Sunday, July 10, 2011

«Օրեր են եղել՝ մի բաժակ չայով ենք կշտացել». 1,5 տարվա աշխատանքային թրաֆիքինգի ենթարկված Արթուր Ալոյանն առողջական խնդիրներ ունի

Արթուր  Ալոյանը ցանկանում է հետ ստանալ մեկ տարվա աշխատավարձ և առողջությանը հասցված վնասի փոխհատուցում, քանի որ բուժվելու համար անհրաժեշտ գումար չունի:

 Նա մեկն է այն տղամարդկանցից, ում վստահությունը շահելով տարել են Ռուսաստանի Դաշնություն (ՌԴ) և շուրջ 1,5 տարի ենթարկել աշխատանքային թրաֆիքինգի:
Արթուրն ունի երեք որդի, ապրում է Լոռու մարզի Դարպաս գյուղում (Վանաձորից մոտավորապես 2 կմ հեռավորությամբ գտնվող): Որդիներից մեկն ուսանող է, երկուսը՝ դպրոցական։ Հիմա էլ Արթուրն աշխատանք չունի. հող են մշակում, ամռանը մոշ կամ այլ հատապտուղներ հավաքում, ծախում։ Անասուն չունեն։ Ընտանիքը նպաստառու է. ամսական 24 հազար դրամ են ստանում։
2003թ. հունվարի 2-ին Իշխան Գինոսյանի եղբայրը՝ Հարությունը գնացել է Ալոյանների տուն և Արթուրին առաջարկել մեկնել ՌԴ՝ եղբոր մոտ աշխատելու:
Հարությունն Արթուրին խոստացել է ամեն ամսվա համար վճարել 150 ԱՄՆ դոլար, սննդի հարցը լուծելու էր Իշխան Գինոսյանը, միաժամանակ նա պետք է հոգար մնալու տեղի և գրանցման հետ կապված խնդիրները: Գնալու տոմսը պետք է գներ Իշխան Գինոսյանը՝ հետագայում աշխատավարձից պահելու պայմանով:
«Համոզեց, որ ամեն ինչ նորմալ կլինի, փող կուղարկեմ, ընտանիքս ոչնչի կարիք չի զգա»,-հիշում է Արթուրը:
Սակայն 48-ամյա Արթուր Ալոյանի աշխատանքային ճամփորդությունն այլ ընթացք է ստացել: Անձնագիրը խաբեությամբ վերցնելուց հետո Իշխան Գինոսյանը նրան զրկել է Հայաստան  զանգահարելու հնարավորությունից, գումար տալու մասին էլ լռել է՝ երբ կունենա, այն ժամանակ էլ կտա:
Արթուրի հետ նույն պայմաններում էին հայտնվել վանաձորցի 40 տղամարդ:
«Անմարդկային պայմաններում ենք աշխատել. ձմռան սառնամանիքին շինության տանիքն ենք վերանորոգել, անկողնու երես չենք տեսել, ձմռան ամիսներին զրկված ենք եղել լողանալու հնարավորությունից։ Օրեր են եղել, որ միայն մի բաժակ չայով ենք կշտացել»,-ՌԴ-ում ապրած 1,5 տարվա մանրամասներն է վերհիշում Ա. Ալոյանը:
Նրա պատմելով՝  ամեն օր կիսաքաղց աշխատում էր ստրուկի պես, գիշերն էլ հազիվ հասնելով քնելու համար նախատեսված ուտիճներով լի հողե կացարանը, ընկնում էր գետնին ու մեռածի պես քնում:
ՌԴ-ում աշխատած ամիսներն անհետևանք չեն մնացել.այնտեղ գտնվելու  վերջին 6 ամիսներին հազիվ է կարողացել քայլել՝ ցրտից ու խոնավությունից ոտքերն ու ձեռքերը չի կարողացել շարժել, շարժելիս էլ սարսափելի ցավ է զգացել:
Այժմ էլ չի կարողանում նախկինի պես ծանր ֆիզիկական աշխատանք անել, ոտքերի ու ձեռքերի ցավերը ժամանակ առ ժամանակ զգացնել են տալիս:
