Tuesday, December 13, 2011

Լեռնապատ համայնքի բնակիչը հաղթեց գյուղապետին


Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Նաիրա Ավետիսյանի նախագահությամբ, անցյալ ուրբաթ մերժեց Լեռնապատ համայնքի ղեկավար Վանո Եղիազարյանի հայցադիմումն ընդդեմ նույն գյուղի բնակիչ Կամսար Թամարյանի: Համայնքի ղեկավարը համագյուղացուն մեղադրում էր իր պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը արատավորելու եւ իրեն զրպարտելու մեջ:
Դիմելով դատարան՝ Լեռնապատի համայնքապետը հայցադիմումում հայտնել էր, որ 2011թ. հունիսի 1-ին ՀՀ վարչապետին հասցեագրված դիմումի մեջ զետեղվել են պատասխանողի կողմից իր հասցեին արված հայտարարություններ, որոնք իրենցից զրպարտություններ են ներկայացնում:
Վանո Եղիազարյանը հայցադիմումում նշել էր, որ պատասխանողը ՀՀ վարչապետին հասցեագրված դիմումի մեջ իրեն հանցագործ է անվանել:
Մասնավորապես, համայնքի ղեկավարը մատնանշել էր հետեւյալ արտահայտությունները. «Իշխանությունների հովանավորությամբ գյուղապետը շարունակեց պաշտոնավարել, թաքցրեց ու վերացրեց իր շատ հանցանքների հետքերը, փոխել տվեց շատերի ցուցմունքը: Կեղծ մեղադրանքներով ու իբր զրպարտության համար դատական գործեր է հարուցել ընդդիմադիրների դեմ: Ինձ ընդհանրապես արգելում է անասուններին արոտ հանել ու տարածք չի հատկացնում: Ապօրինի կերպով փոխեց գյուղի հողերի կադաստրային կարգերը, հարկաչափերը, գազիֆիկացման համար կազմակերպեց ապօրինի դրամահավաք, թույլատրեց ապօրինի հանքօգտագործում» եւ այլ արտահայտություններ:
Համայնքապետը պնդում է, որ վերոնշյալ արտահայտությունները չեն համապատասխանում իրականությանը:
Նա նշում է, որ թեեւ իր դեմ քրեական գործ է հարուցվել, սակայն իր նկատմամբ չկա դատարանի՝ օրինական ուժի մեջ վճիռ: Դա հիմք չէ՝ իրեն հանցագործ անվանելու համար: «ՀՀ Սահմանադրության 21 հոդվածի համաձայն՝ հանցագործության մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- բացատրում է նա:
Ըստ նրա՝ ՀՀ վարչապետին ուղղված դիմումը հրապարակային գրավոր խոսք է, քանի որ այն կարող է ստանալ ՀՀ ցանկացած քաղաքացի:
Դատարանի դիրքորոշմամբ, սակայն, պատասխանող Կամսար Թամարյանի կողմից ՀՀ վարչապետին ուղղված դիմումն իր մեջ հրապարակային հայտարարություններ չի պարունակում:
Դատարանը հանգեց նրան, որ հայցվոր Վանո Եղիազարյանի պատվին, արժանապատվությանը, գործարար համբավին հրապարակայնորեն վնաս չի հասցվել:
Պատասխանող Կամսար Թամարյանի փաստաբան Էդմոն Մարուքյանն ասում է, որ ի սկզբանե հայցադիմումն անհիմն էր:
«Կամսար Թամարյանը, օգտվելով իր սահմանադրական իրավունքից, գրավոր դիմում էր ներկայացրել ՀՀ վարչապետին: Դիմումի մեջ նա ներկայացրել էր Լեռնապատ համայնքի ղեկավարի գործունեության վերաբերյալ իր կարծիքը եւ համայնքի բնակիչների դժգոհությունները»,- բացատրում է փաստաբան Մարուքյանը:
Դատարանը որոշում կայացրեց որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար Լեռնապատի համայնքապետից բռնագանձել 80.000 ՀՀ դրամ գումար, պետական տուրքի համար էլ, դատարանի որոշմամբ, Վանո Եղիազարյանից բռնագանձվելու է 56. 000 ՀՀ դրամ:
ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Վանաձոր
«Առավոտ» օրաթերթ


0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.