Անահիտ Պետրոսյանը շուրջ 9 ամիս զրկված է աշխատելու իրավունքից, չնայած Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը պարտավորեցրել էր ընկերությանը վերականգնել նրան նախկին աշխատանքին։
ՀՀ վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Թումանյանի մասնաճյուղի սպասարկման բաժնի նախկին պետ Անահիտ Պետրոսյանի բողոքը և գործն ուղարկվել է նոր քննության:
«ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի ներկայացուցիչ Միհրան Խաչատրյանը բացատրում է, որ Անահիտ Պետրոսյանի կողմից չի պահպանվել գաղտնաբառի գաղտնիությունը, հայցվորի մուտքի գաղտնաբառն իմացել են մյուս աշխատակիցները, ինչի արդյունքում բանկը կրել է մոտ 165.000 ՀՀ դրամի վնաս:
Բանկի վնաս կրելու փաստը հաստատվել է ներքին աուդիտի կողմից կատարված նպատակային ստուգման արդյունքում: Պարզվել է, որ կատարված հինգ գործարքների գծով բացակայել են ելքի դրամարկղային օրդերները:
Գործարքներն իրականացվել են նույն մասնաճյուղի սպասարկման բաժնի մասնագետ Ալիկ Շահվերդյանին ամրակցված համակարգչից, նույն բաժնի մասնագետ Նաիրա Սարգսյանի ծրագրային բազա մուտք գործելու գաղտնաբառով, որոնք հաստատվել են նույն բաժնի պետ Անահիտ Պետրոսյանին ամրակցված համակարգչից և նրա ծրագրային բազա մուտք գործելու գաղտնաբառով:
Ըստ վերոնշյալ անձանց գրավոր բացատրությունների' գործարքների կատարման ժամանակահատվածում սպասարկման բաժնում եղել է միայն Ալիկ Շահվերդյանը:
Վերջինիս նկատմամբ ՀՀ քրեակա օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասով (գողություն) հարուցվել է քրեական գործ։ Նա աշխատելով «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Թումանյանի մասնաճյուղում որպես մասնագետ, Նաիրա Սարգսյանի գաղտնաբառի օգտագործմամբ 2010թ. նոյեմբերի 9-ին կեղծ տվյալներ մուտքագրելով' կատարել է 5 ելքային գործառույթներ, որոնք բաժնի պետ Անահիտ Պետրոսյանի գաղտնաբառով նրա համակարգչով հաստատել է և դրամարկղից հափշտակել 164.692 ՀՀ դրամ գումար:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ալիկ Շահվերդյանին մեղավոր է ճանաչել և պարտավորեցրել նրանից բռնագանձել վնասը հօգուտ ընկերության:
Իսկ Անահիտ Պետրոսյանին էլ անվստահության հիմքով ազատել են աշխատանքից: Ա. Պետրոսյանը պնդում է, որ իրեն անհիմն են ազատել. ինքը մեղավոր չէ, որ իր գաղտնաբառն իմացել է այլ աշխատակից:
«Ես այն ոչ ոքի չեմ տրամադրել, անփույթ չեմ եղել: Եթե անգամ իմ աշխատանքի ընթացքում գաղտնաբառը տեսել են, հավանաբար պատճառն այն է, որ գործատուն չի ապահովել համակարգիչների համապատասխան հեռավորությունը միմյանցից»,-բացատրում է նա:
Փաստաբան Ռոման Կոնինյանն էլ ավելացնում է, որ դատաքննությամբ հաստատվել է, որ Անահիտ Պետրոսյանը սպասարկելիս չի կատարել այնպիսի արարքներ, որի հետևանքով գործատուն կկրեր նյութական վնաս:
«Ընկերության կողմից դեռ 2007 թ. ընդունված ցանցային պաշտպանության կարգը անհատական իրավական ակտ է և պարունակում է այնպիսի դրույթներ, որոնք հայցվորի համար ավելի անբարենպաստ են, քան այն դրույթները, որոնք պարունակվում են ՀՀ աշխատանքային օրենսգրքում: Հետևաբար, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն' «Ցանցային պաշտպանության կարգը» չի կարող հիմք ընդունվել աշխատանքից ազատելու համար»,-ասում է փաստաբանը:
Բացի այդ, փաստաբանի կարծիքով, հայցվորին աշխատանքից ազատել են խախտումը հայտնաբերելուց 1,5 ամիս անց' շրջանցելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 227 հոդվածի 1-ին կետը:
«Համաձայն այդ հոդվածի' կարգապահական տույժը կարող է կիրառվել խախտումը հայտնաբերելուց հետո' մեկ ամսվա ընթացքում»,- նշում է Ռոման Կոնինյանը:
2011թ. մարտի 4-ին Անահիտ Պետրոսյանը դիմել էր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան' պահանջելով պարտավորեցնել ընկերությանն իրեն վերականգնել նախկին աշխատանքում: Դատարանն ամբողջությամբ բավարարել էր բողոքը' պարտավորեցնելով վերականգնել նրան աշխատանքի' որպես սպասարկման բաժնի պետ:
ՀՀ վերաքննիչ դատարանն էլ բեկանել էր իր նախորդի կայացրած որոշումը' գործն ուղարկելով նոր քննության: Դիմելով ՀՀ վճռաբեկ դատարան' Ա.Պետրոսյանի փաստաբան Ռոման Կոնինյանը պահանջում էր ամբողջությամբ բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2011թ. հուլիսի 28-ի որոշումը և օրինական ուժի մեջ թողնել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի հունիսի 1-ին կայացրած վճիռը: Սակայն Վճռաբեկ դատարան չի ընդունել բողոքը և ուժի մեջ է մտել Վերաքննիչ դատարանի վճիռը։
Դեկտեմբերի 12-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր' Վարդուհի Հովնանյան) կսկսվի այս գործով նոր քննություն:
Փաստաբանը հույս է հայտնում, որ առաջին ատյանի դատարանը կրկին կպաշտպանի Անահիտ Պետրոսյանի աշխատանքային իրավունքները:
Անուշ Բուլղադարյան
Վանաձոր
Վանաձոր
Աղբյուրը՝ www.hra.am
0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.