Sunday, April 24, 2011

ՎԱՐՈՐԴՆ ԱՅՐՎԵԼ Է ՄԵՔԵՆԱՅԻ ՄԵՋ


Այսօր գիշեր ժամը 01։55-ի սահմաններում Լոռու մարզի Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի 4-րդ կմ-ում հայտնաբերվել է Վազ 2107 մակնիշի այրված ավտոմեքենա՝ որում եղել է նաև վարորդը։ Նա մեքենայի մեջ լիովին այրվել է։
Գիշերը 01:20-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնից Ստեփանավանի հրշեջ փրկարարական ջոկատ ահազանգ է ստացվում, որ Պուշկինի լեռնանցքում մեքենա է այրվում:

Ոստիկանության օպերատիվ խումբը հրշեջ-փրկարարների ուղեկցությամբ մեկնում են նշված հասցե, սակայն այրվող մեքենան չհայտնաբերելով, հետ են վերադառնում, ահազանգն ընդունելով որպես կեղծ զանգ:

Այնուհետեւ, 2:50-ի սահմաններում, ոստիկաններն իրենց աշխատանքն իրականացնելիս, լրիվ հակառակ ուղղությամբ` Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի 4-րդ կմ-ում, ճանապարհից մոտ 10 մետր հեռավորության վրա, դաշտի մեջ հայտնաբերում են դեռևս այրվող մեքենան և անմիջապես զանգահարում Ստեփանավանի հրշեջ փրկարարական ջոկատ:

Այնուհետեւ, դեպքի վայր են ժամանում փրկարարները, ոստիկանները, ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Անուբախ Համբարյանը, Լոռու մարզի փրկարարական վարչության պետ Հրաչ Անտոնյանը, Լոռու մարզի քննչական բաժնի պետ Գագիկ Իսպիրյանը:

Օպերատիվ քննչական խումբը կատարելով համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, իսկ հրավիրված փորձագետները նաև փորձագիտական աշխատանքներ, վարորդի այրված մասունքները տեղափոխում են դիահերձարան:

Մեզ հետ զրույցում Լոռու մարզի քննչական բաժնի պետ Գագիկ Իսպիրյանը նշեց, որ դեռևս այն, ինչ մնացել է մարմնից, դիահերձարանում է, ճանաչման փուլում, որի արդյունքները ժամեր անց միայն հայտնի կլինեն:

Մեր չճշտված տեղեկություններով, այրված մեքենան եղել է տաքսի ծառայության Վազ 2107 մակնիշի ՏՏ 87 25 պետահամարանիշի ավտոմեքենան, իսկ այրված վարորդը` 1980 թ. ծնված Համլետ Բակոչյանը, որն առայժմ չճշտված տեղեկություններով Ապարանի բնակիչ է:

Մենք հետևում ենք գործողությունների զարգացմանը, ինչպես դիահերձման արդյունքների, այնպես էլ անձի տվյալների, նրա այդ ժամին դեպքի վայրում հայտնվելու մասին դեռևս կտեղեկացնենք:

ԷԴՎԱՐԴ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.