Saturday, December 24, 2011

Մայրը պնդում է


Դպրոցի տնօրենն ու ուսուցիչները վիրավորել ու զրպարտե՞լ են իր դստերը
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Նաիրա Ավետիսյանի գլխավորությամբ, ընթանում է Թամարա Ադամյանի հայցադիմումի քննությունն ընդդեմ Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի տնօրեն Նարինե Սահակյանի եւ նույն դպրոցի ուսուցիչներ Ռանի Վահրամովայի, Նատալյա Նալբանդյանի ու Սյուզաննա Սահակյանի:
Թամարա Ադամյանը դպրոցի տնօրինությանն ու ուսուցչական կազմին մեղադրում է 14-ամյա դստերը՝ Մարիամ Ադամյանին զրպարտելու եւ վիրավորելու մեջ:
Նա պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել եւ որպես բարոյական վնասի փոխհատուցում՝ յուրաքանչյուրից բռնագանձել 3 մլն դրամ (1 մլն՝ վիրավորանքի, 2 մլն՝ զրպարտության համար)։
38-ամյա կինը պնդում է, որ դպրոցի տնօրենն ու ուսուցիչները վիրավորել ու զրպարտել են իր անչափահաս դստերը, մեղադրել գողություն եւ դրամաշորթություն կատարելու մեջ, ապա հերքել, նվաստացրել երեխային, այնպիսի բարոյահոգեբանական մթնոլորտ ստեղծել, ինչի պայմաններում երեխայի ուսման շարունակության հարցը տվյալ հաստատություններում անհնար է: «Երեխայիս մեղադրել են ուսուցիչների անուններով զանգեր կատարելու մեջ, այն դեպքում, երբ իրենց կողմից նշված հեռախոսահամարը նշված ժամանակահատվածից էլ շատ առաջ գոյություն չի ունեցել, ռուսերենի ուսուցչուհին դասարանի աշակերտների ներկայությամբ ասել է, թե՝ քո նմանին մայրը պիտի թույն տա, որ խմես, սատկես: Իմ ներկայությամբ երեխային ասել են, թե՝ դու մայր ունենալու իրավունք չունես»:
Թամարա Ադամյանը նշում է նաեւ, որ մինչ իրեն դպրոց կանչելը դպրոցից երբեւէ դստեր պահվածքի մասին դժգոհություններ չի լսել, զարմանում է. եթե դժգոհ էին, ապա ինչու ուսուցիչները մինչ այդ չէին տեղեկացնում իրեն:
«Չգիտեմ այս ամենի պատճառը, բայց այն, որ իմ երեխան նման արարքներ չի կատարել, ես համոզված եմ»,- բացատրում է նա: Ասում է, որ ապրիլի 29-ին է տեղեկացել խոսակցությունների մասին: Իսկ տնօրենի եւ ուսուցիչների հետ հաջորդ 2 օրերի՝ ապրիլի 30-ի եւ մայիսի 2-ի խոսակցությունները ձայնագրել է, հայցադիմումի հետ ներկայացրել դատարան: Մորը, սակայն, ավելի շատ անհանգստացնում է այն հանգամանքը, որ մինչ օրս դուստրը պրոֆիլակտիկ հաշվառման մեջ է ՀՀ ոստիկանության Վանաձորի բաժնի ԱԳ բաժանմունքում:
Թիվ 11 ավագ դպրոցի աշակերտների ծնողների դիմում-բողոքների հիման վրա ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվել:
Կատարված ստուգումներով պարզվել է, որ Մարիամ Ադամյանը ցածր դասարանի աշակերտներից պարբերաբար պարտքով որոշակի (50, 100, 110, 500 դրամ) գումարներ է վերցրել:
Դատարանում Թամարա Ադամյանի ներկայացուցիչ իրավապաշտպան Արթուր Սաքունցն այն կարծիքին է, որ դիմում-բողոքներ գրելը կազմակերպված է եղել:
«Դիմումների մեծ մասը մայիսի երկուսին եւ երեքին են գրված: Տարբեր մարդիկ նույն օրը, նույն բովանդակությամբ դիմում գրել չէին կարող: Եթե իրենց ասելով Մարիամի արարքները տեւական բնույթ են կրել, ապա այս ծնողները պետք է տարբեր ժամանակներում դիմում գրեին»,- բացատրում է Սաքունցը:
Դպրոցի տնօրենն ու ուսուցիչները, սակայն, պնդում են, որ իրենք չեն զրպարտել, չեն վիրավորել երեխային:
Դպրոցի տնօրեն Նարինե Սահակյանի եւ ուսուցիչ Ռանի Վահրամովայի ներկայացուցիչ, փաստաբան Արտակ Ոսկանյանը բացատրում է, որ հայցվորը իր եւ իր դստեր պատիվը, արժանապատվությունը արատավորող արտահայտությունների վերաբերյալ դատարանին չի ներկայացրել որեւէ թույլատրելի ու վերաբերելի ապացույց, ուստի պատասխանողները հայցվորի եւ նրա դստեր պատիվը եւ արժանապատվությունը արատավորող արտահայտություն չեն կատարել:
«Հետեւաբար, վիրավորանքի կամ զրպարտության փաստի բացակայության պայմաններում հայցվորի պահանջը դառնում է ամբողջովին հիմնազուրկ»,- բացատրում է փաստաբանը:
Դատարանում Նատալյա Նալբանդյանի ու Սյուզաննա Սահակյանի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Հակոբյանն էլ հավելում է, որ ըստ էության հայցն անհիմն է եւ ենթակա է մերժման:
«Անգամ, եթե պայմանականորեն ընդունենք, որ հայցվորի ու նրա դստեր պատիվն ու արժանապատվությունը արատավորող արտահայտություն կատարելու, ինչպես նաեւ իրականությանը չհամապատասխանող փաստացի տվյալներ ներկայացվելու փաստերն առկա են, ապա նույնիսկ այդ պարագայում սույն գործով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի իմաստով վիրավորանքի եւ զրպարտության մասին խոսք լինել չի կարող, քանի որ հայցվորի եւ նրա դստեր մասին որեւէ հրապարակային արտահայտություն, այն էլ՝ արատավորելու նպատակով, չի կատարվել, հայցվորի եւ նրա դստեր վերաբերյալ փաստացի տվյալներ հրապարակայնորեն չեն ներկայացվել»,- բացատրում է Ռուբեն Հակոբյանը:
Հակառակ սրան՝ դատարանում հայցվորի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը նշում է, որ անգամ դպրոցի տնօրենի սենյակը հրապարակային վայր է, որտեղ ծավալվում են որոշակի դեպքեր, հարաբերություններ:
«Ոչ անձնական օգտագործման տարածքներում, որտեղ տեղի են ունենում նման երեւույթներ, այդ վայրերում ցանկացած արտահայտություն, առավել եւս ուսուցիչների ներկայությամբ, հրապարակային է»,- ասում է Սաքունցը: Նա դեմ է առարկություններին եւ պնդում է հայցապահանջը:
Հաջորդ դատական նիստին դատարանը կլսի հրավիրված վկային:
ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Վանաձոր

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.