Thursday, October 20, 2011

2012 Թ. ԿՈՒՆԵՆԱՔ ՆՈՐ ԿԱԴԱՍՏՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ`ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐՈՎ
















Անշարժ գույքի կադաստրի համակարգում իրականացվում են համալիր բարեփոխումներ, որոնք միտված են համակարգի կողմից իրականացվող գործառույթների թափանցիկության բարձրացմանը, վարչարարության պարզեցմանը, պաշտոնյա-քաղաքացի անմիջական շփման անհրաժեշտության բացառմանը, հետևաբար և համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: Բարեփոխումների փաթեթի կիրառման պիլոտային ծրագիր է իրականացվում Կոտայքի մարզում, իսկ ամբողջ համակարգում նորույթները կկիրառվեն 2012 թվականի հունվարի 1-ից:

Կադաստրի համակարգում կգործեն նոր կառուցվածքային միավորներ՝ սպասարկման գրասենյակներ, որոնք կապահովեն քաղաքացիների դիմումների ընդունումն ու ավարտական փաստաթղթերի տրամադրումը քաղաքացիներին:

Էլեկտրոնային ստորագրություն ունեցող անձինք հնարավորություն կունենան դիմումները ներկայացնել առցանց, կունիֆիկացվեն նաև վճարները: Այսպես՝ անշարժ գույքի գրանցման համար սահմանվել է 25000 դրամ և տեղեկատվության տրամադրման համար`10000 դրամ գումար:

Անշարժ գույքի չափագրման գործառույթն էլ  կիրականացնեն մասնավոր հատվածի որակավորված մասնագետները: Կստեղծվի մրցակցություն, ինչն էլ կբարելավի ծառայությունների որակը:

Ամենակարևոր փոփոխություններից մեկը թերևս այն է, որ կվերացվի դիմումները կադաստրի պետական կոմիտեի տարածքային մարմիններին ըստ գույքի գտնվելու վայրի ներկայացնելու անհրաժեշտությունը:

«Այսինքն՝ ՀՀ ցանկացած վայրում գտնվող սպասարկման գրասենյակից կարելի է ստանալ մեկ այլ վայրում գտնվող անշարժ գույքի իրավունքի գրանցման վկայականը»,- երեկ Կոտայքի մարզկենտրոն Հրազդանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Դավթյանը:

Կարեն Դավթյանի խոսքով նոր համակարգին անցում կատարելու նպատակով վերապատրաստվում են մասնագետները: Սպասարկման գրասենյակները կունենան ոչ միայն հմուտ մասնագետներ, այլև հագեցած կլինեն գույքով և տեխնիկական միջոցներով:

Բարեփոխումների գլխավոր նպատակն է նվազեցնել կոռուպցիոն երևույթները համակարգում և ստեղծել տեղեկատվության մեկ միասնական բազա:

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.