Monday, December 12, 2011

Նախկին դասախոսը դիմել է ՀՀ վերաքննիչ դատարան


Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի նախկին դասախոս ԼուսինեԱշուղյանը դիմել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` պահանջելով ամբողջությամբ բեկանել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի` այս տարվա հոկտեմբերի 14-ին կայացրած վճիռը, ու գործն ուղարկել նոր քննության:
Լուսինե Աշուղյանը դատական հայց էր ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` պահանջելով «Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առեւտրային կազմակերպությունից, իրեն վերականգնել նախկին աշխատանքում եւ չաշխատած ամբողջ ժամանակահատվածի համար էլ վճարել հարկադիր պարապուրդի դիմաց:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, սակայն, դատավոր Նաիրա Ավետիսյանի գլխավորությամբ, մերժել էր 40-ամյա կնոջ պահանջը:
Աշուղյանն ասում է, որ դատարանը վճիռ է կայացրել` առանց խորանալու փաստերի մեջ:
Ընդհանուր իրավասության դատարանի վճռից հուսալքված վանաձորցին արդարադատություն գտնելու հույսով էլ դիմել է վերադիր ատյան:
«Եթե գոնե մեկ տոկոս օրինականություն կա մեր երկրում, ապա վերաքննիչ դատարանը պիտի բեկանի այդ անօինական վճիռը»-ասում է աշխատանքից զրկված Լուսինեն, ով ընտանիքի միակ աշխատողն էր:
Ըստ նրա` Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը սխալ վճիռ է կայացրել` այդկերպ զրկելով իրեն հաշմանդամ քրոջն ու որդուն պահելու նվազագույն պայմաններից:
Բացի այդ` նա նշում է, որ վճռում տեղ են գտել բազմաթիվ օրենսդրական ու դատավարական խախտումներ:
«Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածի 3-րդ մասը, 111-րդ հոդվածի 5-րդ մասը, ՀՀ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ կետը, ՎՊՄԻ-ի կանոնադրության 6-րդ ,20-րդ կետերը»,-բացատրում է նա:
«Ինչպե՞ս կարելի մեկ էջի մեջ այդքան օրենսդրական խախտումներ թույլ տալ»,-զարմանում է Աշուղյանը:
Նա ավելացնում է, որ իր հետ համաձայնագիր է կնքվել արձակուրդի ժամանակահատվածում, ինչը, ըստ նրա, եւս անօրինական է:
«Ով է տեսել մարդու հետ արձակուրդի ժամանակ համաձայնագիր կնքեն: Այդ որ օրենսդրությամբ է առաջնորդվել գործատուն, որ դատավոր Ավետիսյանը ճիշտ է համարել: Արդյոք նա լավ չի տիրապետում աշխատանքային օրենսգրքին, թե միտումնավոր է կատարել այս խախտումները»,-վրդովվում է նախկին դասախոսը:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Վանաձոր

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.