Friday, August 12, 2011

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԷՐ ՀՀ ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐԸ

Աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր գտնվում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նրան ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը, ՀՀ ֆերմերների միության նախագահ Ռոզա Ծառուկյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը : Նախարարն այցը սկսեց Վարդենիսի տարածաշրջանի այն համայնքների տնտեսություններում, ուր անցած աշնանը եւ այս գարնանը ցանվել են ՀՀ կառավարության կողմից Ռուսաստանի դաշնությունից ներկրված կամ տեղական արտադրողներից գնված եւ ֆերմերային տնտեսություններին ու սոցիալապես անապահով մարդկանց օժանդակության կարգով տրամադրված աշնանացան ցորենի եւ գարնանացան գարու առաջին վերարտադրության եւ էլիտար սերմերի տեսակներ: Ինչպես ՀՀ գյուղատնտեսության նախարարին եւ Գեղարքունիքի մարզպետին ներկայացրին նշյալ տարածքներում հացահատիկի բերքահավաք կատարող տնտեսությունների ղեկավարները, արդյունքը սպասվածից ավելի գոհացուցիչ է: Ինչպես ներկայացրեց նախարար Սերգո Կարապետյանը՝ անցած աշնանը ՀՀ կառավարության կողմից սերմերի վերարտադրության կազմակերպման նպատակով խոշոր ֆերմերային տնտեսությունների տրամադրված տոննա ցորենի ցանքատարածություններից աննախադեպ բարձր բերք է սպասվում՝ հեկտարից մինչեւ 70-75 ցենտներ: Բարձր բերք է սպասվում նաեւ գարու էլիտար սերմացուի արտերից:

-ՈՒղղակի չեմ կարող չարտահայտել հիացմունքս,- նշեց նախարարը,- քանի որ վերջին տարիներին հացի շտեմարան հանդիսացող Մասրիկի հարթավայրում կամ Վարդենիսի տարածաշրջանում միջին բերքատվությունը չի գերազանցել 20-22 ցենտները: Հիմա արդեն բարձրորակ հացահատիկի սերմերի ցանքի եւ բերքատվության պարագայում արդեն միջին բերքատվությունը կարելի է այստեղ ակնկալել երեսուն ցենտներից ավելի: Սրանով նաեւ լուխվում է տարածաշրջանի սերմաթարմացման խնդիրը, եւ նախադրյալներ են ստեղծվում հացաբույսերի, մասնավորապես ցորենի ցանքերի ընդլայնման համար: Ֆերմերային տնտեսությունները բարձրորակ ցորենի սերմացու ստացել էին մեկ կիլոգրամի դիմաց երկու կիլոգրամ վերադարձնելու պայմանով, որը եւ մենք թողնելու ենք Գեղարքունիքի մարզին՝ սերմաթարմացում ապահովելու եւ նոր տնտեսություններին օժանդակելու ակնկալիքով:

Իր հերթին Գեղարքունիքի մարպետ Նվեր Պողոսյանը նշեց, որ վերարտադրված բարձրորոկ սերմացուն կբաշխվի ինչպես խոշոր ֆերմերային տնտեսություններին՝ սերմերի վերարտադրություն կազմակերպելու, այնպես էլ մեկից մինչեւ երեք հեկտար հողատարածքներ ունեցող առանձին կարիքավոր տնտեսություններին՝ օժանդակության նպատակով: Եվ արվելու է հնարավորը, որ առաջիկա տարիների ընթացքում մարզի տնտեսությունները ոչ միայն ամբողջապես ապահովված լինեն բարձրորակ ցորենի սերմնատեսակներով, այլ նաեւ հացահատիկի ցանքերը մարզում էապես ավելանան՝ այսօրվա 42 հազար հեկտարից հասնելով մինչեւ 73 հազարի:

Նախարար Սերգո Կարապետյանը հավելեց, որ առաջիկա երեք տարիների ընթացքում ՀՀ կառավարությունը կշարունակի Ռուսաստանի Դաշնությունից բարձրորակ հացաբույսերի ներկրումը եւ բաշխումը Գեղարքունիքի մարզի երկրագործական տնտեսություններին:

Օրվա վերջում Սերգո Կարապետյանը մարզպետ Նվեր Պողոսյանի ուղեկցությամբ այցելեց Ճամբարակի տարածաշրջանի Թթուջուր եւ Գետիկ համայնքներ՝ տեղում ծանոթանալու այս գյուղերի խոշոր եղջերավոր անասունների շրջանում համաճարակային հիվանդությունների բռնկման հետեւանքով ստեղծված իրավիճակին:

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.