Saturday, October 1, 2011

«Գոնե 24 տարեկանում բանակ տանեին, այն ժամանակ դեռ ընտանիք կազմած չէի լինի, երեխա չէինք սպասի». Փախստականը դատական հայց է ներկայացրել ՀՀ Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության դեմ


Երբ այս տարվա հունվարին 26-ամյա Կարեն Ղեւոնդյանն ստացավ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետի՝ 2010 թվականի դեկտեմբերի 27-ի որոշումը, անակնկալի եկավ: Ողջ կյանքը որպես փախստական ապրած Կարենին նամակով հայտնել են, որ ինքն այլեւս փախստական չէ:
«
Անակնկալի եկա, զարմացա: Վերջին անգամ տրված փախստականի վկայականի ժամկետն ապրիլին պետք է լրանար, դրանից հետո էլի պիտի թարմացնեի: Լրիվ օրինական էր տրվել՝ դեռ 2008 թվականին: Մինչ այդ էլ ամեն երեք տարին մեկ թարմացվել է»,- ասում է Կարենը:
Միգրացիոն պետական ծառայությունն իր նախաձեռնությամբ 01.12.2010 թվականին հարուցված վարչական վարույթի շրջանակներում, ծառայության վարչական շենքում 01.12.2010 թ. մինչեւ 20.12.2010 թ. իրականացրել է վարչական գործի քննարկում՝ Կարեն Էդուարդի Ղեւոնդյանի՝ Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունենալու հիմքերը վերանայելու վերաբերյալ:
Պարզվել էր, որ «Համակարգչային կենտրոն» ՊՈԱԿ-ում չկա Կարեն Ղեւոնդյանի անվամբ կազմված անձնական գործ, բացակայում են նրա՝ փախստականի կարգավիճակ ունենալու վերաբերյալ հիմքերը:
Կարենը դուրս է մնացել փախստականների ցուցակից:
Ի պատասխան ծառայության կայացրած որոշման՝ Կարեն Ղեւոնդյանը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունից ամբողջությամբ վերացնելու իրեն ՀՀ-ում փախստական չճանաչելու մասին 27.12.2010 թվականի որոշումը:
Փախստականի կարգավիճակից զրկվելուն հաջորդել է ՀՀ ՊՆ Տաշիրի զինվորական կոմիսարի ուղարկած զինվորական ծառայության զորակոչման վերաբերյալ ծանուցագիրը:
26
տարեկանում բանակ գնալու փաստի հետ Կարենը չի հաշտվում: Դժվար կլինի իրենից փոքրերի հետ ծառայելը, դրան էլ գումարած՝ նորաստեղծ ընտանիքի գոյությունն ու երկու ամիս անց սպասվող երեխայի ծնունդը:
«
Չեմ խուսափում բանակ գնալուց, եթե պետք է՝ հոգեբանորեն կպատրաստվեմ, կգնամ: Բայց ինչի համար, այս պահին ես օդից կախված մարդ եմ, Հայաստանի քաղաքացի էլ չեմ,- բացատրում է նա,-գոնե 24 տարեկանում տանեին, այն ժամանակ դեռ ընտանիք կազմած չէի լինի, երեխայի չէինք սպասի»:
Կարեն Ղեւոնդյանի փաստաբան Էդմոն Մարուքյանը ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետի կայացրած որոշումն անօրինական ու անհիմն է համարում:
Փաստաբանն ասում է, որ նման որոշում կայացնելու պատճառը բանակում զորակոչի բացերը լրացնելն է: «Փախստականի հաշվին փորձում են թիվ ցույց տալ: Կարենը հիմա 26 տարեկան է, եթե նրա 27 տարեկանը լրանար, նոր կարգավիճակը դադարեցնեին, էլ չէին կարող զորակոչել: Այդ պատճառով էլ հիմա են զրկել փախստականի կարգավիճակից»:
Էդմոն Մարուքյանն ավելացնում է, որ «եթե նույնիսկ ՀՀ վարչական դատարանը մերժի Կարեն Ղեւոնդյանի հայցն ընդդեմ Միգրացիոն պետական ծառայության, այնուամենայնիվ, դատական ակտի՝ օրինական ուժի մեջ մտնելուց հետո էլ նրան չեն կարող զորակոչել բանակ:
Կարեն Ղեւոնդյանի՝ փախստականի կարգավիճակի դադարումն անգամ նրան մեխանիկորեն չի դարձնում ՀՀ քաղաքացի, հետեւաբար նա ՀՀ սահմանադրության եւ օրենքի իմաստով զինապարտ չի հանդիսանում»:
Բացի այդ՝ փախստականի կարգավիճակից զրկելու որոշում կայացնելիս Միգրացիոն պետական ծառայությունը Կարեն Ղեւոնդյանին չի ծանուցել գործի քննության տեղի եւ ժամանակի մասին, այն դեպքում, երբ վարչական գործի քննարկումը 20 օր է տեւել:
«
Արդյունքում Կարեն Ղեւոնդյանին՝ որպես վարչական վարույթի մասնակցի, հնարավորություն չի տրվել արտահայտվելու վարչական վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ»,- բացատրում է փաստաբանը:
Նա կասկած է հայտնում, որ դիտավորությամբ ջնջել են Կարեն Ղեւոնդյանի տվյալները՝ նրան փախստականի կարգավիճակից զրկելու նպատակով:
«
Մարդը երեք անգամ փախստականի վկայական է ստացել, ունեցել են հիմքեր, որ տվել են, հիմա էլ ջնջել են, որ բանակ տանեն: Եթե նույնիսկ «Համակարգչային կենտրոն» ՊՈԱԿ-ում արխիվը չի պահպանվել, դա չի նշանակում, որ այդ ամենի անբարենպաստ հետեւանքը փախստականները պետք է կրեն»,- տարակուսում է փաստաբանը:
Վերջերս էլ ՀՀ վարչական դատարանը մերժել է փաստաբան Մարուքյանի՝ որպես հայցի ապահովման միջոց ՀՀ ՊՆ Տաշիրի զինվորական կոմիսարին հայցվոր Կարեն Ղեւոնդյանին ժամկետային զինվորական ծառայության զորակոչելը կամ դրան ուղղված գործողություններ կատարելը արգելելու մասին միջնորդությունը:
Էդմոն Մարուքյանը բացատրում է, որ եթե հայցվոր Ղեւոնդյանին զորակոչեն ՀՀ բանակ՝ պարտադիր զինվորական ծառայության, որից հետո վարչական դատարանի կողմից հայցը բավարարվի եւ անվավեր ճանաչվի վարչական ակտը, դատական ակտի կատարումը՝ ապա նրա փախստականի կարգավիճակի պահպանումը կդառնա անհնարին:
«
Միջնորդությունը բավարարելու համար դիմել ենք ՀՀ վերաքննիչ վարչական դատարան, քանի որ նման պայմաններում փախստականին կամ քաղաքացիություն չունեցող անձին զորակոչելը կամ նրա նկատմամբ զորակոչին ուղղված գործողություններ կատարելը որեւէ կերպ իրավաչափ համարվել չեն կարող»,- եզրափակում է նա:


Անուշ Բուլղադարյան
Վանաձոր
Աղբյուրը` www.aravot.am


0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.