
Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրօրի 130 Հոդվածի 2-րդ մասով, այն է՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ դրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության հարուցիչով վարակում:
Արմանը մահացել է նախորդ տարվա ապրիլի 5-ին՝ սուր լյարդային անբավարարությունից՝ կապված վիրուսային հեպատիտ B-ի ֆուլմինատիվ ընթացքով (կայծակնային չարորակ ձեւ)՝ լյարդի օջախային մեռուկների առաջացումով:
Արմանի մայրը՝ Սուսաննա Անտոնյանը ասում է, որ իր որդին երեխա չունենալու պատճառով 2009 թ. նոյեմբերից մինչեւ փետրվարի 27-ը եղել է Սեքսապաթոլոգիայի վերականգնողական քաղաքային կենտրոնի բժիշկ-սեքսապաթոլոգ Արթուր Բաղդասարյանի հսկողության տակ, իսկ նույն տարվա հունվարի 17-ից մինչեւ փետրվարի 27-ն ընկած ժամանակահատվածում բուժման կուրս է անցել նրա մոտ:
«Ուղիղ մեկ ամիս անց երեխուս վիճակը վատացավ, չէր կարողանում շարժվել, ջերմությունը բարձրացավ մինչեւ 40 աստիճան, գույնն էլ՝ դեղին: Քանի անգամ շտապօգնություն ենք կանչել, երկու անգամ եկան, թե՝ կարիք չկա անհանգստանալու, ուղղակի գրիպային վիճակ է: Հաջորդ օրը՝ մարտի 31-ին երեխուս մարմինը փքվեց, ջերմությունն էլ չէր իջնում, տարանք հիվանդանոց»,- 29 տարեկանում մահացած որդու վերջին օրերի վիճակի մասին է պատմում մայրը:
Քրեական գործի նյութերում, մինչ գործի վարույթը կարճելն ու նոր նախաքննություն սկսելու որոշում կայացնելը, տուժողի մայրը ներգրավված է եղել որպես իրավահաջորդ:
Սակայն քրգործի վարույթը վերսկսելու որոշումից հետո նախաքննական մարմինը Սուսաննա Անտոնյանին որպես տուժողի իրավահաջորդ չի ներգրավել՝ այդկերպ զրկելով Արման Անտոնյանի հարազատներին համապատասխան տեղեկատվություն ստանալու իրավունքից:
«ՀՔԱ Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպության՝ տեղեկատվական հարցմանն ի պատասխան, այս տարվա սեպտեմբերի 29-ին վարչական շրջանների ավագ դատախազ Հ. Էյրամջյանից ստացվել է տեղեկատվություն այն մասին, որ քրեական գործով կասկածյալներ կամ մեղադրյալներ չկան:
Բացի այդ, պատասխանում նշվում է, որ քրեական գործով տուժողի իրավահաջորդ ճանաչելու հանգամանքին վարույթ իրականացնող մարմինը կանդրադառնա կրկնակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունն ստանալուց հետո:
«Իրավահաջորդ չճանաչելով՝ նախաքննական մարմինը խախտել է հարազատների իրավունքը: Հետեւանքն էլ այն է, որ վերջիններս հնարավորություն չունեն տվյալ գործին անմիջականորեն վերահսկողություն իրականացնելու, չեն կարողանում համապատասխան բողոքներ, դիմումներ ներկայացնել»,- բացատրում է ՀՔԱՎ իրավաբան Արայիկ Զալյանը: Նա հավելում է, որ բացի բժշկական ոչ ճիշտ միջամտությունից՝ նախաքննական մարմինը պետք է քննարկեր նաեւ կյանքի իրավունքի հարցը:
Արմանի մայրը՝ տիկին Սուսաննան, նախաքննական մարմնին տեղեկացրել է, թե որ բժշկական հաստատությունում է որդին հետազոտություն անցել: Մեղադրյալներ կամ կասկածյալներ չլինելու հանգամանքը իրավաբանը որակում է որպես նախաքննական մարմնի անգործություն:
«Տվյալ դեպքում, երբ մայրն ինքը նշում է բժշկական անձնակազմի տվյալները, նախաքննական մարմնի կողմից մեղադրյալներ կամ կասկածյալներ չբացահայտելը կարող ենք դիտել որպես անգործություն»,- բացատրում է Զալյանը:
Սուսաննա Անտոնյանը շարունակում է պնդել, որ որդին վարակվել է բուժման ժամանակ. մինչ այդ իր տղան կատարյալ առողջ է եղել:
Մայրը նաեւ նշում է, որ բժիշկ Արթուր Բաղդասարյանը որդուն հիվանդության էպիկրիզ չի տվել, բուժման համար վճարման դիմաց չի տրամադրել համապատասխան անդորրագրեր:
«Արմանին հիվանդների ցուցակում չի գրանցել, հենց սկզբից 170. 000 դրամ գումար է վերցրել, բայց ստացիոնար չի բուժել: Բուժումն սկսելուց առաջ չի պարզել՝ Արմանը հեպատիտ ունե՞ր, թե՞ ոչ, ասում է՝ մտքովս չի անցել անալիզ անեմ, բա ո՞ւմ մտքով պիտի անցներ»,- բժշկի կողմից թույլ տված խախտումների մասին է պատմում մայրը:
Իրավաբան Արայիկ Զալյանն ասում է, որ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննությունը պարտավոր է պատասխանել հետեւյալ առանցքային հարցերին. վարակն ի՞նչ ճանապարհով է ձեռք բերվել եւ ինչքա՞ն ժամանակ է հիվանդությունը եղել Արման Անտոնյանի մոտ:
«Պատասխանելով այս հարցերին՝ գործի ելքը ակնհայտ կլինի»,- եզրափակում է նա:
Անուշ Բուլղադարյան
Վանաձոր
Աղբյուրը` www.aravot.am
0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.