Սեպտեմբերի 20-ին Գավառի քաղաքային գրադարանում կազմակերպվել էր ցերեկույթ <<Եռագույն դրոշ մեր ազատության>> խորագրով: Միջոցառման մասնակիցները գրադարանի կրտսեր եւ միջին տարիքի ընթերցողներն էին: Ցերեկույթի հիմնական առանցքը հայն էր ու հայրենիքը, Հայաստանն ու հայրենի տունը: Իրենց ելույթներով ու ընթերցումներով մասնակիցները եւս մեկ անգամ հավաստեցին, որ Հայաստանն ու հայրենիքը սկսվում է հայրենի քաղաքից ու ամփոփվում աշխարհով մեկ սփռված հայկական օջախով: Մի սրտի չափ Հայաստանը տոնում է իր անկախությունը, իսկ անկախությունը գին չունի, որը դժվարություններով, մաքառումներով է ունեցել Հայաստանը: Մասնակիցները ընթերցեցին ՀՀ անկախության հռչակագիրը, որին հաջորդեց մասնակիցների միասնական ու հայաշունչչ քոչարին: Հայ եւ բանականություն, Հայաստան եւ հարատեւություն... այս անհերքելի ճշմարտությունն էին հնչեցնում կրտսեր մասնակիցները: Եվ նրանց մանուկ հոգում, սկսած գրադարանից, անդրդվելի նստվածք է տալիս հայրենիք Հայաստանը գրչով եւ սրով փրկելու վեհ գաղափարը: Հնչեցին հայ մեծանուն գրողների հայրենասիրական բանաստեղծությունները: Հայրենասիրական երգեր ու ոգեշունչ ազգային պարեր ներկայացվեցին: Միջոցառումը կազմակերպել էին գրադարանավարներ Նունե Գեւորգյանը եւ Շուշան Ցոգոլակյանը: Ցերեկույթի ավարտին կազմակերպիչները ներկայացրեցին օրվա գրադարանի <<Կենաց ծառը>>, որի պտուղները փոխարինում էին Գարեգին Նժդեհի հայրենասիրական ու ցեղակրոն մտքերը: Ցերեկույթի մասնակիցներն ու հանդիսատեսը համտեսեցին ծառի բարը` բարձրաձայն ընթերցելով Նժդեհյան գաղափարախոսությունները: <<Սուրը, թե` գրիչը: Թե մեկը, թե մյուսը- ես սիրեցի ու գործածեցի երկուսն էլ: Սուր ու գրիչ-աստվածային զենքեր` տրված մարդուն` պաշտպանելու իրավունքն ու սրբությունն աշխարհում>>,- այսպես եզրափակվեց օրը: Գավառի քաղաքային գրադարանի տնօրենը Ժաննա Ղուլոյանը <<Գեղամա աշխարհին>> հայտնեց, որ գրադարանը մասնակցել է միջհամայնքային մշակութային առաջին <<Արտէքսպո>> ցուցահանդեսին, որտեղ էլ իրենց ներկայացրած տաղավարը հավակնում է հաղթել «Լավագույն գրադարան>> անվանակարգում:
0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.