Monday, August 29, 2011

Անունով` «Էլիտար» շենք


Մեկ ամիս առաջ  Վիվա Սել ընկերությունը պատահականության սկզբունքով  Վանաձորի տնակային ավանի անապահով 20 ընտանիքների հարևանությամբ` Նալբանդյան 5 հասցեում կառուցված Էլիտար շենքի բնակարանները  գնեց և նվիրեց տարիներով բնակարանի մասին երազած մարդկանց: 6 ընտանիքների 10 երեխաները  «Օրրան» հասարակական կազմակերպության շահառուներն են: Նրանց բնակարանամուտը շնորհավորեցին   և խորհրդանշական նվերներ հանձնեցին օրրանցիները:
   «Շատ կարևոր է, որ եվրոպական առաջատար երկրների փորձը միայն ՀՀ-ի  մայրաքաղաքում չէ կիրառվում, և կորպորատիվ կազմակերպությունները բարեգործական ծրագրեր են իրականացնում»,-ասում է Օրրան հկ-ի  Վանաձորի մասմնաճյուղի ղեկավար Մարիամ Մանուչարյանը : 
   Օրրանի շահառու բոլոր երեխաները ծնվել ու մեծացել են տնակում: Նրանցից շատերի համար բնակարան չունենալը ընկերներից խուսափելու ու մեկուսանալու առիթ էր դարձել`  ամաչում էին  ընկերներին  տուն հրավիրել:   
  Տանտիկինների համար  նոր բնակարան ունենալը նոր հոգսեր է բերել. տարիներով տնակում ապրելով`   նրանք կոմունալ վարձեր չեն մուծել,  ձմռանը վառել են ինչ պատահի, այժմ նախատեսում են լույսով տաքանալ`   շենքը թեպետ գազաֆիկացված է, սակայն նորաբնակները, որ նախկին տնակային ավանի բնակաիչներ են և անապահով, չեն կարողանում իրենց միջոցներով բնակարանները գազաֆիկացնել,  բարձր հարկերի բնակիչները  բողոքում են նաև ջրից,  իսկ բոլորի համար  մեծ խնդիր է վերելակի  անսարքությունն ու   լվացք փռելու տեղ չունենալը: Լվացքի թոկեր կախելու համար դիմել են Վանաձորի քաղաքապետարան, բայց պատասխանել են, որ չորանոցներ ու  չորացնող մեքենաներ պետք է գնեն: Լվացք փռելու համար  էլիտար շենքի բնակիչները հերթ են կանգնում: Շենքում նորածին երեխաներ կան,  առաջնահերթությունը նրանցն է: Բաց պատշգամբ ունեցողները չորանոց դնելու հնարավորություն ունեն, բայց գնելու հանարավորություն չունեն, նրանք էլ դժգոհում են անձրևաջրերից. շենքի թեքության պատճառով  անձրևը  բաց պատշգամբից դեպի ներս է հոսում:
    Դեռ չեն հասցրել կարգին ուրախանալ, ամեն կողմից մի խնդիր է առաջանում, շենքում պատերից արդեն ծեփեր են թափվում, լոգարանի ու սանհանգույցի դռների շրջանակներն են պոկվում, այնպիսի տպավորություն է, թե  շենքի միայն անունն է էլիտար:  

Լիլիթ Յոլչյան

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.