Wednesday, October 12, 2011

Գծատերերը նորից կռվում են

Հոկտեմբերի 11-ին ժամը 18 .00-ի սահմաններում Արմավիրի կենտրոնական ավտոկայանում կրկին վեճի էին  բռնվել Ամավիր-Երևան երթուղային գծի տերերը: Ինչպես քաղաքացիներն են ասում, գծատերեր, ԱԺ պատգամավոր Նահապետ Գևորգյանը և Շուշան Խաչատրյանը (Նովոն ու Շուշոն, վարորդներն այդպես են անվանում) նորից երթուղիների վեճ էին սկսել: Ըստ վավորդների պատմածի, Շուշանն, ով ավելի կարող ուժ է համարվում, Երևանի Կիլիկիա ավտոկայանում թույլ չի տալիս, որպեսզի Նահապետ Գևորգյանին պատկանող մեքենաները կայանեն ավտոկայանում, ըստ այդմ Նահապետ Գևորգյանն էլ իրեն ավելի զորեղ զգալով Արմավիրում, որոշել է թույլ չտալ, որպեսզի Շուշան Խաչատրյանի երթուղային տաքսիները կայանեն Արմավիրի ավտոկայանում:

Հոկտեմբերի 11-ի երեկոյան անհամաձայնությունն այնքան թեժացավ, որ երկու կողմերն էլ Արմավիրի ավտոկայանում որոշեցին միմյանց դեմ դուրս գալ և թույլ չտալ մյուսի երթուղային տաքսու մեկնումը մայրաքաղաք: Անձնական ավտոմեքենաներով փակելով երթուղային տաքսիների ճանապարհը: Հենց այստեղ էլ կռիվը թեժանում է, և սկսվում քաշքշուկն ու ծեծկռտուքը:

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունից տեղեկանում ենք, որ հոկտեմբերի 11-ին ժամը 22-ի սահմաններում Իշխան Մարտինի Մելքոնյանը («Գալակտիկա Տրանս Սերվիս» ՍՊԸ վարորդ) ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն հաղորդում է տալիս այն մասին, որ նույն օրը ժամը 18-ի սահմաններում Արմավիր-Մեծամոր ճանապարհի 1-ին կմ –ին (ավտոկայանի տարածքում) վիճաբանության ժամանակ Բագրատ Քաջիկի Գևորգյանը ձեռքով հարվածել է դեմքին` պատճառելով ֆիզիկական ցավ: Մելքոնյանը հրաժարվել է դատաբժշկի ուղեգրից: Ձեռնարկվել են միջոցառումներ Բ. Գևորգյանին հայտնաբերելու ուղղությամբ, կատարվում է հետաքննություն:

Ավտոկայանի աշխատակիցները, չցանկանալով իրենց անունները նշել, պատմում են, որ Նովո – Շուշո հակամարտությունը ավտոկայանում սկսվել է այս տարվա մայիս ամսից: Ասում են պարբերաբար գալիս են իրար վրա գոռում, տրանսպորտի երթևեկության կարգը խանգարում , իբրև համաձայնության գալիս ու մի քանի օր հանդարտվում, հետո նորից ու նորից նույն պատմությունները: Վերջիններս պատմում են նաև, որ գծատերերն իրար մեղադրում են երթուղային տաքսիների չհայտարարագրված առկայության համար ևս, բացի այդ խախտվում է նաև երթուղային տաքսիների մեկնման ժամանակացույցը, ասում են վարորդները սպասում են մինչև երթուղայինը լիքը լինի, այնինչ կան հստակ ժամեր, ըստ որի անկախ մարդկանց քանակից երթուղային տաքսին պետք է դուրս գա ավտոկայանից և ուղևորվի դեպի Երևան:

Վեճն այս պահի դրությամբ հանդարտվել է, ոստիկանության Արմավիրի մազային վարչության աշխատակիցները հատուկ հսկողություն են սահմանել Արմավիրի ավտոկայանում, վերահսկողում են երթևեկությունը և հետևում , որպեսզի կուտակումներ չառաջանան :

Այս պահին ավտոկայանը ոչ թե դատարկ է, այլ կանոնակարգված, կատակում են երթուղայինների վարորդները:

Միջադեպի արդյունքում տաքսիներին դուրս են բերել ավտոկայանից, որոնք արդեն երկար տարիներ կայանում էին Արմավիրի ավտոկայանում: Գծատերերի վեճի արդյունքում պարզվել էր, որ տաքսիների կայանումն ավտոկայանի ներսում անօրինական է, ըստ այդմ ավտոկայանի տնօրենը և ոստիկանները վարորդներին դուրս էին հրավիրել ավտոկայանից: Ըստ տաքսու վարորդների, տաքսիները ավտոկայանում կայանելու համար ամսական գումար են վճարում ավտոկայանի տնօրենին  , թե որքան՝ վարորդները չցանկացան հայտնել:

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.