Friday, April 15, 2011

Անցած էտա՞պ. նախարարի հերքումն ու առկա իրականությունը




Կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը Վրաստան կատարած այցի վերաբերյալ մամուլին տված հարցազրույցում հերքել էր  Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուսուցիչներին Հանրապետական կուսակցությանն անդամակցելու պարտադրանքի վերաբերյալ տեղեկատվությունը: Նրա հավաստմամբ, բռնի կուսակցականությունը վաղուց անցած էտապ է դարձել Հայաստանի քաղաքական կյանքի համար:

“Անձին բռնի անդամագրելը դեռևս երաշխիք չէ, որ ընտրություններում նա ձայնը կտա այդ կուսակցությանը”,- նկատել էր նախարարը` ասելով նաև, որ 90-ականներից հետո  մեր երկրում նման բան չի կատարվում:

Մինչդեռ այսօր Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքի մի շարք բնակիչներից տեղեկացանք, որ ապրիլի 5-ին գյուղի մշակույթի պալատում նորագիր հանրապետականների կուսակցական տոմսերի բաժանում է տեղի ունեցել: Մինչ այդ, նրանց տեղեկացմամբ, Գեղհովիտի թիվ 1, թիվ 2 և Լեռնակերտի (լեռնային այս բնակավայրը ևս Գեղհովիտ համայնքի կազմում է ընդգրկված) միջնակարգ դպրոցներում “կուսակցական գզիրների կողմից բացատրական աշխատանքներ են տարվել”:

Գեղհովիտի թիվ 1 հանրակրթարանում, մասնավորապես, տնօրենն ասել է, թե ում անունը գրված է, պետք է պարտադիր մասնակցի արարողությանը, քանի որ “մարզպետարանից  մարդիկ են գալու”: Նորագիր հանրապետականների մեջ հիմնականում եղել են ուսուցիչներ, դպրոցների տարեց հավաքարարներ, պահակներ ու գյուղապետարանի աշխատակիցներ:

Արդեն մշակույթի պալատում, ըստ բնակիչներից մեկի , անդամատոմսերը հանձնող ՀՀԿ-ական փոխմարզպետ Ա. Ղուկասյանը նորագիրներին ասել է, որ եթե իրենց մեջ կան մարդիկ, որոնք չեն ուզում անդամակցել իրենց կուսակցությանը, թող բացահայտ հրաժարվեն, իրենք շատ նորմալ, ժպիտով կընդունեն, թող հետո թերթերին չասեն, որ այդ որոշումն իրենց պարտադրվել է: “Բայց դե, պարտադրանքը մինչ այդ էր եղել, ով կուզենար զրկվել աշխատանքից”,- ասում է կուսակցական տոմս  ստացած  60-ն անց գեղհովիտցի կինը և ավելացնում, որ իրենց  անդամագրելը դեռևս չի նշանակում, որ ընտրություններում իր քվեն տալու է ՀՀԿ-ին: Իսկ և իսկ նախարարի խոսքերն են…

“Այս կերպ կարծես ստիպում են, որ նույնիսկ տատանվող մարդը իր քվեն տա այլ կուսակցության, ու էդպես էլ անելու եմ…”,- ասում է տարեց կինը:
                                                                                                        
Վ. Մալխասյան 

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.