Friday, December 9, 2011

Համագյուղացի վկաները նոր են իմանում բռնաբարության փորձի մասին


Երեկ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվեց Մեծ Պարնի գյուղի բնակիչ Թադեւոս Գեւորգյանի դատաքննությունը:
27-ամյա Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել համագյուղացու նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու, ինչպես նաեւ ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային երթեւեկության շահագործման կանոնները խախտելու համար:
Դատական նիստին հրավիրված վկաների ցուցմունքներից պարզվում է, որ Թադեւոս Գեւորգյանն ու տուժող Գայանե Սարգսյանի ամուսինը վիճաբանություն են ունեցել ոչ թե բռնաբարության փորձ կատարելու դեպքի հետ կապված, այլ այն կապակցությամբ, թե ինչու է Թադեւոսը մեքենայով գնացել Գայանե Սարգսյանի հետեւից:
«Մեքենայով հետեւից գնացել ա, դրա համար էլ վիճել են, բռնաբարության փորձի մասին նոր եմ իմանում»,- դատարանում հայտարարեց համագյուղացիներից մեկը:
Մյուս վկաները եւս նույնաբովանդակ ցուցմունքներ տվեցին:
Թադեւոս Գեւորգյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանը հավելում է, որ այս վկաների ցուցմունքներին լրացնում է նաեւ տուժող Գայանե Սարգսյանի ամուսնու՝ դռնփակ դատական նիստի ժամանակ տված ցուցմունքը:
«Տուժողի ամուսինը պնդեց նախաքննության ժամանակ Լոռու մարզի ոստիկանությունում տված ցուցմունքը՝ դատարանում հայտարարելով, թե բռնաբարության փորձ իր կնոջ նկատմամբ տեղի չի ունեցել»,- ասում է փաստաբանը:
Հաջորդ դատական նիստի ժամանակ փաստաբան Հակոբյանի միջնորդությամբ դատարան են հրավիրվել մեղադրանքի կողմից հարցաքննված, բայց դատակոչում չընդգրկված վկաները:
Ըստ գործի նյութերի՝ 2008թ. սեպտեմբերի վերջերին, հոկտեմբերի սկզբին, Մեծ Պարնի գյուղի բնակչուհի Գայանե Սարգսյանի կամքին հակառակ, Թադեւոս Գեւորգյանը փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ: Գայանե Սարգսյանը դիմադրություն է ցույց տվել, ոտքերով հրել է նրան եւ ազատվելով՝ հեռացել:
Թադեւոս Գեւորգյանը, սակայն, չի ընդունում իրեն վերագրվող հանցագործություննեը՝ պնդելով, որ ինքը բռնաբարության փորձ չի կատարել Գայանե Սարգսյանի նկատմամբ, իսկ ավտոմեքենան էլ այդ օրը վարել է տուժող Վարդան Արզումանյանը:
Վթարի առնչությամբ Լոռու մարզի քննչական բաժնի Սպիտակի բաժանմունքում նյութեր են նախապատրաստվել: «2011թ. հունվարի 11-ին հարուցված քրեական գործի շրջանակներում պաշտպանյալս ներգրավված է եղել որպես վկա, քանի որ նախաքննությամբ պարզվել է, որ ղեկին եղել է տուժող Վարդան Արզումանյանը»,- ասում է փաստաբան Ռուբեն Հակոբյանը:
Սակայն քրեական գործի վարույթը կասեցվելուց հետո՝ այս տարվա ապրիլից նոր քննություն է նշանակվել արդեն Շիրակի մարզի քննչական բաժնում: Գեւորգյանը ճանաչվել է մեղադրյալ եւ կալանավորվել:
Հ. Գ. Դատական նիստի ավարտից հետո տուժող Գայանե Սարգսյանը վիճաբանության մեջ մտավ մեղադրող դատախազի հետ: Տուժողը վրդովված հարցնում էր մեղադրողին, թե ինչու է վերջինս իր անվան շուրջ նման տեղեկություններ ներկայացրել մեղադրանքում:
Նա շարունակում է պնդել, որ իր նկատմամբ բռնաբարության փորձ տեղի չի ունեցել:
ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Վանաձոր

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.