2009 թ.-ին Լոռու մարզի գյուղացիական տնտեսությունները 55,5 տ կարտոֆիլ էին ստացել, որը գարնանը չկարողացան նույնիսկ 20 դրամով իրացնել՝ անասնակեր օգտագործվեց: 2010թ-ին գյուղատնտեսական նշանակությամբ հողերի 1/3-ը մնաց անմշակ, որի պատճառով անասնակերն ավելի շատ էր, քան բերքը՝ 90 000 տոննա խոտ, 4240 տոննա ծղոտ, 910 տոննա սիլոս, 450 տոննա կերի արմատապտուղ կուտակվեց, որին ավելացավ կարկտահարված 1430 հեկտարից հավաքված հացահատիկը կամ այն ամենը, ինչ մնացել էր հացահատիկից: 2010 թվականին 25 000 տոննա կարտոֆիլ, 13 000 տոննա բանջարեղեն եւ նույնքան էլ հացահատիկ ստացան լոռեցիները: Տարին անբարենպաստ էր նաև անասնապահության համար` Թումանյանի տարածաշրջանում խոզերի աֆրիկյան իսկ Ստեփանավանի և Սպիտակի տարածաշրջանում հավերի ժանտախտը գյուղացու աշխատանքը զրոյի հավասարեցրեց:
Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանի 18 գյուղերում տարիներ շարունակ գյուղատնտեսության մեջ գերիշխող եւ զարգացած ճյուղերից են կարտոֆիլաբուծությունն ու հացահատիկային մշակաբույսերը: Կարկտահարության եւ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով տարեցտարի անմշակ ցանքատարածությունները ավելացան: 2010 թվականին Ստեփանավանի տարածաշրջանի 9000 հեկտար հողերի 60 տոկոսը մնաց անմշակ:
Գյուլագարակ և Գարգառ համայնքներում գյուղացին կարտոֆիլ վաճառելու փոխարեն գնեց: 740 տնտեսություն ունեցող Գյուլագարակ գյուղում 20 տնտեսություն էլ այս տարի ցանք չի անի. «Սերմանացուն, դիզվառելիքն ու պարարտանյութն այնքան թանկ են, որ այդ գումարով առանց չարչարվելու կարտոլ կառնենք»,-ասում են գյուղաբնակները:

Ցանկացած գյուղացի գիտի, որ եթե մոլախոտը անասուններին տրվող այլ բույսերի նման հավաքեն, խտացնեն` տուկ անեն, շատ կոշտ կլինի եւ անասունը չի ուտի: Ալեքսանդր Գրիգորյանը հիշում է, որ խորհրդային տարիներին խոտալյուրի մշակման փորձ եղել է. «Ագրեգատորը շատ էներգատար ու գազատար էր: Այժմ նորագույն տեխնոլոգիաներ կան, որոնք օգնում են տնտեսել եւ շահավետ են »:
Համայնքապետի խոսքով, խոտալյուրի գործարան ունենալը հեռանկարային է: Ըստ նրա, առաջարկը կյանքի կոչելու համար 300-400 հազար դոլլար է անհրաժեշտ՝ կոմբայններ, ինքնաթափ մեքենաներ եւ սարքավորումներ գնելու համար. «Պահեստներ ու հողատարածքներ կան, ժամանակի ընթացքում կարելի է բույսերի տեսակները զարգացնել: Կան բույսեր, որոնցից ավելի սննդարար անասնակեր կստացվի, անասնաբուծությունն էլ կզարգանա, գյուղացին եւ հողից օգուտ կտեսնի, եւ գոմից: Առանց այդ էլ բարձրադիր արոտավայրերը շատ հեռու են, մինչեւ անասունը գնում գալիս է, համ մաշվում է, համ տարիներ շարունակ անմշակ հողի խոտով սնված անասունից որակյալ կաթ չի լինում»:
Ալեքսանդր Գրիգորյանը վստահ է, որ խոտալյուրի գործարան ունենալու դեպքում գյուղացին եկամտի աղբյուր կունենա այսօր անցան հողատարածությունից. «Մոլախոտը 2-3 անգամ հնձվում է, մեր գյուղացին էլ, ձեռքի աշխատանքին զուգահեռ, կմտածի ինչ ցանել, որպեսզի քիչ չարչարվի եւ օգուտ ստանա»:
Լիլիթ Յոլչյան
Վանաձոր
0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.