Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վարդուհի Հովնանյանի նախագահությամբ, այսօր ժ.14-00-ին սկսվեց Լոռու մարզի Լեռնապատ համայնքի ղեկավար Վանո Եղիազարյանի հայցադիմումի քննությունն ընդդեմ նույն գյուղի բնակիչներ Գեւորգ Մելքոնյանի եւ Բորիս Աշրաֆյանի: Պատասխանող կողմում ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ է ճանաչվել նաեւ «Առավոտ» օրաթերթը:
«Առավոտի» շահերը դատարանում պաշտպանում է թերթի լրագրող, իրավական էջի պատասխանատու Ռուզան Մինասյանը:
Լեռնապատի համայնքապետը գյուղացիներին մեղադրում է իր պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը արատավորելու մեջ` պատասխանողներից համապատասխանաբար պահանջելով 500. 000-ական դրամ:
2011 թվականի օգոստոսի 19 -ին «Առավոտ» օրաթերթում «Ով ում է զրպարտել» հոդվածով գյուղացիները ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ցույցի ժամանակ բողոքել էին իրենց համայնքապետից, ինչն էլ հիմք է դարձել հարցը դատարանով լուծելու համար:
Նախնական դատական նիստին պատասխանող Գեւորգ Մելքոնյանը չէր ներկայացել: Դատարանում հայցվորը հայտնեց, որ պատասխանողը Ռուսաստան է գնացել:
Հայցվորի միջնորդությամբ դատարանը կայացրեց Գեւորգ Մելքոնյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին որոշում, ինչն էլ հիմք դարձավ գործի վարույթը կասեցնելու համար:
Մինչ հետախուզում հայտարարելը՝ «Առավոտի» ներկայացուցիչը դատարան ներկայացրեց ՀՀ ՍԴ մամուլի ծառայության պաշտոնական հաղորդագրությունը ՍԴ աշխատակարգային որոշման մասին, ըստ որի՝ նոյեմբերի 15-ին նշանակվել է դատական նիստ. ՄԻՊ-ը դիմել է ՍԴ՝ կապված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վիրավորանք-զրպարտության հոդվածների սահմանադրությանը համապատասխանելու հարցով եւ միջնորդեց, որպեսզի մինչ նոյեմբերի 15-ը հետաձգվի դատական նիստը:
2-րդ հայցով էլ պատասխանող Բորիս Աշրաֆյանը դատական հայցը անհիմն համարեց, ավելին` նախնական դատական նիստի ժամանակ դատարանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց` բացատրելով, որ նույն դատավորը համայնքապետի նախորդ հայցադիմումի հետ կապված՝ իր նկատմամբ անարդար որոշում է կայացրել:
«Այս դատական հայցն էլ նախորդի օրգանական շարունակությունն է, վստահություն չունեմ դատավորի նկատմամբ: Ինձ «սոված» բառի, մեկ էլ «արա» բառի համար տուգանք են նշանակել»,- ասաց Բորիս Աշրաֆյանը:
Հայցվորն անհիմն համարեց ինքնաբացարկը: Իսկ «Առավոտը» գտավ, որ պատասխանողի դատավարական իրավունքներից է ինքնաբացարկ հայտնելը եւ բացարկի հարցը թողեց դատարանի հայեցողությանը:
Նոյեմբերի 2-ին դատարանը կքննարկի ինքնաբացարկի միջնորդության հարցը:
Անուշ Բուլղադարյան
Վանաձոր
Աղբյուրը` www.aravot.am
0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.