Friday, April 29, 2011

ԻՆՉ ԱՐԺԵ 27-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ԿՅԱՆՔԸ

Այն, որ աղքատությունը գնալով ավելանում է մարզերում և որ բնակչությունը օրվա գոնե հացն ապահովելու համար պատրաստ է նույնիսկ իր կյանքը տալ, դա փաստ է։ Երիտասարդները, այլ աշխատանք չգտնելով, իրենց նվիրում են երկաթ-բետոնե սալիկներ ջարդելու տաժանակիր գործին, ու դրանից գոյացած մետաղները մի քանի հազար դրամով հանձնում են ու մեկ երկու հաց գնելով, վերադառնում տուն։ Սակայն Լոռիում քիչ չեն լինում դեպքերը, երբ այդ նույն պանել ջարդելը ավարտվում է ողբերգությամբ, իսկ այդ մի քանի հազար դրամը ծախսվում է...

Երեկ Սպիտակում տեղի ունեցավ մի դեպք, որը դեռ երկար կհիշվի։ 27 ամյա Անդրանիկ Ջուլհակյանը, ով ևս զբաղվում էր վերը նշված “աշխատանքով”, ապրիլի 26-ին տնից դուրս է գալիս, ու այլևս չի վերադառնում։ Հաջորդ օրը Անդրանիկի հայրը՝ Վաչագան Ջուլհակյանը, դուրս է գալիս տղային փնտրելու, ու տեսնելով, որ տղան ոչ մի տեղ չկա, հիշում է, որ ինչ-որ մի տեղ տղան հաճախ էր երկաթ-բետոնե պանելներ ջարդում, հորը դրա մասին պատմել էր։ Հայրը մեկնում է այդտեղ և ինչ. արմատուրա հանելու ժամանակ պանելը շրջվել է տղայի վրա, տեղում սպանելով նրան։ Որդու դաժան մահից սարսափած հայրը  20։23-ին զանգահարում է ոստիկանության Սպիտակի բաժին և հայտնում կատարվածի մասին, իսկ ոստիկանությունն էլ զանգահարում է ԼՄՓՎ Սպիտակի հրշեջ փրկարարական ջոկատ և հայտնում, որ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը՝ դիակը հանելու համար։ Դեպքի վայրում ներկա էին ԼՄՓՎ Սպիտակի հրշեջ փրկարարները հրամանատար Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ, ներկա էին նաև ոստիկանության Սպիտակի աշխատակիցները՝ անձամբ Սպիտակի ոստիկանապետ Արթուր Շահվերդյանի գլխավորությամբ։



Դիակն առանց վնասելու դուրս բերելու համար անհրաժեշտ էր փրկարարների հմուտ գործողությունները, ինչը և կատարվեց Սպիտակի հրշեջ-փրկարարների կողմից։

Բետոնե պանելը նախ հորատող մուրճի օգնությամբ ծակվեց, այնուհետ կռունկով բարձրացվեց երկաթբետոնե սալիկը, որի տակից դուրս բերվեց 27 ամյա երիտասարդի ճզմված դին։ Դիակի հանման ժամանակ հանկարծ լսվեց որդուն կորցրած հոր ողբը, ով ամեն գնով փորձում էր մոտենալ տղայի մարմնին, սակայն փրկարարները և իրավապահները նրան դա անելն արգելեցին, հեռացնելով տարածքից։

Իրավապահները մեզ հետ զրույցում նշեցին, որ սա Անդրանիկի հետ պատահած առաջին դեպքը չէր։ Մեկ տարի առաջ կրկին “պանել ջարդելու ժամանակ էլի տակն էր մնացել, էդ վախտ շուտ հասանք, փրկեցինք խեղճ տղու կյանքը”։

Մահացածին ճանաչողների փոխանցմամբ, Ջուլհայանների ընտանիքն ապրում է ծայրահեղ աղքատ վիճակում. “Բա որ աղքատ չլնեին, էդ երեխեն ինչի պետք ա պանել ջարդեր ու արմատուրից փող քամեր, դա էլ էն դեպքում, երբ մի անգամ արդեն Անդրանիկն զգացել էր պանելի ծանրությունը”:

ԷԴՎԱՐԴ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ



www.lorinews.com

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.