Thursday, July 28, 2011

ԼԵՌՆԱՊԱՏՑԻ 3-ՐԴ ԳՅՈՒՂԱՑԻ՞Ն ԷԼ Է «ԶՐՊԱՐՏԵԼ» ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԻՆ


Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վարդուհի Հովնանյանի նախագահությամբ, մասնակի բավարարեց Լոռու մարզի Լեռնապատ համայնքի ղեկավար Վանո Եղիազարյանի հայցը՝ ընդդեմ նույն համայնքի բնակիչ Բորիս Աշրաֆյանի (նկարում՝ ձախից):
Դատարանը 65-ամյա լեռնապատցուն պարտավորեցրել է հրապարակային ներողություն խնդրել համայնքի ղեկավարից՝ «Ժամանակ» օրաթերթում ներողության տեքստը հրապարակելու միջոցով եւ նրանից հօգուտ Վ. Եղիազարյանի բռնագանձել 100000 ՀՀ դրամ: 
Զրպարտության համար էլ Բորիս Աշրաֆյանը պարտավորվում է նույն օրաթերթում զրպարտություն համարվող տվյալները հերքելու մասին տեղեկատվություն հրապարակելու միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տվյալները եւ հօգուտ համայնքապետի բռնագանձել 200000 ՀՀ դրամ:
Բացի այդ, դատարանի որոշմամբ, Բորիս Աշրաֆյանից հօգուտ համայնքապետ Եղիազարյանի պետք է բռնագանձվի 14000 ՀՀ դրամ՝ որպես հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար: 
Բորիս Աշրաֆյանը, սակայն, համաձայն չէ դատավճռի հետ, այն անհիմն, միակողմանի ու անարդար է համարում.
«
Դատարանի վճռից չհասկացա, թե նա ինչն է զրպարտանք համարել: Օգնությունների ցուցակը կա, որ մարդկանց բաժանել ա, ի՞նչ զրպարտության մասին է խոսքը: Սա միակողմանի, միտումնավոր վճիռ է՝ ակնհայտ կողմնակալությամբ: Կասկած չկա, որ վերեւներից նախապես ուղղորդել են դատարանին, կաշառել: Որեւէ հիմք չկար նման վճիռ կայացնելու համար»:
Բորիս Աշրաֆյանն այն կարծիքն է հայտնում, որ դատարանը իր այս վճռով ապացուցեց՝ Հայաստանում դատարանները անկախ չեն:
«
Անմեղին դատապարտող դատավորը առաջին հերթին ինքն իրեն է դատապարտում: Ի՞նչ վիրավորանքի մասին է խոսքը: Գյուղապետի նկատմամբ քրեական գործ է հարուցված, մեղադրանք առաջադրված, նախաքննություն է ընթանում՝ պաշտոնեական կեղծիքի եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ յուրացնելու համար, իսկ նա պատիվ ու արժանապատվությո՞ւն է պահանջում»,-տարակուսում է 65-ամյա գյուղացին:
Այս ամսվա սկզբին էլ նույն դատարանը՝ կրկին նույն դատավորի նախագահությամբ, մասնակի բավարարել էր  Լեռնապատ համայնքի ղեկավար Վանո Եղիազարյանի հայցը՝ ընդդեմ նույն գյուղի բնակիչ Գեւորգ Մելքոնյանի՝ իր պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին:
Լեռնապատցի Գեւորգ Մելքոնյանն էլ պարտավորվել է «Ժամանակ» օրաթերթի միջոցով հրապարակային ներողություն խնդրել, ինչպես նաեւ նույն թերթի միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տվյալները: 
Բացի այդ՝ Գեւորգ Մելքոնյանից հօգուտ Վանո Եղիազարյանի դատարանը որոշում է կայացրել բռնագանձել 8.000 ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի համար նախատեսված գումար:
Ավելի վաղ դատարանը նույն նախագահող դատավորի գլխավորությամբ մեկ այլ գյուղացու՝ Ղարիբ Միտիչյանին (նկարում՝ աջից) պարտավորեցրել էր հրապարակային ներողություն խնդրել Վանո Եղիազարյանից՝ «Ժամանակ» օրաթերթում ներողության տեքստը հրապարակելու միջոցով եւ գյուղացուց հօգուտ համայնքապետի բռնագանձել 30 000 ՀՀ դրամ:
Զրպարտության համար էլ Ղարիբ Միտիչյանը պարտավորվել է «Ժամանակ» օրաթերթում հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տվյալները եւ հօգուտ համայնքապետի կբռնագանձվի 30 000 ՀՀ դրամ:
Բացի այդ՝ դատարանը վճռել է Ղարիբ Միտիչյանից հօգուտ Եղիազարյանի բռնագանձել 9200 դրամ՝ որպես հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:
«
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան հ/կ-ի իրավաբան Արայիկ Զալյանը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վերոնշյալ 3 որոշումները անհամաչափ է համարում: «Ըստ էության՝ կայացրած 3 դատավճիռներում էլ անհամաչափություն կա՝ կապված տույժի, տուգանքների չափեր սահմանելու հետ»,-ասում է իրավաբանը եւ հավելում, որ նման արտահայտությունների մեջ վիրավորանք չկա, որովհետեւ մարդիկ իրենց ղեկավարի նկատմամբ ընդամենը կարծիք են հայտնել: 
«
Կարծիք հայտնելու համար ոչ մեկին չի կարելի պատասխանատվության ենթարկել: Վիրավորանքի մասին խոսք լինել չի կարող, որովհետեւ նա պաշտոնատար անձ է՝ ընտրովի պաշտոնում, ում գործունեության վերաբերյալ կարծիք է հայտնվել կամ իրենց դժգոհությունն են հայտնել համայնքի բնակիչները, ովքեր ժամանակին իրենց ձայնը տվել են տվյալ մարմնին»,- բացատրում է իրավաբան Զալյանը:
2010
թ. սեպտեմբերի 1-ին «Ժամանակ» օրաթերթի հերթական համարում տպագրված հոդվածում Ղարիբ Միտիչյանը, Գեւորգ Մելքոնյանը, Բորիս Աշրաֆյանը եւ մյուս գյուղացիները որոշակի արտահայտություններ էին արել համայնքապետի հասցեին, ինչն էլ դուր չէր եկել վերջինիս, եւ հարցը դատարան էր հասել: Գյուղացիները բողոքարկելու են դատարանի որոշումը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան: Լոռու մարզի Լեռնապատ համայնքի ղեկավար Վանո Եղիազարյանի դեմ ոստիկանության Լոռու մարզային վարչությունում քրգործ է հարուցված:
Համայնքապետը մեղադրվում է պաշտոնեական կեղծիքի եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ յուրացնելու մեջ: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը: 


Անուշ Բուլղադարյան
Վանաձոր
Աղբյուրը՝ www.aravot.am





0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.