Friday, August 12, 2011

«ԶՐԿՎԱԾ ԵՆ ԵՂԵԼ ԱԶԱՏ ՏԵՂԱՇԱՐԺԻՑ. Սաքունցը մտադիր է նաեւ պատասխանատվության ենթարկել քննիչին



Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, ընթանում է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպության բողոքի քննությունն ընդդեմ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Վաղինակ Մարտիրոսյանի՝ 2011թ. մայիսի 3-ի քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման:
2011
թ. փետրվարի 15-ին, ժ.17.00-ի սահմաններում, Վանաձոր-Երեւան ճանապարհի Վանաձորի մուտքի մոտ՝ մինչեւ Վանաձոր-Ստեփանավան խաչմերուկի մոտ 1 կմ հատվածում, ճանապարհը ոստիկանների կողմից փակվել էր, եւ մոտ 1 ժամ ամբողջ երթեւեկությունը դադարեցված է եղել:
Իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Արթուր Սաքունցի պնդմամբ՝ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Անուբախ Համբարյանը, ոստիկանության Վանաձորի բաժնի պետ Սերգո Ավետիսյանը, ՀՀ ոստիկանության, Ճանապարհային ոստիկանության ծառայության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ սպայական վաշտի նախկին հրամանատար Մերուժան Կարապետյանը եւ մի շարք ոստիկանության աշխատակիցներ խոչընդոտել են վրացական պետհամարանիշներով մեքենաների տերերի՝ գյումրեցի ու վանաձորցի վարորդների մուտքը քաղաք, նրանց զրկելով ազատ տեղաշարժի ու խաղաղ հավաքներին, ցույցերին, երթերին մասնակցելու սահմանադրական իրավունքից: 
2011
թ. փետրվարի 17-ին Արթուր Սաքունցի՝ հանցագործության մասին ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկած հաղորդմանն ի պատասխան, այս տարվա մայիսի 3-ին ուշացումով ստացվել է վիճարկվող որոշումը:
Լոռու մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Վաղինակ Մարտիրոսյանը նյութերի նախապատրաստման ընթացքում պարզել է, որ 2011թ. փետրվարի 15-ին, ժ.17.00-ի սահմաններում «Լոռի ՃՇՇ» ՓԲԸ աշխատակիցը, համաձայն սահմանված գրաֆիկի, կատարել է ձնամաքրման աշխատանքներ՝ Վանաձոր-Սպիտակ մայրուղում: Բայց քանի որ ժ. 17.00-ի սահմաններում նույն մայրուղու 1-ին կմ հատվածում խափանվել է ավտոգրեյդերի շարժիչի կցորդի անջատիչի եղանիկի մատիկը եւ մնացել մայրուղու երթեւեկելի գոտում՝ այդկերպ անանցանելի է դարձրել ճանապարհն ու խոչընդոտել մայրուղով ավտոմեքենաների, այդ թվում՝ վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների երթեւեկությունը: Տեղեկանալով խցանման մասին՝ ճանապարհային ոստիկանության 5-րդ վաշտի առաջին դասակի աշխատակիցներն այցելել են հիշյալ վայր: Կցորդման միջոցով չկարողանալով ավտոգրեյդերը ճանապարհից դուրս բերել՝ ներկաները բեռնատար ավտոմեքենաների օգնությամբ ճանապարհ են բացել ձնածածկ տարածքով: Ժամը 18:00-ի սահմաններում ավտոգրեյդերի վարորդի կողմից այն վերանորոգելուց հետո ճանապարհն ամբողջությամբ ազատվել է, երթեւեկությունն էլ՝ վերականգնվել:
Իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Արթուր Սաքունցը, սակայն, ասում է, որ նախաքննության մարմինը նյութերի նախապատրաստման փուլում օբյեկտիվորեն չի գնահատել գործում առկա մի շարք ապացույցներ, քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման հիմքում դրել է միայն ոստիկանության աշխատակիցների տված ցուցմունքները:
«
Քրեական գործ չհարուցելու որոշմամբ քննչական մարմինը ապօրինաբար թաքցնում կամ պաշտպանության տակ է վերցնում խախտում կատարողներին՝ ողջ խնդիրը տեղափոխելով ավտոգրեյդերի շարժիչի կցորդի անջատիչի եղանիկի մատիկի անսարքության վրա: Մինչդեռ ձայնագրություններ կան, որոնցում պարզ լսվում է շարժիչի աշխատանքի ձայնը»,- ասում է Սաքունցը:
Կազմակերպության ղեկավարը մտադիր է քննիչի գործողությունների օրինականության հարցը վիճարկելու դատական կարգով, քանի որ, ըստ նրա, քննիչը ներկայացված ապացույցները միտումնավոր կերպով համարժեք չի ուսումնասիրել՝ կեղծելով ներկայացված փաստերը:
«
Խոսքը ապօրինության մասին է: Քննության չեն ենթարկվել գործում առկա խոսակցությունների ձայնագրությունները, տեսանյութերը, լուսանկարները, միջոցներ չեն ձեռնարկվել հարցաքննելու տվյալ վայրում այդ ժամին գտնվող կազմակերպության ներկայացուցիչներին, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանին, վերեւում նշված պաշտոնատար անձանց եւ մյուսներին»,- բացատրում է իրավապաշտպանը:
Իրավապաշտպանը հավելում է, որ քաղաքացիների կատարած խախտումները շահագրգիռ քննությունների են արժանանում, ինչը չենք կարող ասել պաշտոնատար անձանց կատարած խախտումների մասին: Ըստ Սաքունցի՝ այդ սկզբունքով խախտվում է քաղաքացիների՝ օրենքի առջեւ բոլորի հավասարության սկզբունքը:


Անուշ Բուլղադարյան
Վանաձոր
Աղբյուրը՝ www.aravot.am 

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.