Friday, August 12, 2011

ԱՎԱՐՏՎՈՒՄ Է ԳԱՎԱՌԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄԸ

Ավարտին են մոտենում Գավառի մշակույթ տան շենքի հիմնանորոգման աշխատանքները: ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվերով եւ պետբյուջեի միջոցների հաշվին նախատեսվում էր եռամյա ծրագրով հիմնանորոգել Գավառի մշակույթի տունը: Շենքի հիմնանորոգման պայմանագրային ընդհանուր արժեքը կազմում է 116 միլիոն դրամ: Նախորդ տարում տրամադրվել է 20 միլիոն դրամ, որի շրջանակներում իրականացվել է շենքի ջեռուցման համակարգի կառուցումը: Այս տարի հատկացվել է 38 միլիոն 600 հազար դրամ` շենքի մի մասը վերանորոգելու համար:
Հիմնանորոգման աշխատանքներն իրականցնում է ՙԱրման-Երեմ՚ ՍՊԸ-ն:
Կազմակերպության ղեկավար Ռուբիկ Ավետիսյանը ՙԱրմենպրես՚-ին տեղեկացրեց, որ ավարտին են հասցվել իրենց կողմից ստանձնած պայմանագրային պարտավորությունները: Իրականացվել են ներքին հարդարման աշխատանքներ: Փոխվել են եռահարկ շենքի պատուհանները` փոխարինվելով եվրոպական արտադրության պատուհաններով, փոխվել են շենքի ներսի դռները: Վերակառուցվել է սանհանգույցը, նորոգվել է ջրամատակարարման ներքին համակարգը: Փոխվել են միջանցքների հատակները: Հին սալիկները փոխարինվել են կերամիկական սալիկներով: Սրահներում հատակը լամինապատվել է: Շենքի աջակողմյան աստիճանները ամբողջությամբ ձեւափոխվել են: Կառուցվել են աստիճանահարթակները եւ բազրիքները: Ըստ Ռ. Ավետիսյանի` դեռ կան լրացուցիչ անելիքներ արտաքին ջրամատակարարման եւ շենքի հարակից տարածքի բարեկարգման հետ կապված: Թարմացվել է նաեւ երրորդ հարկի սրահի մանրահատակը: Ըստ շինարարի` ծրագրով նախատեսված է փոխել նաեւ շենքի մուտքի դուռը:
Աշխատանքների արդյունքում բացվել է 15 ժամանակավոր աշխատատեղ, որում ընդգրկվել են Գավառի եւ Արծվաքարի շինարարները:

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.