիչները ներկայացրին ԱԺ-ում վերջին հինգ տարիների ընթացքում իրենց կուսակցությունների կատարած աշխատանքները, ձեռքբերումները, ինչպես նաեւ վանաձորցիները հնարավորություն ունեցան ծանոթանալու նրանց նախընտրական ծրագրերին եւ իրենց հարցերն ուղղել:
Վանաձորցիներին հուզող հարցերը տարաբնույթ էին:
«Ի՞նչ կասեք կոռուպցիայի մասին: Ճի՞շտ է, որ կաշառքով գնում եք մարդկանց ձայները»` հարցին կուսակցությունների ներկայացուցիչները միաբերան պնդեցին, որ նման բան չկա, մասնավորապես իրենց կուսակցություների շարքերում:
«Աչքով էլ տեսնեք, չհավատաք: Դա հնարավոր չէ, հարցրեք կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչներին»,-ասաց «Ժառանգություն» կուսակցության Վանաձորի ստորաբաժանման ղեկավար Գառնիկ Սահակյանը, ով նաեւ իր կուսակցության կողմից մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է որպես  պատգամավորության թեկնածու, բացի այդ` սպասվող ընտրություններին կուսակցության համամասնական ցուցակում 13 –րդն է:
«Եթե որեւէ մեկը կարողանա ասել, որ երբեւիցե մի անգամ «Օրինաց երկիր» կուսակցությունը փող է բաժանել, ապա ես ներողություն կխնդրեմ բոլորից»,-ասաց կուսակցության վարչության անդամ Սամվել Գյուլբեկյանը, ում անունը, ըստ http://www.elections.am-ի, եւս տեղ է գտել «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակում:
ԲՀԿ Վանաձոր-Գուգարք տարածաշրջանների քաղխորհրդի անդամ Ալբերտ Ժամհարյանն էլ պնդեց,   որ այդ թեման շատ խորթ  է իրենց կուսակցությանը:
«Աստծու կողմից ընտրված մարդը , Աստծու համար տաճար կառուցած մարդը չի կարող ընտրակաշառք բաժանել»,-Գագիկ Ծառուկյանի անձը նկատի ունենալով բացատրեց  ԲՀԿ-ի  ներկայացուցիչը:
Իսկ թե ինչ երաշխիքներ են տալիս կուսակցությունները, որ ընտրվելուց հետո կկատարեն իրենց նախըտրական խոստումները, կուսակցությունների ներկայացուցիչները հիշեցման կարգով մատնանշեցին նախորդ տարիների ծրագրերը, որոնց բոլոր կետերը, համաձայն իրենց, ի  կատար են ածվել:
Վանաձորցիներին առավել հուզում էր գործազրկության, արտագաղթի, դեմոգրաֆիայի, բուհն ավարտելուց հետո աշխատանքային փորձ պահանջելու  հետ կապված խնդիրները:
Անուշ Բուլղադարյան
Վանաձոր 

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.