Wednesday, August 17, 2011

ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ ԹՄՐԱՄԻՋՈՑ ԵՆ ՓՈԽԱՆՑԵԼ


Ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչում՝ նշելով, որ տեղյակ չի եղել փոխանցվող առարկայի մեջ թմրամիջոցի պարունակության մասին


Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահող դատավոր Նարինե Հովակիմյանի գլխավորությամբ, ընթանում է վանաձորցի 27-ամյա Գեւորգ Ոսկանյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Գեւորգ Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրօրի 266 հոդվածի 1-ին մասով, այն է՝ իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը:
Նրան սպառնում է ազատազրկում՝ 3-7 տարի ժամանակով: 
Մեղադրական եզրակացության համաձայն՝ ամբաստանյալն իրացնելու նպատակով ապօրինի պատրաստել, վերամշակել է 1,2 գրամ չորացված մարիխուանա տեսակի թմրամիջոց, այն մանրացրել եւ լցրել է «Վինսթոն» տեսակի ծխախոտի 3 գլանակների մեջ՝ նույն տեսակի ծխախոտի այլ գլանակների հետ միասին փաթեթավորելով «Վինսթոն» ծխախոտի տուփի մեջ: 
Թմրամիջոցը «Վանաձոր» ՔԿՀ-ի կալանավոր Հայկ Նազարյանին իրացնելու նպատակով ծխախոտի տուփը (2010թ. նոյեմբերի 28-ին) փոխանցել է Հայկի եղբորը, ով էլ հաջորդ օրը՝ նոյեմբերի 29-ին, փոխանցել է պաշտպան Սամվել Թամազյանին՝ չիմանալով, որ ծխախոտի տուփի մեջ թմրանյութ կա: 2010թ. նոյեմբերի 29-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում գողություն կատարելու մեջ մեղադրվող Հայկ Նազարյանի դատաքննության ժամանակ նրա պաշտպան Սամվել Թամազյանը ծխախոտի տուփը փոխանցել է Հայկին: Դատարանի վարչական շենքում Հայկ Նազարյանի անձնական խուզարկությամբ թմրամիջոցը հայտնաբերվել եւ վերցվել է ՈԼՄՎ ուղեկցող դասակի ոստիկանության աշխատակիցների կողմից:
Գեւորգ Ոսկանյանի պաշտպան Գուրգեն Հարությունյանը, սակայն, ասում է, որ իր պաշտպանյալը մեղադրվում է 1 անձի տված հակասական ցուցմունքների հիման վրա, բացի այդ՝ առանց համապատասխան փորձաքննությունների՝ նախաքննական մարմինը որոշել է, որ թմրանյութը Գեւորգն է պատրաստել: 
«Իմ պաշտպանյալը չի հերքում, որ սիգարետ է փոխանցել, բայց իրեն էլ ուրիշն է տվել, ինքն էլ վերցրել է Հայկին փոխանցելու նպատակով, առանց իմանալու տուփի պարունակության մասին: Սակայն նախաքննական մարմինը անհիմն է համարել նրա ասածները եւ առանց տոքսիկաքիմիական փորձաքննության, առանց ձեռքից քսուքներ, հետքեր վերցնելու՝ անհիմն մեղադրել թմրանյութ պատրաստելու եւ իրացնելու մեջ»:
Պաշտպան Հարությունյանը նշում է, որ Գեւորգ Ոսկանյանին առաջադրված մեղադրանքում նրա մեղքը հիմնավորող ապացույցների շարքում նշված բացատրությունը վերցնելու արձանագրությունը դատարանը անթույլատրելի է համարել. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասը սահմանում է որպես ապացույց թույլատրվող նյութերի սպառիչ ցանկը, իսկ նույն օրենսգրքի 19-րդ գլխում նշված են ապացույցների տեսակները: Օրենքի նշված դրույթներում բացատրությունները քրեական դատավարությունում որպես ապացույց օգտագործելու հնարավորության մասին մեկ բառ անգամ չկա»: Բացի այդ՝ բացատրություն վերցնելիս չեն պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ցուցմունքներին ներկայացվող մի շարք պահանջներ. «Մասնավորապես, իմ պաշտպանյալը չի տեղեկացվել, թե որ գործով է կանչվել, չի բացատրվել, որ նա պարտավոր չէ ցուցմունք տալ իր վերաբերյալ, կարող է ներկայանալ փաստաբանի հետ, ցուցմունքներ տալ փաստաբանի ներկայությամբ»:
Պաշտպանի համոզմամբ՝ առարկաները զննելու եւ վերցնելու ընթացքում թույլ են տրվել ՀՀ օրենսդրության մի շարք էական խախտումներ, արձանագրությունն էլ կազմվել է օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ: «Զննության ընթացքում օգտագործվել է տեխնիկական միջոց՝ ոսկերչական կշեռք, սակայն տեխնիկական միջոցներ կիրառելուց առաջ այդ մասին նախօրոք քննչական գործողության կատարմանը մասնակցող անձինք տեղյակ չեն պահվել: Քրեական գործը Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է 2010 թվականի դեկտեմբերի 1-ին, մինչդեռ հետաքննիչ Ա. Մոսինյանը առարկաները զննելու մասին արձանագրությունը կազմել է 2011 թվականի նոյեմբերի 29-ին, այսինքն՝ մինչեւ քրեական գործի հարուցումը: 
Արձանագրությունում նշված է, որ զննումը կատարել է ոստիկանության Վանաձորի բաժնի հետաքննիչը, սակայն, պաշտպանի հավաստմամբ, ՀՀ ոստիկանության համակարգում «հետաքննիչի» պաշտոն գոյություն չունի: 
«Փաստորեն, արձանագրությունը կազմել է ինքնակոչ մեկը»,-բացատրում է պաշտպանը՝ հավելելով, որ նշված արձանագրությունը եւ դրանով վերցված առարկան չեն կարող օգտագործվել որպես ապացույց թույլատրվող նյութ եւ դրվել ամբաստանյալների մեղադրանքի հիմքում:
Գործի շրջանակներում գողություն կատարելու մեջ մեղադրվող Հայկ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել՝ այս անգամ ՀՀ քրօրի 268 հոդվածի 1-ին մասով: Նա մեղադրվում է առանց իրացնելու նպատակի զգալի չափի՝ 1.2 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու եւ պահելու մեջ: 
Նա իրեն մեղավոր չի ճանաչել եւ հրաժարվել է ցուցմունքներ տալուց: Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդի որոշմամբ՝ փաստաբան Սամվել Թամազյանն էլ մեղավոր է ճանաչվել փաստաբանի վարքագծի կանոնակարգի 8-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների խախտման համար: Նրա նկատմամբ նշանակվել է տույժ՝ նկատողության տեսքով: 

Անուշ Բուլղադարյան
Վանաձոր
Աղբյուրը՝ www.aravot.am


0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.