Thursday, December 29, 2011

Մայրը պնդում է, որ դատախազությունը ճնշում է գործադրել դատավորի վրա


«Եթե նախագահի՝ վերջերս արած ուղերձը ճիշտ է, նրա խոսքերն ու գործերը իրար համընկնում են, խնդրում եմ այս գործին ընթացք տալ»:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ, 1 տարի 8 ամիս տեւած դատաքննությունից հետո, համապատասխանաբար՝ 8 եւ 7 տարվա ազատազրկման է դատապարտել Վանաձոր քաղաքի բնակիչներ՝ 20-ամյա Ռուբեն Գեւորգյանին ու 19-ամյա Սերգո Հարությունյանին:
Ըստ մեղադրական եզրակացության՝ տղաները, ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, 2010թ. ապրիլի 23-ին, նախնական համաձայնությամբ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ հարձակվել են Վահե Ալավերդյանի վրա եւ վերջինիս կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով նրանից հափշտակել 200.000 դրամ:
2010թ. ապրիլի 23-ին, ժամը 23:30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի բնակիչներ Սերգո Հարությունյանը եւ Ռուբեն Գեւորգյանը Հունաստանի Հանրապետության քաղաքացի Վահե Ալավեդյանի մոտ եղած գումարով Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կիլոմետրի վրա գտնվող «Ռոսիա» ռեստորանային համալիրի գիշերային ակումբում ժամանակ անցկացնելու նպատակով տաքսի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքից Սպիտակ քաղաք՝ Վահե Ալավերդյանին բարեկամի տուն ուղեկցելու պատրվակով, նրան խաբեությամբ տաքսի ավտոմեքենայից իջեցրել են հիշյալ համալիրի բակում եւ տարել չլուսավորվող հատված, որտեղ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու նպատակով, Սերգո Հարությունյանի հետ նախնական համաձայնությամբ, Ռուբեն Գեւորգյանն իր մոտ գտնվող եղունգկտրիչի ծալովի դանակի սուր մասը դրել եւ սեղմել է Վահե Ալավերդյանի պարանոցին, նրան տվել կյանքի եւ առողջության համար վտանգավոր սպառնալիքներ եւ պահանջել գումար: Սերգո Հարությունյանը իր հերթին տվել է կյանքի համար վտանգավոր սպառնալիքներ, Վահե Ալավերդյանից պահանջել նրա մոտ եղած գումարը, այնուհետեւ անձամբ վերջինիս անդրավարտիքից հափշտակել 200.000 դրամ:
Դատական քննության ընթացքում, սակայն, Հունաստանում բնակվող տուժող Վահե Ալավերդյանը Հունաստանի Հանրապետությունից նոտարի կողմից վավերացված դիմում էր ուղարկել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ հայտարարելով, որ ամբաստանյալներն անմեղ են, իսկ նախաքննական մարմնին ու դատարանում տված ցուցմունքները սուտ են եւ կորզվել են ճնշումների ներքո:
«Ես ոստիկանություն ներկայացրի ոչ ճիշտ տվյալներ՝ իմ կամքին հակառակ: Իմ առաջին հայտարարությունը եւ վկայությունը տվել եմ ալկոհոլի ազդեցության տակ: Դատարանում տվեցի իմ կամքին հակառակ վկայություն: Ես ստիպված էի անել այս գործը, բայց չեմ ուզում մանրամասնել, քանի որ ասելով ճշմարտությունը, շատ մարդիկ կարող են խնդիրներ ունենալ, ես չեմ ցանկանում, որ իմ պատճառով տանջվեն: Ես այս հայտարարությունը անում եմ Հունաստանից, քանի որ այստեղ չեն կարող ինձ ճնշել եւ չեն սպառնում իմ կյանքին, եւ անում եմ իմ խղճից մղված, քանի որ չկարողացա ինձ ներել սուտ վկայության համար, որով դատապարտելու են անմեղ երիտասարդներին մի բանի համար, որ չեն արել»,- նշված է դիմումի մեջ:
Սերգո Հարությունյանի մայրը՝ Արաքսյա Գեւորգյանը, ասում է, որ դատարանը ուշադրության չի արժանացրել այդ փաստաթուղթը՝ այդկերպ ոտնահարելով արդար դատաքննության իրավունքը:
Նա դժգոհ է դատարանի որոշումից. չեղած բանի համար իր որդին ինչու պետք է 7 տարի ազատազրկման ենթարկվի:
Մայրը պնդում է, որ ինչ ձեւով գործը դատախազությունից մտել է դատարան, այնպես էլ մնացել է, ոչ մի փոփոխություն չի կատարվել:
«Ես չգիտեմ՝ էլ ում դիմեմ,  էլ ոնց անեմ, ոնց ապացուցեմ իմ երեխայի անմեղությունը, ոչ մի հիմք չունեն, ապացուցված է, որ ոստիկանության բաժանմունքում երեխաները խոշտանգումների են ենթարկվել: Այս երկիրը միայն դատախազներն են ղեկավարում, եւ դատավորների ձեռքին ոչինչ չկա: Դատավորը ոչ մի արտոնություն չունի: Եթե նախագահի՝ վերջերս արած ուղերձը ճիշտ է, նրա խոսքերն ու գործերը իրար համընկնում են, խնդրում եմ այս գործին ընթացք տա»,- վրդովվում է մայրը:
Նա պնդում է, որ ոստիկանության բաժանմունքում, Սպիտակի քննչական բաժանմունքի պետ Մ. Փանոսյանը առանց փաստաթղթերի դիմում է վերցրել տուժողից, քննել նրան, իսկ Լոռու մարզի դատախազության ավագ դատախազ Ա. Մուքոյանն էլ ճնշումներ է գործադրել դատավորի վրա՝ խոչընդոտելով դատաքննության բնականոն ընթացքը. «Ճնշում են գործադրում, չեն թողնում մարդիկ նորմալ աշխատեն: Եթե նախագահը նշանակում է դատավորներին, ու նրանք չեն կարողանում աշխատել, էլ ինչի են աշխատում էդ մարդիկ: Թող դատախազը հոդվածը դնի ու կալանավորի: Էլ ինչի են տալիս դատավորին: Մի քանի օր առաջ մոտեցել ենք դատավորին, հարցրել, ասել է՝ շատ էլ ուզում եմ արդարացնել, բայց իմ ուժերից վեր է»:
ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Վանաձոր

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.