Զրկված է թոշակ ստանալու իրավունքից


Երբ 10-ամյա Գագիկը դեռ փոքր էր, մայրը նկատեց, որ երեխան դժվարությամբ է միզում, ավելին՝ նրա հագուստն իր տարեկիցների հագուստի նման չէր խոնավանում: Վանաձորում Գագիկի մորն ասել էին, որ երեխայի լյարդն է հիվանդ:
Սակայն երբ հինգ տարի առաջ երեխան դժվարացված միզարձակման կապակցությամբ հետազոտվեց Երեւանի «Արաբկիր» բժշկական կենտրոնում՝ սարսափեց: Հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է երկկողմանի միզապարկ-միզածորանային ռեֆլյուքս 4-5 աստիճանի, երկրորդային պիելոնեֆրիտ, աջ միզածորանի բացվածքի էկտոպիա, ռեֆլյուքս նեֆրոպաթիա:
«Երիկամների ֆունկցիայի խանգարում է, մեկ տարի առաջվա տվյալներով՝ ձախ երիկամը 25 տոկոս է գործում, աջը՝ 75: Երկու ամիս է՝ ազոտն է բարձր: Իջեցնելու համար այնքան սոդայաջուր է խմել, հիմա էլ ստամոքսն է սկսել ցավել»,- որդու վիճակի մասին է պատմում մայրը՝ Վարդուհի Կարապետյանը:
10-ամյա Գագիկի երիկամները չափահաս մարդու երիկամների չափ են, քանի որ օրական մի քանի կաթիլից շատ երեխան չի կարողանում միզել, ինչի արդյունքում այն հավաքվում է բաժակաավազանում՝ ազդելով երիկամների չափի վրա:
Այժմ էլ Գագիկը բնական ճանապարհով չի միզում: Մեկ տարի առաջ Գագիկին վիրահատել են Գերմանիայում, եւ երիկամները փրկելու համար կատարել միզածորանների իմպլանտացիա ուղիղ աղու մեջ: «Արեցին, որ փրկեն երեխայիս կյանքը, հակառակ դեպքում երիկամներից մեկը պետք է հեռացվեր»,- բացատրում է մայրը, ում այժմ գումար է անհրաժեշտ, որպեսզի որդու հետ մեկնի Գերմանիա՝ երկարատեւ բուժում ստանալու համար. «Հիմա երկարատեւ բուժում է անհրաժեշտ, որը Հայաստանում չեն կարողանում անել: Բուժումից հետո, երբ երիկամների աշխատանքը նորմալանա, նորից վիրահատություն կանեն՝ ապահովելու համար միզելու բնական ճանապարհը»: Վարձով տանն ապրող միայնակ մոր համար, ով աշխատանք չունի, դժվար է հայթայթել պահանջվող ճանապարհածախսը. գերմանացիներն անվճար կանեն բուժումները, միայն թե երեխան տեղ հասնի: «Երկու անձի համար ամսական 19. 500 դրամ անապահովության նպաստ ենք ստանում, ոչ մի բանի չի հերիքում, իսկ երեխային հատուկ սննդակարգ է պետք ու տաք պայմաններ»,- ասում է մայրը: Տիկին Վարդուհին վրդովվում է, որ բժշկական կենտրոնի տված էպիկրիզում վերոնշյալ ախտանիշների ցանկում նշված չէ, որ երեխայի մոտ առկա է երիկամների ֆունկցիայի խանգարում, ինչի պատճառով Գագիկը զրկված է անգամ հաշմանդամության թոշակ ստանալու իրավունքից: «Չեն գրել, մի կերպ էպիկրիզը պոկեցի ձեռքներից, բայց չեն գրել, որ ֆունկցիան խանգարված է, բա ես էդ բժիշկներին ոնց վստահեմ»,- բողոքում է մայրը: Գագիկի ջերմությունը 41 աստիճանից չի իջնում, սրտխառնոցները, թուլությունն ու երիկամների շրջանում ցավերը նրա ամենօրյա ուղեկիցներն են: Երկու տարեկանից հիվանդանոցներից դուրս չեկած Գագիկը չի սիրում բժիշկներին: «Չեմ սիրում բժիշկներին, հոգնել եմ նրանցից էլ, դեղեր խմելուց էլ»,- ասում է նա: Տիկին Վարդուհու միակ հույսը Գերմանիայում սպասվող երկարատեւ բուժումն է: «Ինձ համար տարբերություն չկա, թե որ երկրում են բուժում՝ Հայաստանում, թե դրսում, բժիշկը հայ է, թե գերմանացի, միայն թե երեխուս վիճակը լավանա»,- ասում է Վարդուհի Կարապետյանը:
Օգնություն ստանալու ակնկալիքով նա դիմել է ՀՀ նախագահին, առողջապահության նախարարին:


Անուշ Բուլղադարյան
Վանաձոր
Աղբյուրը` www.aravot.am