Sunday, December 25, 2011

Երանի ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն...


«Առավել երանելի է տալը, քան առնելը» (Գործք. 20.35). աստվածաշնչյան հայտնի այս խոսքըորպես կարգախոս ընտրեցին Վանաձորի «Նարեկացի» երիտասարդական միության անդամները` իրականացնելու «Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագիրը
Ծրագրի նպատակն է` օգնել Վանաձոր քաղաքի տասը անապահով ընտանիքների` արժանավայել կերպով դիմավորելու Ամանորն ու Սբ Ծնունդը: Օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի` ծրագիրը մեկնարկեց դեկտեմբերի 12-ին և շարունակվեց մինչև դեկտեմբերի 25-ը:

Ծրագրին իրենց մասնակցությունն ունեցան հարյուրավոր վանաձորցիներ, հավաքվեց 75.000 դրամ և մեծ քանակի սննդամթերք: Հավաքված գումարով ևս գնվեց սննդամթերք, ապա որոշվեց ծրագիր ներառել ևս մի քանի անապահով ընտանիքների: Ծրագրի ավարտին երիտասարդաց միության անդամների կողմից սննդամթերքը բաժանվեց հիշյալ ընտանիքներին:

Ծրագրին ներգրավվել էին ՎՊՄԻ-ի, ԵԿՏԱ-ի և ՎՊԲՔ-ի ուսանողները` օգնելով հագուստի և գումարի միջոցով, որը պետք է ծախսվեր սնունդ գնելու նպատակով: Ինչպես նաև համապատասխան արկղերի միջոցով սնունդ էր հավաքվել քաղաքի խոշոր խանութներից երկուսում: 

Ծրագրին աջակցելու համար «Նարեկացի» երիտասարդաց միության շնորհակալագրով պարգևատրվեցին ծրագրի աջակիցները, իսկ իրենց լուման ներդրած քաղաքացիներին տրվեցին շնորհակալանքի հավաստագրեր:

Ողորմությունը քրիստոնեական մեծ սիրո արտահայտությունն է: Ցավոք, այդ սերն այսօր պակասում է մեզանում, հետևաբար և սիրո արդյունք համարվող առաքինությունները այլևս չեն նշմարվում: Այս ծրագիրն իրականացնողների աչքերով սա ևս մեկ քայլ է դեպի բարեպաշտություն, մանավանդ, երբ իրապես կան ողորմության կարիք ունեցողներ: Եվ թեև կան ողորմության կարիք ունեցողները, սակավ են, ավաղ, ողորմածները...

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.