Saturday, January 28, 2012

Նախկին դասախոսը՝ իր բուհի 17 դասախոսների դեմ


Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Աղասի Մկոյանի, շարունակում է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի նախկին դասախոս Լուսինե Աշուղյանի (լուսանկարում) հայցով ընդդեմ նույն բուհի ստորաբաժանումների ղեկավարների դատական քննությունը:
Հայցվորը բուհի 17 դասախոսների մեղադրում է իր պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը արատավորելու մեջ:
2011թ. օգոստոսի 26-ին պատասխանողները հայցվորի բնակարանի հասցեով բաց նամակ էին ուղարկել նրան, որտեղ տեղ գտած ստորեւ ներկայացվող արտահայտություններն էլ պատճառ են դարձել դասախոսներին դատական պատասխանատվության կանչելու համար:
«Լուսինե Աշուղյանին եւ նրա համախոհներին, ի գիտություն Լուսինե Աշուղյանի եւ նրա թիկունքում թաքնված բանսարկուների, ամբաստանություններից խոսափող, ուսանողական տարիներին չի փայլել գիտական աշխատանք կատարելու հակվածությամբ, անցած տարիների ընթացքում տպագրել է ընդամենը յոթ հոդված, դրսում տպված հոդվածները երեք էջից չեն անցնում, չգնահատված գիտնական, մի՞թե նրա տվյալներով մարդու համար բավական չէր լինի հենց գործակարգավարի պաշտոնը, որում, ի դեպ, նա ընդունվել է աշխատանքի», «արջին կամին չի կարելի լծել» եւ այլն:
«Այդ նախադասություններով պատասխանողները միտումնավոր կերպով ստորացրել ու նսեմացրել են իմ անձը, վիրավորել ինձ, միաժամանակ իրականությանը չհամապատասխանող ոչ ճիշտ տվյալներ են ներկայացրել: Պատասխանողները ոչ միայն կոպիտ կերպով վիրավորել են իմ անձը, այլեւ ներկայացրել են իրենց բարոյական ողջ նկարագիրը: Բոլոր արտահայտությունները վիրավորանքներ ու զրպարտություններ են եւ արատավորում են իմ անձը, արժանապատվությունը եւ գործարար համբավը՝ փորձելով հասարակության առջեւ ինձ ներկայացնել որպես զրպարտիչ, որպես ստոր անձնավորություն»,- բացատրում է Լուսինեն:
Նա նշում է՝ քանի որ նամակը ուղղված է եղել նաեւ ԿԳ նախարարությանը, «ATV» հեռուստաընկերությանը, «Առավոտ», «Հայկական ժամանակ» թերթերին, ուստի պահանջում է դատարանին պարտավորեցնել պատասխանողներին հրապարակայնորեն ներողություն խնդրել վիրավորանք հասցնելու համար, հերքել զրպարտություն համարվող տվյալները, միաժամանակ յուրաքանչյուրից հօգուտ իրեն բռնագանձել վիրավորանքի համար մեկ միլիոն, զրպարտության համար՝ երկու միլիոն ՀՀ դրամ, ինչպես նաեւ դատական ծախսերը:
Դատարանում պատասխանողների ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Հակոբյանը, սակայն, հայցադիմումն անհիմն է համարում՝ բացատրելով, որ որեւէ զրպարտություն կամ վիրավորանք բաց նամակում տեղ չի գտել:
«Հայցադիմումը ենթակա է մերժման: Հայցադիմումի մեջ նշված արտահայտությունները, որով, իբր, իմ վստահորդները զրպարտել կամ վիրավորել են, ընդամենը հայցվորի երեւակայության արդյունքն է: Որեւէ զրպարտություն կամ վիրավորանք բաց նամակում տեղ չի գտել: Արտահայտությունները ընդամենը գնահատողական դատողություններ են, բնութագրեր են, իրականությանը համապատասխանող հանգամանքներ, ոչ ավելի»:
Ըստ փաստաբանի՝ Լուսինե Աշուղյանին գնահատել են այն մարդիկ, ովքեր կարող էին նման գնահատականներ տալ:
Փաստաբանը դատարանին ներկայացրեց ՎՊՄԻ-ի «Բուսաբանության եւ աշխարհագրության» ամբիոնի վարիչ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ Լոռու մարզի միակ թղթակից անդամ, ՎՊՄԻ-ի նախկին ռեկտոր Ռաֆիկ Եդոյանի դիմումը՝ ուղղված դատարանին, որտեղ նշվում է, թե Լուսինե Աշուղյանը մամուլում, հեռուստատեսությամբ զրպարտություններ է տարածել ինստիտուտի ներկայիս ռեկտորի եւ ղեկավար պաշտոն զբաղեցնող այլ անձանց հասցեին:
«Երկարատեւ լռությունից հետո, ի պատասխան Աշուղյանի հորինվածքներին, բուհի մի շարք աշխատողներ ստիպված ենք եղել պատասխանել հենց նրա կողմից նախընտրած եղանակով՝ բաց նամակով, որը ստորագրվել է 18 հոգու, այդ թվում՝ նաեւ իմ կողմից: Հիշյալ նամակի հեղինակներս Լուսինե Աշուղյանի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակ չենք հետապնդել, եւ այդպիսի արտահայտություններ նամակում չենք զետեղել: Նամակում տրվել է Լուսինե Աշուղյանի բնութագիրը, եւ ընդամենը պարունակում է նրա դատապարտելի վարքագծի քննադատություն: Անհասկանալի պատճառներով ես պատասխանողների ցանկում չեմ ընդգրկվել, ինչն ինձ համար նաեւ վիրավորական է»,- նշված է դիմումի մեջ:
Լուսինե Աշուղյանը վերոնշյալ փաստաթուղթն անհեթեթ է համարում՝ բացատրելով, որ այն պետք է նախ լրացվի, նոր հետո միայն կցվի գործին:
ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Վանաձոր

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.