Կարմիրգյուղի զավակ Սուրիկ Սիմոնյանը մեկն է այն քաջերից, ում տապալել է թշնամու գնդակը, սակայն չի կարողացել խլել նրա կյանքը: Նա պարզապես հրաշքով է կյանք վերադարձել՝ վայելելով նաև հաղթանակի բերկրանքը: Սուրիկին նույնիսկ նախասահմանված էր արարելու ու զավակներ ծնելու առաքելությունը:
... Տասնհինգ օր էր մնացել Սուրիկի զորացրվելուն, երբ նա վիրավորվեց թշնամու դարանակալ գնդակից:
1994 թվականի փետրվարի ինն էր: Արցախյան ռազմաճակատներում կենաց-մահու կռիվ էին տալիս քաջ հայորդիները: Հրամանատար Արայիկ Մարկոսյանի ջոկատը Հորադիզի սահմանին կրակահերթ էր բացել թշնամու ուղղությամբ: Կրակում էին զենքերը, որոտում ականներն ու գնդացիրները: Հայ մարտիկների գլխում միայն մի միտք էր վառվում` ջնջել հակառակորդի վերջին կրակակետը, որ այլևս մեր հողի ու արյան թշնամիները չհամարձակվեն խանգարել հայ ժողովրդի անդորրը:
Մեր տղաները խոցում էին ու խոցվում: Կրծքով ու մարմնով փակելով հակառակորդի գնդակները` հայ քաջորդիները տապալվում և ձուլվում էին մայր հողին` այն ողողելով խիզախությամբ մաքրագործված իրենց արյունով:
Սուրիկին վիրավորեց թշնամու դիպուկահարի գնդակը:
Այն ճեղքել էր Սուրիկի ձախ քունքը, անցել ուղեղի կիսագնդերի արանքով, դուրս եկել գանգի աջ կիսագնդից:
Փոխհրաձգությունը տևել էր օրեր, և ոչ ոք չէր հասցրել հավաքել խրամատներում ընկած զոհերին:
Սուրիկի զինակիցները պատմում են, որ նրան համարել են մահացած: Հրամանատար Արայիկ Մարկոսյանը ցավով է պատմել, որ մարտական թեժ գործողությունների պահին մի քանի անգամ շրջանցել է Սուրիկին: Ընկերների վկայությամբ` նա մի քանի օր մնացել է մահացածների կողքին՝ ոչ միայն արնաքամ եղած, այլև՝ ցրտահարված: Սուրիկն այսօր նույնիսկ դժվարությամբ է քայլում. քանի որ ոտքերն ու կրունկներն անդառնալիորեն վնասվել են ցրտահարությունից:
Սուրիկի հայրը` Հովիկը, ով խորհրդային տարիներին մեծ զրկանքներով, դառը վաստակով, անասնապահությամբ է մեծացրել իր զավակներին, հանկարծ լսում է, որ որդին մահացու վիրավորված է: Նա, դարձյալ մեծ դժվարությամբ ու զրկանքների գնով մեկնում է զավակի հետքերով: Գտնում է ռազմաճակատի բժշկին, ով Սուրիկի հորը տեղեկացնում է, որ եղել է նման ծանր աստիճանի վիրավոր, ում ուղարկել են Ստեփանակերտի հիվանդանոց: Վերջում ավելացնում է՝ դժվար թե մինչև հիվանդանոց հասցնելը նա ողջ մնար:
Սուրիկի հայրը, անհուն ցավը սրտում և արցունքն աչքերին, մեկնում է Ստեփանակերտի հիվանդանոց: Հիվանդանոցում պատասխանում են, որ նրա որդուն վիրահատել են և ուղարկել մայրաքաղաք Երևան: Օրեր շարունակ վիրավոր զինվորի հայրը ալեկոծված հոգով բախում է Երևանի բոլոր հիվանդանոցների դռները, ամենուրեք փնտրում իր որդուն ու չի գտնում: Երկար հարցուփորձից հետո Սուրիկին գտնում է Նորքի նյարդավիրաբուժական հիվանդանոցում: Վերակենդանացման բաժանմունքում Հովիկը գտնում է որդուն ու ճանաչում նրան միայն ատամներից: Այդ կարճ ժամանակահատվածում նա անճանաչելիորեն փոխվել էր:
Սուրիկին բուժող բժիշկ Կոլյա Խաչատրյանի վկայությամբ` վիրավոր զինվորը շուրջ 35 օր մնացել է անգիտակից վիճակում, բուժվել շուրջ երեք տարի:
Սուրիկի հրամանատարն ու մարտական ընկերները հիշում են իրենց մարտական ընկերոջ սխրանքները: Նա կռվել է Շուրռնուխիի, Որոտանի, Քարահունջի, Կոբրա-Ջաբրաիլի դիրքերում և Հորադիզում: Լեյտենանտ Մարկոսյանը նշում է, որ մարտական գործողությունների պահին, երբ սկսում էր կրակահերթ բացել գնդացիրը, երկու մարտիկ էին կռիվ տալիս` Սուրիկն ու Կաբան մականունով մի զինվոր: Իսկական կռվողները նրանք էին, սակայն այսօր Կաբանը չկա, ընկավ հայրենիքը կրծքով պաշտպանելիս, իսկ Սուրիկը կարողացել է հաղթել մահին: Երբեմնի աշխույժ, խիզախ ու պարտաճանաչ զինվորը, ով այսօր առաջին կարգի հաշմանդամ է, ամեն անգամ հպարտությամբ է հիշում իր ջոկատին ու իր զինակիցների հաղթական ուղին, միաժամանակ ցավով մտաբերում իր զոհված մարտական ընկերներին, ովքեր հավերժի պսակով ծվարել են իր հոգու ամբարում:
Ապաքինվելուց հետո տարիներ անց Սուրիկն ամուսնանում է: Նա ունի երեք զավակ` երկու որդի և դուստր: Զավակները դպրոցական են: Ընտանիքի սոցիալական կարիքները Սուրիկը հոգում է իր թոշակով ու նպաստով: Չնայած ֆիզիկական դժվարություններին` Սուրիկը երբեմն վերանորոգման, սալիկապատման, այլ բնույթի շինարարական աշխատանքներ է անում:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Սուրիկին մի քանի ամիս առաջ հատկացրել է շինանյութ, որպեսզի վերանորոգի իր բնակարանը: Մի բնակարան ու օջախ, ուր հայրենասիրությամբ ներծծված դաստիարակություն են ստանում ապագա զինվորները:
Սուրիկը ապրում է երջանիկ ու հպարտ, ուրախ իր ընտանիքով ու զավակների հաջողություններով ու ձեռքբերումներով:
Նա գոհ է Աստծուց իր վերստացած կյանքով, հալալ հացով ու կենարար արևով...
Անի Պողոսյան
0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.