Saturday, January 28, 2012

Կալանքի որոշման դեմ. դիմել են ՀՀ վերաքննիչ դատարան


Ուրիշի գույքին տիրանալու նպատակով ավազակություն կատարելու մեջ մեղադրվող վանաձորցի Վարդան Դումանյանի պաշտպան Գուրգեն Հարությունյանը (լուսանկարում) իր պաշտպանյալի նկատմամբ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք:
Նա պահանջում է ամբողջությամբ բեկանել առաջին ատյանի կայացրած որոշումն ու իր պաշտպանյալին ազատ արձակել կալանքից:
Համաձայն անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման՝ Վարդան Դումանյանը մեղադրվում է քանդակագործ Գերասիմ Թումանյանի տանը վերջինիս կյանքին ու առողջության համար վտանգավոր բռնության գործադրմամբ հարձակվելու մեջ, որի ընթացքում նա ձեռքերով հարվածներ է հասցրել քանդակագործի գլխին, ծեծի ենթարկել Գերասիմ Թումանյանին եւ վերջինիս մոտից բացահայտ հափշտակել 57.000 ՀՀ դրամ, 19.025 ՀՀ դրամին համարժեք 50 ԱՄՆ դոլար, 59.000 ՀՀ դրամին համարժեք 5.000 ՌԴ ռուբլի ու նրան ուշագնաց վիճակում թողնելով՝ մյուս երկու անձանց հետ հեռացել բնակարանից:
Պաշտպանը նշում է, որ չնայած Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը կալանքի միջնորդությունը քննելիս կարգադրել էր Վարդան Դումանյանին դատարանի դահլիճից անհապաղ ազատ արձակել, այնուամենայնիվ, դա իրավական գնահատականի չի արժանացել:
«Դատավոր Բորիկ Գրիգորյանը, քանի որ նույն օրը ժամը 13.45-ին արդեն իսկ լրացած է եղել Վարդանի՝ ձերբակալվածի կարգավիճակում արգելանքի տակ պահելու 72 ժամը, ուղեկցող ոստիկաններին կարգադրեց անհապաղ ազատ արձակել նրան ու լքել նիստերի դահլիճը: Դատարանը, սակայն, իր որոշմամբ, այնուամենայնիվ, այդ հանգամանքն իրավական գնահատականի չարժանացրեց»,-բացատրում է պաշտպան Հարությունյանը:
Ավելին, դատարանը բավարարել է քննիչի՝ կալանավորման մասին միջնորդությունը՝ միեւնույն ժամանակ մերժելով պաշտպանի՝ կալանքը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը:
«Վարդան Դումանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու թույլտվություն տալու եւ քննիչի միջնորդությունը բավարարելով՝ դատարանը թույլ է տվել նյութական եւ դատավարական իրավունքի նորմերի խախտումներ»,- ասում է Գուրգեն Հարությունյանը՝ նշելով, որ դատարանի որշումը պատճառաբանված չէ:
«Դատարանը չի պատճառաբանել, թե որ ապացույցներն են իրեն հիմք տվել եզրակացնելու, որ Վարդան Դումանյանը, մնալով ազատության մեջ, կարող է կատարել Քրեական օրենսգրքով արգելված այլ արարք կամ թաքնվել քննությունից, իսկ քրեական պատասխանատվության եւ պատժի ենթարկվելիս պատշաճ կներկայանա ու չի խոչընդոտի գործի քննությանը»,- ասում է Գ. Հարությունյանը:
Պաշտպանը պնդում է, որ ավազակային հարձակում, առավել եւս՝ ուրիշի գույքին տիրանալու փաստ տեղի չի ունեցել, քանի որ Գերասիմ Թումանյանն է իմ պաշտպանյալին հրավիրել իր տուն՝ միասին խմելու նպատակով:
«Գերասիմ Թումանյանն իմանալով, որ չեմ աշխատում, ինքն է ստիպողաբար ինձ գումար տվել»,- ցուցմունք է տվել Վարդան Դումանյանը:
ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Վանաձոր

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.