Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, ընթանում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ-ի) Վանաձորի մասնաճյուղի հեռակա ուսուցման բաժանմունքի վարիչ Հենրիկ Հակոբյանի դատաքննությունը:
64-ամյա Հենրիկ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրօրի 311 հոդվածի 1-ին մասով, 311 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, այն է՝ պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը, որը կատարվել է զգալի չափերով:

Հենրիկ Հակոբյանը, սակայն, չի ընդունում իրեն վերագրվող մեղադրանքը՝ բացատրելով, որ ինքը պաշտոնատար անձ չէ, բնականաբար, չէր կարող նպաստել Սարգիս Դիլբարյանի ընդունվելուն, առավել եւս՝ հովանավորչություն ցուցաբերել ուսման ընթացքում:
«Ես ոչ մի առավելություն չունեմ, ավելին՝ ոչ մի լիազորություն չունեմ մասնակցելու ընդունելության քննություններին կամ ինչ-որ մեկին պարտադրել: Իմ ոչ պաշտոնական իրավունքների, ոչ էլ պարտականությունների մեջ չկա մի կետ, որի համաձայն ես իրավունք ունեմ մարդ ընդունելու, առավել եւս՝ ընդունելությանը մասնակցելու: Ես ոչ առարկայական, ոչ ընդունող հանձնաժողովի մեջ չկամ: Այդ ընթացքում հանձնաժողովների անդամները դեռ հայտնի էլ չէին: Ես չէի կարող ազդել հանձնաժողովի մեջ եղող դասախոսների վրա»,-բացատրում է Հենրիկ Հակոբյանը:
Դատարանում Հենրիկ Հակոբյանի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Հակոբյանը (լուսանկարում) պարզաբանում է, որ իր պաշտպանյալը պարզապես խաբել է Սարգիս Դիլբարյանին:
«Նա խաբել է Սարգիս Դիլբարյանին, քանի որ վերջինիս հետ պայմանավորվելու ժամանակ ընդունելության քննությունների եւ փաստաթղթերի ընդունման հանձնաժողովները ձեւավորված չեն եղել: Պաշտպանյալս չէր կարող իրական խոստում տալ, թե կօգնի դիմորդին ընդունվելու հարցում, քանի որ ի պաշտոնե չէր կարող օգնել: Բացի այդ, նույնիսկ չի իմացել, թե ովքեր են ընդգրկվելու այդ հանձնաժողովների կազմում, ինքն էլ երբեւէ այդ հանձնաժողովներում ընդգրկված չի եղել»,- ասում է փաստաբան Հակոբյանը:
Ավելին, փաստաբանը բացատրում է, որ Հենրիկ Հակոբյանի արարքն ուղղված չի եղել պետական ծառայության դեմ:
Նա ասում է, որ կաշառք ստանալու այս տեսակն առկա է միմիայն ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար: Իսկ կրթահամալիրում՝ պետական ոչ առեւտրային կազմակերպությունում, ուսանող-դասախոս հարաբերությունները չեն կարող համարվել որպես ծառայական ենթակայություն, ուստի քննարկվող քրեական գործով կաշառք ստանալու այս եղանակն ուղղակի չի կարող գոյություն ունենալ:
«Այստեղ առկա է կաշառքի պատրվակով ուրիշի խոշոր չափերով գումարի հափշտակություն՝ խարդախության եղանակով»,- ասում է փաստաբան Հակոբյանը:
ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Վանաձոր
0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.