«Նույնիսկ հիվանդ ժամանակս այդ մարդը չհանգստացավ. շինարարությունից հիմա էլ ինձ տարավ իր փուռ՝ այնտեղ բանվորություն անելու համար»,-պատմում է Արթուրը: Նա այս անգամ պետք է հացի համար նախատեսված  ծանր երկաթե ամանները տաներ, տեղավորեր պահարաններում. «Սարսափելի դժվար էր ինձ համար, ես հազիվ էի կարողանում մարմինս շարժել, ուր մնաց թե կարողանայի երկաթե ամանները տեղաշարժել»:
Արթուր Ալոյանի կինն ու  զոքանչը դիմել են «Հույս և օգնություն» ՀԿ-ին՝ որոնումներ սկսելու խնդրանքով։ Հետագայում իրավապահների ու ԱԱԾ աշխատողների հետ հայտնաբերել Արթուրին և վերադարձրել տուն:
Մարդկանց շահագործման համար 2008 թ. դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը Իշխան Գինոսյանի նկատմամբ քրեական գործ է հարուցել։ 2009 թ. հունվարի 30-ին նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր. օր.-ի 132 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մարդու թրաֆիքինգ)։ Այս հոդվածը նախատեսում է պատիժ ազատազրկմամբ՝ տասից տասնչորս տարի ժամկետով' գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով' առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
«Հույս և օգնություն» ՀԿ-ի տվյալներով՝ 2003-2011թթ ընթացքում Լոռու մարզից թրաֆիքինգի ենթարկված 13 անձի են աջակցություն ցուցաբերել, որից 2-ը տղամարդիկ են: Վերջիններս ենթարկվել են աշխատանքային շահագործման:
ՀԿ-ի Լոռու մարզի մասնաճյուղի տնօրեն Հայարփի Էդիլյանն ասում է, որ Լոռու մարզում տարածված է թրաֆիքինգի 2 տեսակ՝ սեռական շահագործումը և աշխատանքային շահագործումը: Կենտրոնի տվյալներով' մարզում թրաֆիքինգի ենթարկվում են հիմնականում կանայք: Էդիլյանը բացատրում է, որ  այդ թվում տղամարդկանց սակավությունը ոչ թե նրանց նկատմամբ թրաֆիքինգի բացակայութամբ է պայմանավորված, այլ այդ խնդրի նկատմամբ մարզի տղամարդկանց ունեցած մոտեցմամբ:
«Տղամարդիկ քիչ են դիմել, որովհետև, մանավանդ մեր մարզի տղամարդիկ, ամաչում են բարձրաձայնել, արժանապատվության հարց էոչ մեկն էլ չի ցանկանում անցածը վերհիշել»,-ասում է Հ. Էդիլյանը:
Էդիլյանի խոսքերով՝ Լոռու մարզի տղամարդկանց սոցիալապես անապահով վիճակն է ստիպում թողնել ընտանիքն ու  հավատալով մարդկանց՝ մեկնել արտագնա աշխատանքի. «Աշխատանք չկա, որ մարդ գնա, աշխատի, ընտանիքը պահիՈւզած-չուզած մարդիկ խոցելի են դառնում»:
Իշխան Գինոսյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը վերացվել է՝ ստորագրությամբ չհեռանալու տարբերակով: Նախաքննությունը տևում է արդեն 3 տարի և չի ավարտվել. գործը դեռ չի մտել դատարան։
ԱՄՆ Պետդեպարտամենտի 2011թ. զեկույցում նշվել է,  որ Հայաստանը սկզբնաղբյուր երկիր է տղամարդկանց հարկադիր աշխատանքի համար։ Զեկույցում ընդգծվում է հարկադիր աշխատանքի զոհերի հայտնաբերման և աշխատանքային թրաֆիքինգի գործերով քննությունների ու քրեական հետապնդման մասով առավել ակտիվ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը։

Անուշ Բուլղադարյան
Վանաձոր
Աղբյուրը՝ www.hra.am




0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.