Saturday, January 28, 2012

Վանաձորցին բերանը կարելով՝ հայտարարել է անժամկետ հացադուլ


Ուրիշի գույքը հափշտակելու նպատակով նախնական համաձայնությամբ ավազակային հարձակում կատարելու համար 8 տարվա ազատազրկման դատապարտված վանաձորցի 20-ամյա Ռուբեն Գեւորգյանը կարել է բերանն ու հայտարարել անժամկետ հացադուլ:
Նույն արարքի համար 7 տարվա ազատազրկման դատապարտված Սերգո Հարությունյանի հայրը «Առավոտին» հայտնեց, որ այսօր իրեն է զանգահարել ծանոթներից մեկն ու հայտնել այդ մասին: «Տեսակցության էր գնացել իր մոտիկի մոտ, իմացել էր, մեզ ասաց: Անհանգստացած ենք, չենք իմանում`ինչ անենք»:
Նա կասկած է հայտնում, որ իր որդին` Սերգո Հարությունյանը, եւս կդիմի այդ քայլին, քանի որ մի քանի օր առաջ իր այցելության ժամանակ նա իրեն հայտնել էր հացադուլ հայտարարելով կայացված դատավճռին դեմ գնալու մասին:
«Համոզեցի, որ նման բան չանի, ինձ թվաց` համոզվել է, ինչ իմանամ, կարող է եւ ինքն էլ արդեն արածլինի»,-ասում է հայրը` ավելացնելով, որ որդու վիճակն այդքան էլ լավ չէ, բողոքում է սրտի ու երիկամների աշխատանքից:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ, 1 տարի 8 ամիս տեւած դատաքննությունից հետո, համապատասխանաբար՝ 8 եւ 7 տարվա ազատազրկման է դատապարտել Վանաձորի բնակիչներ 20-ամյա Ռուբեն Գեւորգյանին ու 19-ամյա Սերգո Հարությունյանին:
Ըստ մեղադրական եզրակացության՝ տղաները, ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, 2010թ. ապրիլի 23-ին, նախնական համաձայնությամբ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ հարձակվել են Վահե Ալավերդյանի վրա եւ վերջինիս կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով նրանից հափշտակել 200.000 դրամ:

Անուշ Բուլղադարյան
Վանաձոր

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.