Sunday, April 24, 2011

ԴԵՐ- ԶՈՐԻՑ ԲԵՐՎԱԾ ՄԱՍՈՒՆՔՆԵՐԸ ՀՈՂԻՆ ԵՆ ՀԱՆՁՆՎԵԼ ԿԱՊԱՆՈՒՄ

Նախորդ տարիների պես հազարավոր կապանցիների հետ այսօր Բաղաբուրջի հուշահամալիրում կանգնեցված Հայոց մեծ եղեռնի անմեղ նահատակների հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղիկներ է դրել եւ մեկ րոպե լռությամբ անմեղ զոհերի հիշատակը հարգել նաեւ կենսաթոշակառու, նախկին մանկավարժ Լիդա Դավթյանը, ում մանկության երազանքը Դեր-Զորում լինելն էր:“Կարող է երազանքս շատերի համար անհասկանալի թվա, բայց այդպես է:



Դեր-Զորում լինելու մասին երազել եմ 1968-ից սկսած, երբ դպրոցական երեխա էի: Ընդամենը 14 տարեկան էի, երբ ապրիլի 24-ին եղբորս ու հարեւանի տղայի հետ թռուցիկներ ենք տարածել` թաքուն ամրացնելով պատերին: Ուրախ եմ, որ երազանքս իրականացել է, այն էլ ոչ թե մեկ, այլ երկու անգամ: Առաջին անգամ ազգականներիս հետ Դեր-Զորում եղել եմ 1996-ին` ապրիլի 24-ին մասնակցել Մարագայի մատուռի բացմանը, որի տեղը պատահական չի ընտրված: Մատուռի հիմքում եղեռնի նահատակների ոսկորներն են: Երկրորդ անգամ Դեր-Զորում եղել եմ անցած տարի: Անցել եմ այն բոլոր ճանապարհներով, որով անցել են եղեռնի զոհերը ու զարմացած եմ, թե ինչպես են նրանցից ոմանք 60 աստիճան ջերմաստիճանի պայմաններում կենդանի մնացել: Դեր-Զոր քաղաքում կառուցված Եփրատի երկու ափերին, շատ մեծ հայկական եկեղեցական համալիր կա, ապրիլի 24-ն էլ քաղաքի բնակիչները համարում են հայերի օր”, - պատմում է Լիդա Դավթյանը:Դեր-Զոր այցելությունների ընթացքում Լիդա Դավթյանն իր հետ Կապան է բերել եղեռնի նահատակների ոսկորներ: “Դեր-Զորում մի արաբ երեխա ոսկորներ առաջարկեց գնել, ես շատ վատ զգացի եւ թարգմանչի օգնությամբ երեխային ասացի, որ արաբները ամենածանր ու դժվար պահերին օգնել են հայերին, դա չի սազում իրեն”, - պատմում է տիկին Լիդան:
Առաջին այցի ժամանակ բերած նահատակների ոսկորները տիկին Լիդան իր տանը պահել է մոտ մեկ տարի, որից հետո ապրիլի 24-ին անձամբ է թաղել հուշակոթողի մոտ: Սակայն երկրորդ այցի ժամանակ բերելով ոսկորները, որոշել է արարողակարգով պահ տալ հողին:

Ու այդպես էլ արել է:“Թող այստեղ այցելող յուաքանչյուր հայ ներշնչվի, որ Հայոց մեծ եղեռնի զոհ դարձած իր նախնիների ոսկորները նաեւ այստեղ են հանգչում”… Տիկին Լիդայի համար “անհասկանալի է, անընդունելի, որ այս տարի Սբ Զատիկը համընկավ Հայոց եղեռնի զոհերի հիշատակի օրվան:“Զանգեզուրցիներս ավանդապաշտ ենք, սակայն մանկուց չենք ստացել հոգեւոր կրթություն, եւ շատերս անգամ կնքված չենք ու, իմ կարծիքով, այսօր ավելի շատ սգո օր է: Դեռ շատ տարիներ են պետք կապանցիների համար եկեղեցական տոները հոգեպես ընկալելու համար”, - համոզված է Լիդա Դավթյանը:

ԳՈՀԱՐ ԻՍԱԽԱՆՅԱՆ
Կապան

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.