Friday, December 16, 2011

Վնասազերծո՞ւմ. Արման Ենգիբարյանի հոր ներկայացուցիչը դիմում է ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան


Այս տարի ամռանը հետապնդման ժամանակ ոստիկանների կողմից վնասազերծման արդյունքում մահացած Արման Ենգիբարյանի հոր եւ կնոջ ներկայացուցիչ, փաստաբան Էդմոն Մարուքյանը նախնական դիմում է ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` նրա նկատմամբ ոստիկանների գործողությունները ՄԻԵԿ –ի 2-րդ, 13-րդ եւ 6 –րդ հոդվածի 2-րդ մասով խախտումներ ճանաչելու պահանջով:
2011-ի հունիսի 14-ին Երևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ ոստիկանները սպանել էին Արման Ենգիբարյանին` ըստ պաշտոնական վարկածի` «նախազգուշացնող կրակոցից հետո վնասազերծելով» նրան` որովայնին ու գլխին կրակելով:
Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) տվյալներով` Ենգիբարյանը կասկածվել էր որպես այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին Երևանում բնակարաններ ավազակային հարձակումներ կատարած անձ ու հետապնդվել, չենթարկվելով ոստիկանների պահանջներին`Արմանը մարդաշատ վայրում զենք էր կիրառել` ոստիկանների դեմ օգտագործելով օրինական կերպով իրեն պատկանող գազային ատրճանակը:
ՀՔԾ-ից «Մեդիալաբին» հայտնել էին, որ Արման Ենգիբարյանի դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործով 2011 թվականի հուլիսի 21-ին որոշում է կայացվել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ հետապնդում չիրականացնել, քանի որ նախաքննությամբ պարզվել է, որ Արման Ենգիբարյանին վնասազերծած ոստիկանության ծառայողների գործողությունները եղել են իրավաչափ:
Համաձայն չլինելով ՀՔԾ-ի որոշման հետ` Արմանի հարազատները դիմել էին Կենտրոն եւ նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան:
Ըստ նրանց` իրենց որդուն ոստիկանները սպանել են, իսկ գործողություններն էլ օրինաչափ չեն եղել: Արմանի երկու երեխաներն էլ մնացել են առանց հայրական խնամքի:
«Դատարանն, ըստ էության, առանց որեւէ պատճառաբանության, մերժել է մեր բողոքը: Դատարանի որոշումը բողոքարկել ենք ՀՀ վերաքննիչ քրեական դատարան»,-ասում է փաստաբան Մարուքյանը:
«Հասկանալով որ Հայաստանի Հանրապետությունում սույն գործով արդյունավետ քննություն չի տարվում, գիտակցելով, որ Արման Ենգիբարյանի կյանքի իրավունքի խախտման օրվանից 2011 թվականի հունիսի 14-ից արդեն անցել է 5 ամիս ժամանակ, ՄԻԵԴ դիմելու 6 ամսյա ժամկետը բաց չթողնելու նպատակով որոշում կայացվեց նախնական բողոքով դիմելու Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան»,-բացատրում է փաստաբանը:
Նա ասում է, որ Արման Ենգիբարյանի կյանքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության կողմից միջամտություն
է տեղի ունեցել: Բացի այդ` Հայաստանի Հանրապետության կողմից Արման Ենգիբարյանին ոստիկանության աշխատակցի կողմից սպանելու փաստի առթիվ չի տարվել արդյունավետ քննություն:
«Անմեղության կանխավարկածն էլ է խախտվել ` կապված ՀՀ ոստիկանապետի հայտարությունների հետ: Արմանի հարազատներին նախաքննության ընթացքում որեւէ կարգավիճակ չի տրվել` այդկերպ զրկելով նրանց արդյունավետ պաշտպանության միջոցներից»:
Նա բացատրում է, որ Արմանի հարազատները մասնակից չեն դարձվել նախաքննության ընթացքին, ավելին, մինչ օրս նրանք զրկված են իրենց որդու բարի անունը պաշտպանելու իրավունքից:
Սակայն դիմելով Մարդու իրավունքների եվրոպական դատարան` փաստաբանը մտադիր չէ ներպետական ատյաններում կասեցնել գործի քննությունը. ռազմավարական դատավարություն իրականացնելու միջոցով են ուզում Արման Ենգիբարյանի խախտված իրավունքները վերականգնել:
«Բնականաբար, Եվրոպական դատարանին զուգընթաց, բողոքները շարունակելու ենք ներպետական ատյաններում, վերջիններիս կայացրած որոշումների մասին էլ կտեղեկացնենք դիմումի լրացումներում»,-եզրափակում է Էդմոն Մարուքյանը:
Անուշ Բուլղադարյան
Վանաձոր

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.