Thursday, December 22, 2011

Տուժողի իրավահաջորդը, առանց դատարանի թույլտվության, հեռացավ դատարանի դահլիճից


Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ, շարունակվում է Մեծ Պարնի գյուղի բնակիչ Թադեւոս Գեւորգյանի դատաքննությունը:
Դատական նիստի սկզբում դատավոր Բաղդասարյանը դահլիճում ներկա գտնվողներին տեղեկացրեց, որ սույն գործով տուժող Վարդան Արզումանյանի իրավահաջորդի ներկայացուցիչը՝ փաստաբան Աննա Դավթյանը, դիմում է ներկայացրել դատարան՝ խնդրելով հետաձգել գործի քննությունը: Նա բացատրել էր, որ զբաղված է մեկ այլ դատական գործով:
Դատավորը, սակայն, փաստաբանի վերաբերմունքը համարեց անհարգալից եւ որոշում կայացրեց գործի քննությունը շարունակել առանց նրա:
Դատարանը բացատրեց, որ փաստաբան Դավթյանն իր խնդրանքն առանց հիմնավորող փաստաթղթերի է ներկայացրել. Աննա Դավթյանի ներկայացրած դիմումի մեջ բացակայում էր այլ դատական նիստի վերաբերյալ ծանուցագիրը կամ որեւէ գրություն այդ մասին: Բացի այդ՝ նա չէր նշել, թե կոնկրետ որ գործով, ում նախագահությամբ ընթացող դատական նիստի է մասնակցում:
Դատավորի կայացրած որոշումից հետո, սակայն, տուժողի իրավահաջորդ Արամայիս Արզումանյանը, առանց դատարանի թույլտվության, դուրս եկավ դահլիճից՝ պատճառաբանելով, որ ինքն առանց փաստաբանի չի ցանկանում մասնակցել քննությանը:
Կողմերի հավասարության սկզբունքը չխախտելու համար էլ դատավոր Սուրեն Բաղդասարյանը գործի քննությունը հետաձգեց:
Թադեւոս Գեւորգյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանը փաստաբան Աննա Դավթյանի չներկայանալը մտածված քայլ է համարում, մեղադրող կողմից ընտրված մարտավարության ձեւ:
«Արամայիս Արզումանյանը չէր կարող տեղում կողմնորոշվել եւ լքել դահլիճը: Այդ ամենը նախապես պլանավորված է եղել»,-կարծիք է հայտնում փաստաբան Հակոբյանը:
Ըստ նրա՝ մեղադրող կողմը, իմանալով, որ այս դատական նիստին պետք է հարցաքննվեն առանցքային վկաներ, ամեն ինչ արեց՝ նրանց հարցաքննությունը ձախողելու համար:
«Վկաներից մեկը յոթ տարեկան է, մյուսն էլ՝ անկողնային հիվանդ: Գիտեին, որ այս մարդիկ դժվարությամբ են ներկայանալու դատարան, անկողնային հիվանդ է, մի կերպ եկել-հասել էր: Հաջորդ անգամ հնարավոր է՝ առողջությունը թույլ չտա: Իրենք այդ մասին լավ գիտեին: Տեսնելով, որ եկել են, դիմեցին այդ քայլին»,- բացատրում է փաստաբանը:
Դատական նիստին հրավիրվել էին այն վկաները, ովքեր նախաքննության փուլում հարցաքննվել, սակայն չէին ընդգրկվել դատակոչում:
Փաստաբանի միջնորդությամբ էր հնարավոր դարձել նրանց դատարանում լսելը:
Դատական նիստերի դահլիճից դուրս գալիս Մեծ Պարնի գյուղի մի շարք ներկայացուցիչներ փաստաբան Հակոբյանին հայտնեցին, որ մինչեւ դատական նիստի սկսելն իրենք դատարանի տարածքում տեսել են փաստաբան Աննա Դավթյանին:
Վերոնշյալ հանգամանքի առթիվ դիմում է գրվել դատավոր Սուրեն Բաղդասարյանին:
«Եթե պարզվի, որ փաստաբանը դատարան է ներկայացրել կեղծ դիմում, որ նա դատարանում է եղել, բայց այսպիսի մեթոդներով նիստին չի մասնակցել, ապա նա պետք է ենթարկվի պատասխանատվության, փաստաբանական պալատն էլ նրա նկատմամբ պետք է կարգապահական վարույթ հարուցի»,- ասում է Ռուբեն Հակոբյանը:
27-ամյա Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել համագյուղացու նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու, ինչպես նաեւ ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային երթեւեկության շահագործման կանոնները խախտելու համար:
ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Վանաձոր
«Առավոտ» օրաթերթ

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.