Thursday, December 1, 2011

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՁԵՌՔԵՐԸ ԱՂՈԹՈՂ ՇՈՒՐԹԵՐԻՑ ԼԱՎՆ ԵՆ...
















Կոտայքի մարզի Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում ապրում է  6-18 տարեկան 90 երեխա, ովքեր այստեղ ստանում են չորսանգամյա սնունդ, կենցաղային պարագաներ, հագուստ, հագեցնում են իրենց առօրյան խաղերով և միջոցառումներով: Հաստատության երեխաները սովորում են Բյուրեղավանի հանրակրթական դպրոցներում: Տնօրեն Գայանե Մարգարյանի խոսքով, չնայած այստեղ ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները, երեխաներին ամեն դեպքում ինչ-որ բան պակասում է. դա լինի սեր, ջերմություն, թե հարազատության զգացում: Երեխաները երբեմն փորձում են այս բացը լրացնել իրենց այցելող բարեգործների օգնությամբ:

Օրերս Չարենցավանի Երիտասարդական Ուսանողական Հասարակական Կազմակերպությունը նախաձեռնեց բարեգործական միջոցառում, որի շրջանակներում կազմակերպվեցին այցելություններ մարզի մանկատներ և երեխաների խնամքի կենտրոններ: Նախապես կատարված հայտարարությանն արձագանքեցին քաղաքի բոլոր դպրոցներն ու նախադպրոցական հաստատությունները` օգնության կարիք ունեցող երեխաներին նվիրաբերելով հագուստ, խաղալիքներ, գրենական պիտույքներ:

Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունը մեծ ոգևորությամբ էր սպասում չարենցավանցիների այցին: Այստեղ Գազռուի անվան արվեստի դպրոցի սաները հանդես եկան փոքրիկ համերգային ծրագրով: Հաստատության բնակիչները մի լավ ուրախացան, երգեցին ու պարեցին հյուրերի հետ, այնուհետև բաժանվեցին նաև նվերները:

Գայանե Մարգարյանի խոսքով երեխաներն այստեղ այցելող ցանկացած բարի մարդու համարում են իրենց հարազատն ու երկար ժամանակ ապրում ստացած տպավորություններով, երբեմն հեռախոսահամարներ են փոխանակում ու լավ ընկերներ ձեռք բերում հանրապետության տարբեր մարզերում, ինչը շատ կարևոր է այս երեխաներին հասարակությանը ինտեգրելու նպատակով: Իսկ ինչ վերաբերում է բարեգործ-այցելուներին` ապա դրանք այքան էլ հաճախակի չեն լինում Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում:













Մարզի մեկ այլ քաղաքում` Հրազդանում` Վիլյամ Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցում, 2009 թվակակից գործում է հատուկ ստորաբաժանում, որտեղ սովորում են թեթև և չափավոր մտավոր խանգարումներ ունեցող երեխաներ: Այսօր ստորաբաժանումը 25 սան ունի, որոնցից 2-ի նկատմամբ կիրառվում է տնային ուսուցում: Դպրոցի տնօրեն Մելսիկ Զաքարյանի խոսքով ստորաբաժանումը ապահովված է անհրաժեշտ պայմաններով, ուսուցումը երկարօրյա է, երեխաներն այստեղ ստանում են երկանգամյա սնունդ և հավասարապես մասնակցում դպրոցում տեղի ունեցող բոլոր միջոցառումներին:

Չարենցավանի երիտասարդներն իրենց բարեգործական փոքրիկ լուման ներդրեցին նաև թիվ 11 դպրոցի ստորաբաժանումում: Կրկին ներկայացվեց համերգային ծրագիր հատուկ ստորաբաժանման աշակերտների և նրանց ծնողների համար, իսկ նվերներ, առանց բացառության, ստացան բոլորը:

Չարենցավանի ԵՈՒՀԿ-ի բարեգործական միջոցառումներն արդեն 2 տարվա պատմություն ունեն: Կազմակերպության նախագահ Գառնիկ Բեգլարյանի խոսքով անցած տարի կազմակերպվել են այցելություններ աղետի գոտում գտնվող մանկատներ, սակայն այս տարի որոշվեց շեշտադրում կատարել մարզի կարիքավոր երեխաների վրա: Նախաձեռնությունն արժանացավ Չարենցավան համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանի ջերմ ընդունելությանն ու վերջինս ևս աջակցեց բարեգործական միջոցառմանը:

Հաջորդ տարի նախատեսվում են նմանատիպ նոր ծրագրեր, որոնք կընդգրկեն ոչ միայն հանրապետության մանկատներն ու երեխաների խնամքի կենտրոնները, այլև ծերանոցները:

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.