Tuesday, April 19, 2011

ԽՈՇՈՐ ԱՎՏՈՎԹԱՐ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ


Երեկ ժամը 22-ի սահմաններում խոշոր ավտովթար է գրանցվել Վանաձոր քաղաքում։

Տիգրան Մեծ պողոտայում միանգամից միմյանց են բախվել 4 ավտոմեքենա, որից երկուսը Պրիզ և Էլիտար տաքսի ծառայության մեքենաներն էին։ Վերջինս պատկանում է Վանաձորի քաղաքապետարանի Գույքի կառավարման և եկամուտների հավաքագրման բաժնի պետ Վիկտոր Դարբինյանին։ Բացի նշված մեքենաներից, լուրջ տուժել էին նաև Ֆոլգվագեն տուարեգ մակնիշի ավտոմեքենան (պետհամարանիշերը հանված էին), որը բառի բուն իմաստով մխրճվել էր Վազ 2107 մակնիշի 36 OO 066 պետհամարանիշի ավտոմեքենայի մեջ, այն վերածելով իսկական մետաղի ջարդոնի։

Դեպքի վայր էին ժամանել Լոռու մարզային ոստիկանության պետ Անուբախ Համբարյանը, Վանաձորի ոստիկանապետ Սերգո Ավետիսյանը, Լոռու մարզային ճանապարհային ոստիկանության պետ Մերուժան Կարապետյանը, ով անձամբ էր ղեկավարում աշխատանքները։

Դեպքի վայրում էին նաև բազմաթիվ հետաքրքրասեր վանաձորցիներ, որոնց խոսակցություններից պարզ դարձավ, որ Ֆոլցագեն Տուարեգ մակնիշի մեքենան պատկանում է Լոռու մարզի քննչական բաժնի պետ
Գագիկ Իսպիրյանի որդուն։

Վազ2107-ի վարորդին ծանր վիճակում տեղափոխել են Վանաձորի թիվ մեկ հիվանդանոցային համալիր։ Փորձեցինք հիվանդանոցի փոխտնօրենից ճշտել տուժածի առողջական վիճակը, սակայն վերջինս հրաժարվեց տեղեկություններ տրամադրել։

Մեզ հաջողվեց պարզել, որ տուժածը միջին տարիքի տղամարդ է, որը հիվանդանոց է տեղափոխվել անգիտակից վիճակում։ Հիվանդանոցի աշխատակիցներից մեկի խոսքով, տուժածի մոտ պայթել է փայծախը, վնասվել լյարդը, ինչպես նաև հայտնաբերվել են բազմաթիվ կոտրվածքներ, վարորդի վիճակը գնահատվել է ծանր։

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.