Saturday, January 28, 2012

Կենսաթոշակների յուրացում չի՞ եղել


Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ, ընթանում է շարունակաբար, միասնական դիտավորությամբ կենսաթոշակառուների գումարները յուրացնելու, առեւտրային կաշառք ստանալու եւ պաշտոնական փաստաթղթեր կեղծելու եւ օգտագործելու մեջ մեղադրվող՝ վանաձորցի Շողիկ Վարդումյանի դատաքննությունը:
Տուժող Զեմֆիրա Մաթեւոսյանի նախաքննական ցուցմունքի համաձայն՝ իր ՌԴ-ում գտնվելու ժամանակ Շողիկ Վարդումյանը, առանց իրեն տեղյակ պահելու, ստորագրել ու ստացել է 2010 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսների իր կենսաթոշակը՝ 61.908 ՀՀ դրամ:
Վկա Սուսաննա Մաթեւոսյանի նախաքննական ցուցմունքից պարզվում է, որ Շողիկ Վարդումյանը չի վճարել մորը նրա՝ 2010 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների կենսաթոշակը՝ չնայած այն հանգամանքին, որ միշտ էլ Շողիկն է ստացել մոր թոշակն ու հանձնել իրեն:
«Ես աշխատանքից ազատվել եմ ոչ թե այս մարդկամց գումարները չվճարելու, այլ առողջական խնդիրներ ունենալու պատճառով»,- դատարանում հայտարարեց «Հայփոստ» ՓԲ ընկերության Վանաձորի փոստային բաժանմունքի նախկին պետ Շողիկ Վարդումյանը՝ ավելացնելով, որ ինքը կենսաթոշակառուների գումարները ստանալու ժամանակ շահադիտական նպատակներ չի ունեցել: «Շահի համար չեմ արել»,- ասում է Վարդումյանը:
Տուժող Նատաշա Մանուկյանի ցուցմունքի համաձայն՝ 2008 թվականի սեպտեմբերի 13-ին մեկնել է ՌԴ եւ խնդրել Շողիկ Վարդումյանին իր մեկ ամսվա թոշակը ստանալ ու տալ հարեւանին, իսկ հաջորդ ամիսներինը՝ չստանալ: «Վերադարձա եւ տեղեկացա, որ Շողիկ Վարդումյանը, առանց ինձ տեղյակ պահելու, ստորագրել ու ստացել է 2008-ի հոկտեմբերից օգոստոսը ներաառյալ իմ կենսաթոշակը»,- նշված է նախաքննական ցուցմունքում: Շողիկ Վարդումյանի պաշտպան Գուրգեն Հարությունյանը կարծում է, որ գործի բազմակողմանի քննության համար անհրաժեշտ է բերման որոշում կայացնել այն տուժողների ու վկաների հանդեպ, ովքեր դատարանում մինչ օրս ցուցմունք չեն տվել, ավելին՝ Շողիկ Վարդումյանը զրկված է եղել նրանց մեծ մասի հետ առերես հարցաքննվելու իրավունքից:
«Սարքովի գործ է: Յուրացման մասին որեւէ խոսք լինել չի կարող: Յուրացումը կատարվում է ուղղակի դիտավորությամբ, երբ մարդը տնօրինության ու տիրապետության տակ գտնվող գույքը յուրացնում է շահադիտական նպատակով, օտարում է որեւէ կերպ մյուսից ու չի ցանկանում վերադարձնել, նպատակ էլ չունի վերադարձնելու: Բայց ամբողջ դատաքննության ընթացքում նույնիսկ տուժողները չեն կարողանում թաքցնել այն փաստը, որ իրենք են խնդրել իրենց գումարները պահել: Իմ պաշտպանյալն էլ երբեք չի հրաժարվել այդ գումարները վերադարձնելուց»: Պաշտպանն  ասում է, որ նախաքննությունը միակողմանի է ընթացել, խախտումներով: Նախաքննական մարմինն էլ քրեական գործ է հարուցել նաեւ այս գործում ներգրավված տուժողներից 5-6-ի լիազորագրերով, ովքեր երբեւէ չեն հարցաքննվել: «Անձին ապօրինի մեղադրանք են առաջադրում՝ քաղաքացիաիրավական հարաբերությունների համար: Որ այդպես լինի, ամբողջ Հայաստանը կդատվի: Մարդը բանկից փող է վերցնում, չի կարողանում տալ, եղավ յուրացում»,- կասկած է հայտնում պաշտպան Հարությունյանը:
ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆՎանաձոր

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.