Thursday, September 1, 2011

ՄԵՂՎԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐ ՈՒՆԻ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

2011 թվականին Գեղարքունիքի մարզում հաշվառվել է 36 376 մեղվաընտանիք: 2010 թվականին մեղվաընտանիքների թիվը եղել է 34 930, ինչն էլ վկայում է մեղվաբուծության աճի եւ զարգացման մասին:
Ըստ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության առաջատար մասնագետ Ռաֆիկ Բադեյանի հաղորդած տվյալների` մեղվաբուծությունն առավել զարգացած է Վարդենիսի եւ Ճամբարակի տարածաշրջաններում:
Մարզի գյուղական համայնքներից մեղվաբուծության ոլորտում առաջատարը Լուսակունքն է, ուր պահվում է 5600 մեղվաընտանիք: Նրան հաջորդում է Խաչաղբյուրը` 3660 մեղվաընտանիքներով: Գավառի տարածաշրջանում մեղվաբուծությունն առավել աչքի է ընկնում Սարուխան եւ Նորատուս համայնքներում: Սարուխանում պահվում է 710, Նորատուսում` 468 մեղվաընտանիք: Մարտունու տարածաշրջանից աչքի են ընկնում Վերին Գետաշենը` 506 եւ Երանոս համայնքը` 552 մեղվաընտանիքներով: Սեւանի տարածաշրջանում մեղվաբուծությամբ առավել աչքի ընկնող համայնքներն են Գեղամավանը` 545, Դդմաշենը` 585 եւ Լճաշենը` 470 մեղվաընտանիքներով:
Վարդենիսում մեղվաընտանիքների մեծ թիվ կա Կարճաղբյուրում` 688 եւ Մեծ Մասրիկում` 475: Ճամբարակի տարածաշրջանում գյուղատնտեսության այս ճյուղն առավել զարգացած է Այգուտում` 867 եւ Մարտունի գյուղում` 894 մեղվաընտանիքներով:
Նույն աղբյուրի համաձայն` մեղվաբուծությունը Գեղարքունիքի մարզում զարգանալու մեծ նախադրյալներ ունի հատկապես ամենանպաստավոր եւ հարուստ բուսականություն ունենալու պայմաններում:
2011 թվականին մեղրաքամի արդյունքում կամբարվի շուրջ 720-750 տոննա մեղր: Մեղվաբույծները մեղրի իրացումը կազմակերպում են հանրապետության սահմաններում, նույնիսկ` երկրի սահմաններից դուրս: Գեղարքունիքի մարզում մեղվաբուծության զարգացմանն իր աջակցությունն է ցուցաբերում ՙՆեկտար՚ գիտարտադրական միավորումը: Միավորման նախագահ Ռոզա Ծառուկյանը այս տարի Գեղարքունիքի մարզի մեղվաբույծներին հատկացրել է անվճար դեղորայք եւ բուժանյութեր: Գիտարտադրական ընկերության աջակցությամբ նախատեսվում է կազմակերպել Գեղարքունիքի մարզի մեղրի արտահանումն ու իրացումը արտերկրում: Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի կողմից վերջերս հարց է բարձրացվել մեղվաբուծական ճյուղը մարզի համախառն ներքին արդյունքի մեջ ներառելու մասին: Խնդիրն այն է, որ վերջին 10 -15 տարիների ընթացքում Գեղարքունիքում մեղվաբուծությունը մեծ զարգացում ու առաջընթաց է ապրել, սակայն վիճակագրությունն այն տարիներ շարունակ չի ներառել մարզի ՀՆԱ-ում, այն դեպքում, երբ ամենանվազագույն հաշվարկների դեպքում անգամ Գեղարքունիքի մարզը մեղվաբուծությունից տարեկան ստանում է մոտ 2 միլիարդ 250 միլիոն դրամ:
Անի Պողոսյան

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.