Wednesday, August 10, 2011

ՀԻՄԱ ԷԼ ՍԱՔՈՒՆՑԻ ԴԵՄ


Մինչ փաստաբան Էդմոն Մարուքյանը պնդում է, որ իրավապաշտպանը չի զրպարտել Լեռնապատի համայնքապետին,  վերջինս շարունակում է հակառակը պնդել


Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Բորիկ Գրիգորյանի նախագահությամբ, ընթանում է Լոռու մարզի  Լեռնապատ համայնքի ղեկավար  Վանո Եղիազարյանի հայցադիմումի քննությունը՝ ընդդեմ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հ/կ  նախագահ Արթուր Սաքունցի: 
Լեռնապատի համայնքապետը իրավապաշտպան կազմակերպության նախագահին մեղադրում է  իր պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը արատավորելու մեջ:  2010թ. դեկտեմբերի 8-ին «Վանաձորյան խճանկար» թերթին տված հարցազրույցում իրավապաշտպան Սաքունցը, խոսելով կոռուպցիայի մասին, նշել էր՝ «Կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված ահազանգերը համարժեք քննություն չեն ստանում: Վառ օրինակ էին Լեռնապատի գյուղապետի կատարած մի շարք գործողությունների վերաբերյալ ահազանգերը՝ տեղական բյուջեի միջոցների վատնում, ինքն իրեն եւ իր ընտանիքի անդամներին գույքահարկից ազատելու որոշում»:
Վերոնշյալ արտահայտությունները Լեռնապատի համայնքապետը զրպարտություն է համարում՝ նշելով, որ ինքը չի վատնել տեղական բյուջեն, առավել եւս՝ ինքը օրենքով լիազորված չէ  իրեն եւ իր ընտանիքի անդամներին ազատելու գույքահարկից:
«
Ավագանին է որոշում՝ գույքահարկից ազատե՞լ, թե՝ ոչ: Մանավանդ իմ բարեկամների հետ կապված դեպքերում որոշումներ  կայացնելիս ձեռնպահ եմ մնում՝ փորձելով չխառնվել»,- դատարանում բացատրում էր Վանո Եղիազարյանը: Լեռնապատի համայնքապետը նաեւ հերքում է իր բարեկամներին օգնություններ բաժանելու մեղադրանքները, պարզաբանելով, որ այդ հարցը եւս կարգավորվում է համայնքի ավագանու կայացրած որոշումներով:  
«
Ես ոչ ոքի օգնություն չեմ տրամադրել: Ինչպես ՀՀ բոլոր քաղաքացիները, այնպես էլ  իմ հարազատների ու ծնողների՝ օգնություն ստանալու դիմումները բավարարվել են համայնքի ավագանու որոշումներով: Ես օգնություն տալու լիազորություն չունեմ»,- բացատրում է համայնքի ղեկավարը:
Լեռնապատի համայնքապետը պահանջում է զրպարտության համար պարտավորեցնել Արթուր Սաքունցին՝ նույն թերթի միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները եւ հօգուտ իրեն բռնագանձել 2.000.000 ՀՀ դրամ, ինչպես նաեւ փոխհատուցել դատական ծախսերը:
Պատասխանողի ներկայացուցիչ, փաստաբան Էդմոն Մարուքյանը, սակայն, իրավապաշտպան կազմակերպության ղեկավարի արած արտահայտություններում զրպարտություն չի տեսնում. Իր արտահայտություններով, Արթուր Սաքունցն ընդամենը  քննադատել է Վանո Եղիազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում  նախաքննական մարմնի անգործությունը:  
«
Այստեղ պատվի, արժանապատվության խնդիր ես չեմ տեսնում,- ասում է փաստաբանը,- Սաքունցը բարձրացրել է նախաքննական մարմնի կողմից  գործի ոչ պատշաճ քննություն իրականացնելու հարցը, նա չի զրպարտել համայնքի ղեկավարին»: Փաստաբանն ասում է, որ կազմակերպությունը Լեռնապատի բնակիչներից բազմիցս հաղորդումներ է ստացել այն մասին, որ համայնքապետը քրեական գործով անցնող վկաների վրա ճնշումներ է գործադրում՝ ստիպելով, որ վերջիններս փոխեն իրենց տված ցուցմունքները կամ այլ ցուցմունքներ տան՝ նպատակ հետապնդելով այդկերպ կարճելու իր նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը:
Այս պարագայում ՀՔԱՎ ղեկավարը բազմիցս անդրադարձել է ընտրված խափանման միջոցը կալանավորումով փոխարինելու հարցին՝ հաշվի առնելով, որ ազատության մեջ մնալով՝ համայնքի ղեկավարը խախտում է  ՀՀ քրդատավարության 135 հոդվածի պահանջները, այն է՝ խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը, քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրել: Լոռու մարզի Լեռնապատ համայնքի ղեկավար Վանո Եղիազարյանի դեմ ոստիկանության Լոռու մարզային վարչությունում քրգործ է հարուցված: Համայնքապետը մեղադրվում է պաշտոնեական կեղծիքի եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ յուրացնելու մեջ: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը:



Անուշ Բուլղադարյան
Վանաձոր
Աղբյուրը՝ www.aravot.am 

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.