Tuesday, January 10, 2012

Վթարի ենթարկվածին չէին դատակոչել


Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ, շարունակվում է բռնաբարության փորձ կատարելու եւ ճանապարհային երթեւեկության ու տրանսպորտային երթեւեկության շահագործման կանոնները խախտելու մեջ մեղադրվող 27-ամյա Թադեւոս Գեւորգյանի դատաքննությունը:
Դատական նիստի ժամանակ տուժողի իրավահաջորդ Արամայիս Արզումանյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատարանին՝ բացատրելով, որ առաջին իսկ դատական նիստերից կասկածել է դատարանի անաչառությանն ու անվստահություն ունի նրա նկատմամբ:
Տուժողի իրավահաջորդը հայտնեց, որ վերջին երկու նիստերին ամբաստանյալ Թադեւոս Գեւորգյանի մորեղբայրը անարգել մուտք է գործում արգելված գոտի եւ շփվում դատավորների հետ: Դատավոր Բաղդասարյանը, սակայն, ինքնաբացարկի միջնորդությունը անհիմն համարեց ու կայացրեց այն մերժելու որոշում: Դատարանի՝ ինքնաբացարկը մերժելուց հետո տուժողի իրավահաջորդը, կրկին առանց դատավորի թույլտվության, լքեց նիստերի դահլիճը՝ չցանկանալով մասնակցել դատական նիստին:
Նրա փաստաբան Աննա Դավթյանը նույնպես հեռացավ դատարանի դահլիճից՝ անիմաստ համարելով իր վստահորդի բացակայությամբ նիստին մասնակցելը: Դատարան հրավիրված բոլոր վկաները, որոնք նախաքննության ընթացքում հարցաքննվել, բայց դատակոչում չէին ընդգրկվել, միաձայն պնդեցին, որ բռնաբարության փորձ տեղի չի ունեցել, իրենք չեն լսել այդ մասին, ավտովթարի ժամանակ էլ ղեկին եղել է տուժող Վարդան Արզումանյանը:
«Ղեկին նստած էր Վարդանը, մութ էր, անձրեւ: Վթարից հետո չեմ հիշում, թե ինչպես ենք մեքենայի միջից դրսում հայտնվել: Ուշքի գալուց հետո լսեցի Թադեւոսի ձայնը. ինձ էր կանչում: Վարդանն էլ պառկած էր գետնին»,- դատարանում պատմում է վթարի ենթարկվածներից Սարգիս Գեւորգյանը, որը հարցաքննվել էր նախաքննության ժամանակ, սակայն չէր ընդգրկվել դատակոչում:
ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Վանաձոր

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.