Friday, March 9, 2012

Երանի մայիսը շուտ գար

Արմավիրի մարզկենտրոնը գյուղերին միացնող միակ կամրջի ասֆալտի ծածկույթը քարուքանդ վիճակում է: Քանի դեռ ձյունը և սառույցը լցրել էին ճանապարհի մանր ու մեծ փոսերը, երթևեկելը մի կերպ ստացվում էր: Հակառակի պես օրերը տաքացան, ձյունը հալվեց, փոսերը լցվեցին ջրով, իսկ երթևեկելու մասին խոսելը դարձավ երազանք:

Արմավիրցիները, տեսնելով քաղաքային իշխանությունների անտարբերությունը, ճանապարհի վերանորոգման վերջին հույսը կապում են մայիսի 28-ին Սարդարապատում կայանալիք Հանրապետության տոնի հետ: Տոնի կապակցութամբ ամեն տարի վերանորոգվում է Երևանից Սարդարապատի հուշահամալիր տանող ավտոճանապարհը, որտեղով ՀՀ նախագահը գալիս է մասնակցելու տոնակատարությանը:

Վարորդներն ասում են, որ այս տարի իրենց բախտը և բերել է, և չի բերել: Այսինքն, մի կողմից փոսերը իրենց մասշտաբով գերազանցում են նախորդ տարիների փոսերին, մյուս կողմից, կապված ՀՀ ազգային ժողովի ընտրութունների հետ, հնարավոր է նախընտրական քարոզարշավի ընթացքում որևէ մի թեկնածու այսպես ասած բարեգործություն անի, ու բանը մայիսի 28-ին չհասնի: Հնարավոր է նույն քարոզարշավի ընթացքում ասենք Արմավիրի մարզ այցելեն ՀՀ վարչապետը կամ ԱԺ նախագահը, հո կամուրջի փոսերով չե՞ն անցնելու, իրենք իրենց հուսադրում են վարորդները:

Ի դեպ, արմավիրցիները ճանապարհների աշխարհագրական դիրքից և վերանորոգման աշխատանքների որակից արդեն կանխատեսում են՝ ով է գալու և որտեղ է գնալու:

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.