Friday, August 12, 2011

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵՑԻՆ ԳԱՎԱՌԻ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ 14 ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ

«Գավառի առաջադեմ բնագետների միավորում» հասարակական կազմակերպությունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ֆինանսավորմամբ հուլիսի կեսերից Գավառում իրականացնում է «Նախադպրոցական հաստատությունների տնօրենների, դաստիարակների եւ երաժշտության դաստիարակների վերապատրաստման դասընթաց» ծրագիրը։

Ինչպես հայտնեց «Գավառի առաջադեմ բնագետների միավորում» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Դաշտոյանը, իրենց կազմակերպությունն այն 8 կազմակերպությունների թվում է, որոնք հաղթել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից կրթության ոլորտում ծրագրեր իրականացնող կազմակերպությունների համար հայտարարված դրամաշնորհների բաց մրցույթի արդյունքում։

Կազմակերպությունը փոքր դրամաշնորհային ծրագրի շրջանակներում կազմակերպեց Գավառի տարածաշրջանի 14 նախադպրոցական հաստատությունների 28 դաստիարակների, 14 տնօրենների, 13 երաժշտության ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ: Ծրագրի շրջանակներում վերապատրաստվում են Գավառի, Լանջաղբյուրի, Սարուխանի, Լճափի, Ծովազարդի, Կարմիրգյուղի, Նորատուսի նախադպրոցական հաստատություններում աշխատող տնօրենները, դաստիարակները եւ երաժշտություն դասավանդողները: Ծրագրում ընդգրկվել է նաեւ Գանձակի նորաբաց մանկապարտեզը: Ծրագրի նպատակն է զարգացնել փոքրիկներ հետ աշխատողների մասնագիտական կարողությունները, ծանոթացնել նախադպրոցական հաստատություններում ներդրված նոր չափորոշիչներին, ծրագրերին, ուսուցման նոր մոդելներին ու մեթոդներին։

Վերապատրաստման ծրագիրը համապատասխանում է Կրթության ազգային ինստիտուտի սահմանած չափորոշիչներին: Ծրագրի շրջանակներում նախատեսված է համագործակցել Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի վարչության, Գավառի քաղաքապետարանի, Լանջաղբյուրի, Սարուխանի, Լճափի, Ծովազարդի, Կարմիրգյուղի, Նորատուսի գյուղապետարանների հետ:

Դասընթացներն անցկացվեցին երեք փուլով, ընդհանուր հաշվով վերապատրաստվեց շուրջ 70 աշխատակից' մասնակցելով տնօրենների 30- ժամյա, դաստիարակների 48- ժամյա եւ երաժշտության ուսուցիչների 30- ժամյա դասընթացներին: Պարապմունքներն օրական անցկացվել են 6 ժամ տեւողությամբ գրաֆիկով: Վերապատրաստում անցնող մասնագետներին կտրամադրվեն տպագիր նյութեր, որոնք առնչվում են ծրագրով նախատեսված դրույթներին: Ծրագրի փակումը կկայանա վաղը. բոլոր մասնակիցները կստանան համապատասխան վկայականներ:

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.