Saturday, January 28, 2012

Ամբաստանյալներն անմե՞ղ են


Նախնական համաձայնությամբ ավազակային հարձակում կատարելու մեջ մեղադրվող վանաձորցի Սերգո Հարությունյանի պաշտպան, փաստաբան Կարեն Թումանյանը դիմել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան: Փաստաբանը պահանջում է ամբողջությամբ բեկանել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի անցած տարվա դեկտեմբերի 23-ի վճիռը՝ իր պաշտպանյալի մասով՝ կայացնելով նրա նկատմամբ արդարացման դատավճիռ:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ, 1 տարի 8 ամիս տեւած դատաքննությունից հետո, համապատասխանաբար՝ 8 եւ 7 տարվա ազատազրկման է դատապարտել Վանաձորի բնակիչներ՝ 20-ամյա Ռուբեն Գեւորգյանին ու 19-ամյա Սերգո Հարությունյանին:
Ըստ գործի նյութերի՝ տղաները, ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, 2010թ. ապրիլի 23-ին, նախնական համաձայնությամբ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ հարձակվել են Վահե Ալավերդյանի վրա եւ վերջինիս կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով նրանից հափշտակել 200. 000 դրամ:
Դատական քննության ընթացքում, սակայն, Հունաստանում բնակվող տուժող Վահե Ալավերդյանը Հունաստանի Հանրապետությունից նոտարի կողմից վավերացված դիմում էր ուղարկել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ հայտարարելով, որ ամբաստանյալներն անմեղ են, իսկ նախաքննական մարմնին ու դատարանում տված ցուցմունքները սուտ են եւ կորզվել են ճնշումների ներքո:
Հայտարարությունը դատարանը ապացույց է ճանաչել, նրա մեջ առկա տեղեկություններն էլ համարել անարժանահավատ:
«Դատարանը եզրահանգել է, որ ոստիկանության աշխատակիցները չէին կարող Վահե Ալավերդյանին ուղղորդել կամ ստիպել, որպեսզի նա որպես իր նկատմամբ ոտնձգություն կատարած անձ հաղորդման մեջ նշի նաեւ Սերգո Հարությունյանի անունը. ոստիկանները չէին կարող իմանալ նրա նկատմամբ ոտնձգություն կատարողների անունները»,- ասում է փաստաբանը՝ հավելելով, որ դատարանը Սերգո Հարությունյանի մեղքը հաստատելու համար հիմք է ընդունել նաեւ այնպիսի ապացույցներ, որոնք ձեռք են բերվել վկա Ռուսլան Մարտինովին եւ մեղադրյալ Ռուբեն Գեւորգյանին խոշտանգելու արդյունքում:
Մեղադրական դատավճիռ կայացնելու օրը դատավոր Սուրեն Բաղդասարյանը որոշում է կայացրել միջնորդել դատախազին՝ ամբաստանյալներին ու վկա Ռուսլան Մարտինովին նախաքննության ընթացքում հարցաքննությունների ժամանակ խոշտանգման ենթարկելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու եւ մեղավոր անձանց հայտնաբերելու ու քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար:
«Տվյալ պարագայում դատավորը կայացնում է քրեական գործ հարուցելու մասին հանդես գալու միջնորդության որոշում եւ, միաժամանակ, հակասելով իր այդ քայլին, մեղադրյալների մեղքը հաստատող ապացույց օգտագործում նաեւ Ռուսլան Մարտինովի նախաքննական ցուցմունքը»,- բացատրում է Կարեն Թումանյանը:
Նա պնդում է, որ դատաքննությունը ընթացել է բազմաթիվ խախտումներով, նախաքննական մարմինն էլ չի պատասխանել այն հարցին, թե տղաները ինչպես են նախնական համաձայնության եկել:
«Բացի այդ՝ դատարանը պարտավոր էր հաստատված համարել այն հանգամանքը, որ Սերգո Հարությունյանը դեպքի օրը գործնականում մի քանի անգամ հնարավորություն է ունեցել Վահե Ալավերդյանի գումարը հափշտակելու, ինչը ապացուցում է, որ Սերգո Հարությունյանը մտադիր չի եղել տիրանալու ուրիշին պատկանող գումարին»,- ասում է փաստաբան Թումանյանը:
ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆՎանաձոր

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.