Sunday, July 10, 2011

Հերթական «պատասխանողը»

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վարդուհի Հովնանյանի գլխավորությամբ, ընթանում է Լեռնապատ համայնքի ղեկավար Վանո Եղիազարյանի հայցադիմումի քննությունը՝ ընդդեմ նույն համայնքի բնակիչ Կամսար Թամարյանի:
Լեռնապատի ղեկավարը Կամսար Թամարյանին մեղադրում է իր պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը հրապարակավ արատավորելու մեջ:
2010 թ. սեպտեմբերի 1-ին «Ժամանակ» օրաթերթի հերթական համարում տպագրված հոդվածում Կամսար Թամարյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում տեղ գտած արտահայտությունները դուր չեն եկել Լեռնապատի ղեկավարին:
«Պատասխանողը նշված թերթում իմ հասցեին արել է հետեւյալ զրպարտությունը՝ «Նա էս գյուղը ջնջել ա»՝ այն դեպքում, երբ այդ գյուղում ես իրականացրել եմ մոտ 40 ծրագիր՝ ուղղված գյուղի բարելավմանն ու զարգացմանը: 2000-2010 թթ. կառուցվել է դպրոց, համայնքային կենտրոն, վերանորոգվել է բուժկետը, կառուցվել են խմելու եւ ոռոգման ջրագծեր, կառուցվել է 120 բնակելի տուն, գազիֆիկացրել եմ համայնքը»,-ասում է Լեռնապատի ղեկավարը:
Լեռնապատի բնակիչը, սակայն, չի դադարում պնդել, որ համայնքի ղեկավարը գյուղը քանդել է:
«Տեսել եմ, որ էդ մարդը մեր գյուղը քանդում ա, ես էլ թերթում ելույթ եմ ունեցել: Հարազատ-բարեկամներին օգնություններ ա բաժանել: Կնոջը նշանակել ա գյուղապետի տեղակալ, ասում ա՝ ես մենակ կնոջս եմ վստահում: Ուրեմն էսքան բնակիչ ունեցող գյուղում մի վստահելի մարդ չկա՞ր: Բարեկամներին գյուղապետարանում աշխատանքի է տեղավորել»,-բողոքում է գյուղացին:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ հավելում է, որ Լեռնապատի ղեկավարի հայցերն ընդդեմ համագյուղացիների՝ նպատակ ունեն ճնշման մթնոլորտ ստեղծելու գյուղում՝ զրկելով մարդկանց իրենց կարծիքն արտահայտելու հնարավորությունից:
«Ինչպե՞ս կարելի է զրպարտության մասին հոդվածը օգտագործել մարդկանց կարծիքը ճնշելու համար: Հանրային անձը, ով ընտրված մարմին է, նրա պատասխանատվություն կրելու մեխանիզմներից մեկն էլ կարծիքներն են: Դրանք կարող են նաեւ ծայրահեղ լինել: Եթե Ամերիկայի քաղաքացիները հագուստի վրա գրում են՝ Բուշը մարդասպան է, Իրաք կամ Աֆղանստան ներխուժման կապակցությամբ, ուրեմն Բուշը պետք է բոլորին հերթով դատի՞ տա զրպարտության համար, որովհետեւ հիմք չկա, որ Բուշը մարդ է սպանել», -տարակուսում է իրավապաշտպանը:
Ըստ նրա՝ գյուղացիների հայտարարությունները պետք է դիտել որպես կարծիքների արտահայտում, պաշտոնատար անձի գործողությունների գնահատական, որը կարող է եւ ծայրահեղ լինել:
Բացի այդ՝ իրավապաշտպանը նշում է, որ համայնքի ղեկավարը գյուղապետարանում աշխատանքի է ընդունել իր հարազատներին, ովքեր էլ այժմ դատարանում ցուցմունքներ են տալիս հօգուտ նրա.
«Բնականաբար, այդ վկաները պետք է խոսեն հօգուտ գյուղապետի: Նման իրավիճակը նպաստավոր չի կարող լինել հանցագործության բացահայտման գործում: Սա նաեւ կոռուպցիոն ռիսկերի աղբյուր է»:
Սաքունցը հիշում է լոռեցի կին նյարդաբաններին, ում նկատմամբ դատարանը կաշառք վերցնելու համար (55 000 ՀՀ դրամ) խափանման միջոց էր ընտրել կալանքը:
«Բժշկուհիների նկատմամբ կալանքի որոշումը իրականացվում էր 55 000-ի համար, իսկ Վանո Եղիազարյանի նկատմամբ քրգործ է հարուցվել 11 միլիոն ՀՀ դրամը յուրացնելու համար: Հակառակ սրան՝ Վանոն դեռ շարունակում է իր լիազորությունները՝ այդկերպ ազդելով դատաքննության վրա: Դատարանը, սակայն, այս ամենը հաշվի չի առել»,- ասում է ՀՔԱ ղեկավարը:
Լոռու մարզի Լեռնապատ համայնքի ղեկավար Վ. Եղիազարյանի դեմ ոստիկանության Լոռու մարզային վարչությունում քրգործ է հարուցված:
Համայնքապետը մեղադրվում է պաշտոնեական կեղծիքի եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ յուրացնելու մեջ: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը:

Անուշ Բուլղադարյան
Վանաձոր
Աղբյուրը՝ www.aravot.am




0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.