Ամեն օր` կեսօրից հետո, տնային գործերն ավարտելուն պես միջահասակ, կանոնավոր դիմագծերով կինը շտապում է արհեստանոց, որտեղ իրար կողք կողքի սպասում են նրա փայտե զավակները:
Փայտե հին ժամացույցի տակ դրված կտորը վերցնելով` նա մոտենում է յուրաքանչյուր արձանիկի, խնամքով մաքրում նրանց վրա գիշերը նստած փոշու բարակ շերտն ու նստելով մի անկյունում` սկսում աշխատել…
Փայտը կերպարանափոխելն ու դրան շունչ ու տրամադրություն հաղորդելը 54-ամյա Սուսաննա Օհանյանի ողջ կյանքն է, որը ոչ մի վայրկյան չի դադարում ` անգամ քնած ժամանակ:
«Սա ինձ համար հեքիաթային մի աշխարհ է, ինքնաարտահայտման յուրօրինակ միջոց: Ամեն մի գործ ստեղծելիս չափազանց բծախնդիր եմ դառնում: Մի փայտի կտորից գործ ստեղծելու համար տաշեղ-տաշեղ, միլիմետր-միլիմետր հանելով` մետրերի ես հասնում: Արդյունքի հասնելու համար համբերություն ու գրագիտություն է պետք: Եթե աշխատանքդ գրագետ չարեցիր, ոչ ոք այն չի գնահատի, ու առաջ չես գնա»,- ասում է արհեստավոր կինը, իսկ նրա խոսելու ընթացքում տաշեղները թափվում են գետնին` մեծ կույտ դառնալով ու ազատելով իրենց ավելորդ բեռից ապագա արձանիկը:
Նրա արհեստանոցում իրար կողք կողքի գեղեցիկի յուրօրինակ մթնոլորտ են ստեղծում կանանց կիսանդրիները, մարդկային ձեռքը, ուխտավորի կոշտացած ու հոգնած ոտքը, հորովելի եզները, թումանյանական շարքը` մեկ կոճղի վրա ամփոփված, Մհեր Մկրտչյանի հիշատակին արված Գարսևանի տակառիկը, հող մշակող հղի կինը…
Օհանյանը միակ կինն է հանրապետությունում, ով զբաղվում է այս գործով, ինչի համար, նրա խոսքով, թե´ ֆիզիկական և թե´ հոգեբանական ուժ է հարկավոր` փայտի կտորներին կենդանի շունչ հաղորդելու համար:
Նա դեռ մանկությունից անտարբեր չէր բնության մասնիկները գեղեցիկի վերածելու գործի նկատմամբ: Երբ փոքր էր, քարհանքում աշխատող հայրը քարաբեկորներ էր բերում-թողնում բակում ու աշխատանքից ազատ ժամանակ խաչքարեր պատրաստում: Ինքն էլ հորը ջուր տանելիս մնում էր այնտեղ և հետաքրքրությունից ու զարմանքից լայն բացված աչքերով հետևում վարպետի ձեռքի նուրբ ու կուռ շարժումներին.
«Դատարկ քարը կարծես կենդանի շունչ էր ստանում` զարդարվելով գեղեցիկ նախշերով»:
Արդեն 38 տարեկան էր, երբ լրջորեն սկսեց փայտի հետ աշխատել:
Երբ 1995 թվականին կորցրեց հաշվապահի աշխատանքը, մի պահ թվաց, թե այս կյանքում ավելորդ է: Սակայն հիշեց, որ 19 տարեկանում շատ էր ուզում ընդունվել Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան, սակայն ընտանիքը չէր կարող համակերպվել նրա բացակայությանը: Դստերը սփոփելու համար հայրը փայտ էր բերում, ինքն էլ, ժամերով նստելով տան խաղաղ մի անկյունում, փայտից արագիլներ էր պատրաստում:
Հիմա, երբ արդեն 16 տարի փայտագործ է, ասում է, որ հաճախ փայտն ինքն է հուշում, թե ինչ է հնարավոր իրենից արարել:
Կյանքում ամենամեծ հաջողությունն ու հպարտությունը վանաձորցի կնոջ համար սիրած գործով զբաղվելու հնարավորություն ունենալն է: Նրա 227 փայտե ստեղծագործությունները բազմիցս ցուցադրվել են տարբեր թանգարաններում:
Վարպետն ասում է` իր բոլոր գործերը թանկ են ու սիրելի, բայց ամենաշատը փայփայում է այն քանդակները, որոնց հումքը հայրն է բերել իր համար: Կարոտով ու հիացմունքով Օհանյանը ցույց է տալիս իր ձեռքի չափով ստեղծված հոր ձեռքի փայտե տարբերակը. այն «Կարոտ» է անվանել:
«Ձեռքի մեջ ծխախոտ կա: Ծխախոտը վերջացել է, մարդն էլ` նրա հետ: Սա ինձ համար մասունք է, երբեք չեմ վաճառի»:
Ստեղծագործական աշխատանքը, ցավոք, նրա համար փող աշխատելու միջոց չէ, պատվերներ շատ չեն լինում: Կենցաղային խնդիրները լուծելու համար նախատեսված գումարով էլ հոգում է արհեստանոցի ծախսերը:
Այնուամենայնիվ, ասում է, որ եթե հնարավոր լիներ կրկնելու ամեն ինչ, նորից փայտից իրեր կպատրաստեր. «Այս գործն ինձ հոգի է տվել, ուժ, ճանաչում, հպարտություն, անգնահատելի արժեքներ են, չեմ փոխի ոչ մի բանի հետ»:
Նրա որդին ևս կարողանում է փայտե իրեր պատրաստել, ինչը մորը հույս է ներշնչում, որ ապագայում ֆինանսական դժվարություններ չեն ունենա, գուցե որդին շարունակի իր գործը.
«Գեղեցիկն ամենուր է, ամեն ինչի մեջ էլ կարող ես գեղեցիկը տեսնել: Օրվա մեջ ինչ հասցնում եմ, անում եմ այս (փայտե) աշխարհում, հետո նորից վերադառնում եմ իմ ընտանիք»:
Անուշ Բուլղադարյան
Վանաձոր
Աղբյուրը` www.medialab.am |
0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.