Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մուշեղ Հարությունյանի գլխավորությամբ, շարունակվում է «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի» գլխավոր տնօրեն, «Մեթըլ Փրինս» կորպորացիայի սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանի դատավարությունը: Սերոբ Տեր-Պողոսյանը մինչ օրս իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում, դատաքննությունն էլ արդեն ավարտման փուլում է: «Սերոբ Տեր-Պողոսյանի հարցաքննությունը մեկ անգամ եւս հիմնավորեց առաջադրված մեղադրանքը: Թեեւ նա իրեն մեղավոր չի ճանաչում, այնուամենայնիվ, նրա տված ցուցմունքը բովանդակային իմաստով բարենպատ է մեղադրանքի կողմի համար»,- ասում է մեղադրող Հովսեփ Սարգսյանը: Նախաքննության սկզբում նրան մեղադրանք էին առաջադրել ՀՀ քրօրի 140-րդ հոդվածով, ինչը, սակայն, վերաորակվել էր: Վերջինիս նոր մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ 3-րդ մասով, այն է՝ սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, որը կատարվել է տասնչորս տարին չլրացած տուժողի նկատմամբ: Մեղադրանքի կողմը փաստում է, որ ունեցած տեսանյութերը անհերքելի ապացույցներ են, որոնց վերծանման ու վերականգնման արդյունքում է կատարվել հոդվածի վերաորակում: «Մեղադրանքի կողմն ունի ապացույցների հզոր բազա՝ տեսանյութերը: Հոդվածը վերորակվեց ապացույցների ճնշման տակ: Ոչնչացված ֆայլերը վերականգնվեցին այն ժամանակ, երբ 140 հոդվածով գործը հարուցված էր»,- բացատրում է Հովսեփ Սարգսյանը: Մեղադրողներն ասում են, որ տուժողների մեջ հիմնականում սոցիալական խոցելի կարգավիճակ ունեցող տղա երեխաներ են՝ մանկահասակներ, միակողմանի ծնողազուրկ, մոլորության մեջ ընկած, որոնց գումարով «գայթակղելը» դժվար չի եղել բարերարի անուն հանած մարդուն՝ կասկածի տեղիք չտալով նաեւ ծնողների համար: «Անօգնական վիճակից օգտվելն այս պարագայում հավասարեցվում է բռնության: Մենք երբեք չենք ասել, որ նա ֆիզիկական ուժ է գործադրել կամ պարտադրել զոռով բերել իր մոտ: Մենք դիտարկում ենք ամբաստանյալի նյութական վիճակը, նրա զբաղեցրած դիրքը հասարակության մեջ եւ ընդհանրապես նրա անունը, ինչը ինքը ձեռք էր բերել եւ ուներ՝ որպես բարերար անձնավորություն: Այս ամենն ստեղծել է այնպիսի մի լարված վիճակ, որ հենց տուժողները մեծ կախվածության մեջ են եղել նրանից»,- ասում է ՀՀ գլխավոր դատախազության ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչության ավագ դատախազ Արամ Ամիրզադյանը: Սերոբ Տեր-Պողոսյանին սպառնում է ազատազրկում, համապատասխանաբար՝ 4-10 եւ 8-15 տարի ժամանակով: Անուշ Բուլղադարյան Վանաձոր Աղբյուրը` www.aravot.am |
0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.