Thursday, September 8, 2011

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԷՐ ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ


Սեպտեմբերի 7-ին հերթական աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը: Այցելության օրակարգում նախատեսված էր քաղաքացիների ընդունելություն Գեղարքունիքի մարզպետարանի շենքում, քաղաքացիների հանդիպում եւ խնդիրների քննարկում նախարարի հետ, այնուհետեւ' խորհրդակցություն:
Քաղաքացիների ընդունելությունը կազմակերպելու, խնդիրներն ու բողոքները լսելու, փաստաթղթերը քննելու համար ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի կողմից ստեղծվեցին հինգ տարբեր աշխատախմբեր: Ավանդների եւ նպաստի, աշխատանքի եւ զբաղվածության, հաշմանդամության, կենսաթոշակի, ընտանիքի եւ երեխաների հարցերով աշխատախմբերի կողմից իրականացվեց քաղաքացիների ընդունելությունը:
Դիմումների մեջ գերակշիռ մաս էին կազմում նպաստների եւ ավանդների հատուցման հարցերը: Մեծաթիվ քաղաքացիներ դիմեցին նախարարությանը' Գեղարքունիքի մարզի տարածքում աշխատանքի տեղավորման հարցերով: Գեղարքունիքի մարզի համայնքների ղեկավարների մեծ մասին մտահոգում էր «Վարձրատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի ավարտը, որի շարունակելիության հարցով դիմեցին նախարարին:
Նախարար Արթուր Գրիգորյանը հանդիպում ունեցավ վեց քաղաքացիների հետ: Նախարարը ծանոթացավ նրանց գործերին, խնդիրներին եւ խոստացավ հարցերին լուծում տալ գործող օրենսդրության սահմաններում:
Այնուհետեւ հրավիրվեց խորհրդակցություն, որը վարում էր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը: Խորհրդակցությանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզի սոցիալական ապահովության ծառայության գրասենյակների ղեկավարները, ծառայության աշխատակիցները: Նախարարին ներկայացվող խնդիրների շարքում շեշտը դրվեց «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի վրա, ինչպես նաեւ քննարկվեց աշխատատեղերի հարցը: Մարզի սոցիալական իրավիճակը ներկայացրեցին սոցիալական ծառայության գրասենյակների պետերը: Նախարարը հետաքրքրվեց նաեւ մարզի գործազրկության խնդիրներով եւ զրույց ունեցավ Գեղարքունիքի մարզի զբաղվածության կենտրոնների ղեկավարների հետ:
«Առավելագույն ուշադրությո'ւն դարձրեք սպասարկման վրա, աշխատե'ք որդեգրել աշխատելաոճ, որը թույլ կտա քաղաքացիների հարցերին լուծում տալ առանց ավելորդ քաշքշուկների: Այսօր պետք է ցույց տանք սոցիալական աշխատանքի մի նոր որակ»,- դիմեց սոցիալական ծառայության գրասենյակների ղեկավարներին նախարար Ա. Գրիգորյանը: Խորհրդակցության ավարտին նախարարը նշեց, որ հերթական այցելության արդյունքում նախարարությունը փորձեց լուծում տալ քաղաքացիների խնդիրներին, որոնք ունեն սոցիալական ենթատեքստ:
Հրավիրված խորհրդակցությանը մասնակցում էր նաեւ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը: Ն. Պողոսյանը ծանոթացավ ներկայացված խնդիրներին, մակագրեց մի շարք դիմումներ, ինչպես նաեւ մարզի սոցիալական ծառայության ներկայացուցիչներին տվեց համապատասխան հանձնարարականներ:
Այնուհետեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը Գեղարքունիքի մարզպետի ընկերակցությամբ այցելեց Գավառի մանկատուն: Գավառի մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանի ուղեկցությամբ շրջեցին մանկատան սրահներում եւ մասնաշենքերում: Նախարարը ծանոթացավ մանկատան
բնակիչների առօրյային ու ապրելակերպին, շփվեց փոքրիկների հետ:
Անի Պողոսյան

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.