Wednesday, July 13, 2011

20 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ Է ՆԵՐԴՎԵԼ ԴԴՄԱՇԵՆԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ

Ավարտվում են Դդմաշեն համայնքի մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքները:

Ըստ Դդմաշենի համայնքապետ Ավետիս Ավետիսյանի՝ Դդմաշենի մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքները մեկնարկել են ամռան սկզբին եւ մոտենում են ավարտին:

Ամբողջությամբ փոխվում է մանկապարտեզի շենքի տանիքը՝ 1000 մետր քառակուսի մակերեսով:Մանկապարտեզի հին ու քայքայված պատուհանների փոխարեն տեղադրվել են նոր, եվրոպական արտադրության 47 պատուհան: Շենքի վերանորոգման աշխատանքներում ընդգրկվել է 6 դդմաշենցի աշխատող: Աշխատանքները ֆինանսավորվում են ՀՀ պետբյուջեի հատկացումների հաշվին՝ կազմելով շուրջ 20 միլիոն դրամ: Համայնքապետը հայտնեց նաեւ, որ խորհրդային տարիներին կառուցված շենքը հիմնովին վերանորոգման կարիք ունի, սակայն չկան համապատասխան միջոցներ: Նախատեսվում է վերանորոգված մանկապարտեզում բացել 3 խմբակ՝ 90 սաներով:

Միաժամանակ ընթանում է Դդմաշենի դպրոցի շենքի վերանորոգում: ՀՀ քաղաքաշինության նախարարության ծրագրերի շրջանակներում դպրոցում մասնակի վերանորոգման աշխատանքներ են ընթանում՝ սկսած 2004 թվականից: Այս տարի դպրոցում նիստերի դահլիճը, սրահը, ճաշարանը եւ միջանցքը վերանորոգելու համար կառավարությունը հատկացրել է 40 միլիոն դրամ: Կատարվում են դպրոցի շենքի կոսմետիկ վերանորոգման, պատերի ու առաստաղի հարդարման, հատակի փոխման, լուսավորության նորոգման աշխատանքներ: Վերանորոգման աշխատանքներում բացվել է շուրջ 15 աշխատատեղ: Ըստ նախագծի՝ դպրոցի վերանորոգման աշխատանքների ավարտը սահմանվել է օգոստոսի կեսերին, սակայն համայնքապետը հավաստում է, որ դպրոցի աշխատանքները կավարտվեն հուլիսի վերջին:

Անի Պողոսյան

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.