Wednesday, August 24, 2011

Գյումրեցիների կյանքը խոնավ է....


Թե միջոցներ ձեռք չառնեն, ապա հետագայում խնդրի դեմ պայքարելը կբարդանա: Վտանգն օրեցոր ակնառու է դառնում՝ բողոքում են գյումրեցիները: Խոսքը վերաբերվում է քաղաքի տակ գտնվող կոյուղագծերին, այլ կերպ ասած քյարիզներին: Գյումրիում այսօր քայարիզի 5 ճյուղ կա: Խնդրի մասին տեղյակ են կառավարությունում, սակայն այն վերացնելու համար բյուջեում գումար չեն գտնում:

Գիտական ուսումնասիրությունները պարզել են, որ Կումայրի` ներկայիս Գյումրու, բնակիչները 17-րդ դարում ապրել են նաեւ գետնի տակ`խորշերում կամ թունելներում` հիմնականում թշնամիներից պատսպարվելու համար: Դրա համար գետնի տակ ջուր ու կոյուղի են անցկացրել ու դրանց անվանել քյարիզներ: Հետագայում այդ թունելների վրա թաղամասեր են կառուցվել, ու ջրի ակունքները մնացել են գետնի տակ: Հիմա քաղաքի տարածքով 5 քյարիզի գիծ է ձգվում՝ հյուսիսից հարավ: Դրանցից մեկը սկիզբ է առնում նախկին տեքստիլ կոմբինատի տարածքից , դուրս է գալիս անկախության հրապարակ, ապա այդտեղի շարունակվում է մինչեւ Սայատ-Նովա փողոց ու հասնում Հաղթանակի պողոտա: Մյուսը Շիրակացու փողոցի երկայնքով է ձգվում: Մնացած 3 էլ դրանց միջնամասում են:

Այս փողոցների տները միշտ խոնավ են: Թե ամռանը խոնավությունը փորձում են վերացնել բաց պատուհանների օգնությամբ, ապա ձմեռը վիճակն ավելի է բարդանում՝ կիսախոնավ վառարանը ոչ մի կերպ տաքացնել հնարավոր չէ: Այստեղ միշտ ցուրտ է, ասում է տանտերը: Բրադ են նաեւ վերանորոգման հետ կապված գործերը:

Խնդրի մասին տեղյակ են պետական մարմինները: Այն բազմիցս է ուսումնասիրվել: Անցած տարեվերջին քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչներն եկան Գյումրի ու տեղի մասնագետների հետ հատուկ հանձնաժողով կազմվեց, որը պետք է վերջնական ուսումնասիրություն կատարեր եւ կառավարությանը խնդրի լուծման համար անհրաժեշտ գումարի չափը ներկայացներ:

Հանձնաժողովը 100մլն դրամ է պահանջել: Ֆինանսների նախարարությունից պատասխան է հնչել՝ այդքան գումար չկա եւ հարցը փակվել է: Հանձնաժողովը այժմ փորձում է կրճատել պահանջված գումարը եւ կրկին դիմել կառավարությանը: Սակայն կրճատման ոչ մի միջոց դեռ չի գտնվել:

Արմինե Ավետիսյան

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.