Friday, December 16, 2011

«Մենք էդ կոպեկներով ենք ապրում»




Տուժողները պահանջում են հետ ստանալ իրենց կենսաթոշակները




Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ, ընթանում է շարունակաբար, միասնական դիտավորությամբ կենսաթոշակառուների գումարները յուրացնելու, առեւտրային կաշառք ստանալու եւ պաշտոնական փաստաթղթեր կեղծելու եւ օգտագործելու մեջ մեղադրվող վանաձորցի Շողիկ Վարդումյանի դատաքննությունը:
Վանաձորցի կնոջը մեղադրանք է առաջադրված ՀՀ քրօրի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325 հոդվածի 1-ին մասով, 200 հոդվածի 3-րդ մասով:
Դատարան հրավիրված 73-ամյա տուժող Սուրեն Հովհաննիսյանը հայտնեց, որ Ռուսաստանի Դաշնություն մեկնելուց առաջ գնացել է փոստային բաժանմունք՝ տեղեկանալու, թե արդյո՞ք անհրաժեշտ է գնալ սոցապ վարչություն՝ ժամանակավոր սառեցնելու համար կենսաթոշակային գումարները:
«Ասաց, թե չէ, պետք չի, կգաս, փողդ կստանաս: Ընդամենը տեղեկատվություն եմ ստացել, ես իրեն էլ ոչ մի առաջարկ չեմ արել»,- դատարանում պատմում էր տուժողը:
Վերադարձից հետո իմացել է կենսաթոշակի «յուրացման» մասին:
«Յուրացրել է մեր բոլորի կոպեկները, դա իմ կոպեկներն ա, իմ թոշակն ա, մենք էդ կոպեկներով ենք ապրում: Պահանջում ենք, որ հետ տա մեր գումարները»,- ասում է Սուրեն Հովհաննիսյանի կինը՝ Ալվարդ Տոնոյանը:
Ըստ մեղադրանքի՝ Շողիկ Վարդումյանը յուրացրել է նաեւ նրա կենսաթոշակը:
«176.000 դրամ իմն ա, 134. 000՝ ամուսնունս».-նշում է նա:
Ըստ մեղադրական եզրակացության՝ 47-ամյա Շողիկ Վարդումյանը, աշխատելով «Հայփոստ» ՓԲ ընկերության Վանաձորի փոստային բաժանմունքի պետի պաշտոնում, շարունակաբար, միասնական դիտավորությամբ, 2007թ. հոկտեմբերից մինչեւ 2010թ. սեպտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացման եղանակով հափշտակել է կենսաթոշակառուների առանձնապես խոշոր չափերով՝ 3.739.291 ՀՀ դրամ կենսաթոշակային գումարները:
Բացի այդ՝ 2009թ. հունվարից 2010թ. հունիսն ընկած ժամանակահատվածում կեղծել եւ օգտագործել է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր եւ հանդիսանալով շահույթ հետապնդող առեւտրային կազմակերպությունում կառավարչական գործառույթ իրականացնող ծառայող՝ ստացել է առեւտրային կաշառք: Դատաքննությունը շարունակվում է:
ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Վանաձոր

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.